Ամեն մարդ արժանի է երկրորդ շանսի
Երբ բառերը պակասում են, խոսում են շարժումները: Բայց արդյո՞ք դա բոլորի հնարավորությունների սահմաններում է:
Հետաքրքիր է:
Ոչ բոլորն էլ կարողանում են համտեսել մյուսների բառերը: Դա էդքան հեշտ չի: Բայց շատ դժվար էլ չի:
Իսկ շարժումները լսելը ավելի դժվար է:
Բայց Ջիմինին դա հաջողվում է.
- Յոն Չէ՜...
Նա աչքերն է պտտում ու մտածում՝ էլ որքա՞ն է Չոնգուկը շարունակելու նրան էդպես անվանել:
Չոնգուկը նրանց միջավայր մտավ շատ սահուն: Ասես էդպես էլ պետք է լիներ: Ու, կարծես, ոչ ոք դեմ էլ չէր:
Ջոնգուկը նամակներ է ստանում աղջիկներից, քաղցրավենիք ու խոստովանություններ դպրոցի ետևում: Բայց նա այդ "բեռը" տանում է շատ հանգիստ: Ջիմինը լսել է անգամ, թե ինչպես է նա մերժում աղջիկներին: Խոնարհվում է ու.
- Կներես, բայց ես միտք չունեմ հարաբերությունների:
Աղջիկները գոնե մի քիչ հանգիստ են լինում. Եթե միտք չունի, գոնե իրենց մերժելով, մյուսների հետ շփվել չի համաձայնի.
- Տես է, - Ջեհյոնը՝ պատուհանից նայելով նորեկ դասընկերոջը և զուգահեռ դասարանի "կոկետուհիներից" մեկին, - շաբաթվա մեջ ո՞րերորդ դեպքն է:
- Երրորդ, - պատասխանում է Թեհյոնը՝ ձեռքերն արմունկներով հենած պատուհանագոգին ու ծնոտն էլ՝ ափերի մեջ, - գազ տված քշում են:
- Սիրուն տղա են տեսել, ի՞նչ անենք, - ժպտում է Ջիմինը: Բայց դա Թեհյոնի տրամադրությունը չի բարձրացնում:
- Ինչի՞, ես սիրուն չե՞մ:
Ջեհյոնն ու Ջիմինը միայն իրար են նայում ու ծիծաղում՝ ապշած թողնելով իրենց ընկերոջը.
- Քեզ խանգարում է մենակ մի բան. ամբողջ դպրոցը քեզ ճանաչում է:
Աղջնակը, որ խոսում էր Ջոնգուկի հետ, հեռացավ, իսկ տղան, կարծես զգալով երկրորդ հարկում ընկերների ներկայությունը, գլուխը վեր բարձրացրեց ու քթի տակ ժպտաց՝ ձեռքով անելով:
Ու չափազանց հետաքրքիր մի բան կար օդում: Թե ինչ, պարզ չէր: Այն ընդամենը անցնում է նրանց միջով քամու նման ու խուտուտ տալիս Ջեհյոնի քիթը: Բայց թե ինչ է, նա էլ դեռևս չի կռահում, չնայած կասկածներ ունի:
***
Այ հիմա ցուրտը կոտրվում է: Ջիմինը ձեռքերը տանում է գրպաններն ու նայում ճանապարհին: Մտքերը խառն են: Ոչ մի եզրահանգման չի գալիս: Գարունքը մի տեսակ չի օգնում կողմնորոշվել.
- Կարելի է նրան տանել գետի մոտ, ի՞նչ կասեք:
Ջոնգուկը մի քիչ շուտ էր գնացել, դա հնարավորություն է տալիս ընկերներին մտածելու: Մտածելու, թե ինչպես կարելի է շարժել Ջոնգուկի հետաքրքրությունը, որը կարծես ոչ մի բանի նկատմամբ հետաքրքրություն չունի: Կարծես գիտի աշխարհի բանը: Չի զարմանում, չափից շատ չի ուրախանում, էմոցիաները շատ ցույց չի տալիս: Երևի սովորական բնավորության գիծ է, բայց դա նրանց մի տեսակ հուզում է:
Ջեհյոնի առաջարկին արձագանքում է միայն Թեհյոնը.
- Լավ միտք է:
Մինչ Ջիմինը կանգ է առնում ու կիտում հոնքերը՝ առաջարկի շուրջ մտածելով.
- Հա՞ որ:
- Ինչի՞ չէ:
Ջիմինը մի քիչ ծանր ու թեթև է անում. ախր դա նրա՛նց տեղն է: Գետի ափը հաշտվելու, ջերմանալու, ուրախանալու տեղ է: Էդ տեղը իրենցն է՝ երեքինը, ու մյուս երեքինը, որ կորել են մեծ քաղաքներում.
- Չգիտեմ, - մի տեսակ տարակուսած, - ինձ թվում էր՝ էս տեղը մենակ մերն է:
- Էլի մերն է, - Ջեհյոնը՝ վերհիշելով, - բայց դա հո միանգամի՞ց չի մերը դարձել: Օրինակ՝ ես էլ եմ ուշ իմացել էդ տեղի մասին:
Ջիմինը մի պահ նույնպես վերհիշում է:
Ջեհյոնը ճիշտ է. այդ տեղը նրանցը չէր սկզբնապես: Էդտեղ սիրում էր գալ Նամջունը: Երևի ամեն ինչ սկսվեց այդ պահից, այդ փաստից, "Լուսատտիկների գերեզմանից" ու շարունակվեց մինչև Նոր Տարի: Ու Ամանորից հետո նրանց ոտքը դեռ այնտեղ չի դրվել: Չնայած ցանկություն եղել է: Բայց միայնակ էնտեղ գնալը նշանակում է կորչել: Կորչել սեփական մտքերի մեջ: Ու անգամ չբարձրաձայնել էդ մտքերը: Ու եթե դրանք չբարձրաձայնված են, գետն ինչպե՞ս տանի բառերի տեղատարափը, եթե չի լսել։
Դրա համար Ջիմինը համաձայնում է:
Բայց մտքերը չեն կարգավորվում: Սեբյոլ տատիկի ծնունդն է մեկ շաբաթից, ու նա չգիտի՝ ինչ նվիրել տատին: Ու նա բարձրաձայնում է այդ մտքերը.
- Ես էլ ասում եմ՝ ինչ ես ամբողջ օրը թրջված հավի նման ման գալիս, - Թեհյոնը:
- Դժվար է: Թվում է՝ նա իրեն անհրաժեշտ ամեն ինչ ունի:
- Ըհը, - Թեհյոնը, - համաձայն եմ: Կյանքում էնքան բան կլինի տեսած ու շոշափած, որոնց կեսի կեսը մենք չենք էլ տեսել:
- Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում, - Ջեհյոնը կանգ է առնում ու, ասես աշխարհի ամենաառեղծվածային հարցը գտած, նայում է ընկերներին, - այդ օրն ո՞վ է ընթրիքը պատրաստելու:
Ծիծաղում են: Իհարկե:
Դագլասի ու Թոմի տատիկը հետաքրքիր բնավորություն ուներ: Երբ նրա դուստրը հյուր էր եկել ու կոկիկ դասավորել խոհանոցի բոլոր-բոլոր համեմունքները, բոլոր բոլոր սպասքի պարագաները, բոլոր բոլոր թավաներն ու շերեփները, Դագլասի տատիկը, որ նաև Թոմի տատիկն էր, չկարողացավ այդ երեկո համեղ ուտեստներ պատրաստել: Որովհետև խոհանոցն այն չէր, ինչ մեկ օր առաջ: Որովհետև խոհանոցում ամեն բան իր տեղում չէր: Դրա համար Դագլասը նորից ամեն բան իրենց հին տեղերում դրեց, իսկ տատիկը ուշ գիշերը պատրաստեց աշխարհի ամենահամեղ ուտեստները*:
Ու երևի Ջիմինը հիմա շնորհակալ է ընկերոջը գաղափար տալու համար: Երևի ամեն դեպքում նա ոչ կքանդի, ոչ էլ կխառնի խոհանոցը, բայց կանի մի բան, որով ոչ միայն տատիկը կլինի խոհանոցում, այլ նաև խոհանոցը կլինի տատիկի ձեռքերում:
***
Ձմռան նահանջը դեռ չի ազդարարում ցրտից լիարժեք ազատվելը: Գետի ափին միշտ է էդպես: Նրանք դեռ չեն հասել, դեռ ճամփին են: Գետը, ինչպես միշտ, անփոփոխ գալարվում է ճանապարհի տակ: Չոնգուկը գիտի. Իր՝ էստեղ ապրելու մի երկու ամսվա ընթացքում հասցրել է մի քանի բան նկատել, ուսումնասիրել, չնայած երբեք դա չի բարձրաձայնում ու հարցեր չի տալիս: Թվում է՝ նա ուզում է ամեն բան ինքնուրույն անել: Անգամ իրենց փոքրիկ քաղաքի մասին ինֆորմացիա հավաքելը:
Նա գիտեր, որ գետ կա: Այն երևում է քաղաքի որոշ հատվածներից: Բայց որ կա գողտրիկ անկյուն, հետն էլ դրոշմած "մերը" դրոշմով, իմանում է նոր.
- Ձերը՞:
- Ըհը, - վստահ ասում է Թեհյոնն ու շարունակում, - դա նշանակում է, որ ավել-պակաս մարդ չենք բերում, ականջիդ, - ձգելով ականջը, - օղ արա, - Չոնգուկը հեռացնում է նրա ձեռքը մի ուսի թոթվանքով: Թեհյոնը մի քիչ շվարած է մնում: Չոնգուկը դեռ կամ իրեն լիովին չի վստահում, մտերմություն չի անում, կամ էլ... հնարավո՞ր է՝ ինքն է չափն անցնում: Ամեն դեպքում, Թեհյոնին էդ դիստանցիան դուր չի գալիս:
- Վերջին անգամ հավաքվել ենք Ամանորին՝ մեր սոնբեների հետ, - շարունակում է Ջեհյոնը՝ պայուսակը ուսին դզելով: Հետևից գալիս է Ջիմինն ու շոշափում պայուսակը. Թերմոսը պահում է թեյի ջերմությունը... Թերմոսը պահում է հիշողությունների ջերմությունը:
- Բա ասում եք՝ ձերն է մենակ:
- Սոնբեներն էլ են էլի մերը, - պայծառ ժպտում է Թեհյոնը, - ահա, այստեղ: Իջնե՜նք:
Ջեհյոնն ու ինքը իջնում են: Չոնգուկը նայում է նրանց հետևից, տեսնում է ներքևում օձի նման գալարվող, ոչ այնքան հանգիստ գետը, բայց մնում է տեղում կանգնած, չի իջնում:
Չոնգուկը կանգ է առնում ու նայում իրենց ետևից դանդաղ հասնող Ջիմինին: Ով նայում է ոտքերին ու գտած քարը գլորում: Ում պայուսակում ջերմ թեյն է, ում մտքերում ջերմ հիշողություններ են, ում մտքերում սառը լռություն է: Թախիծը երբեմն իրեն հիշեցնել է տալիս նման պահերին: Ու դա նկատելի է.
- Յոն չե:
Ջիմինը կիտում է հոնքերն ու նայում նրան.
- Հերիք է, վա՛յ, ե՞րբ ես դադարելու էդ անունը տալ:
Չոնգուկը նայում է նրան մի պահ լուռ: Չի ժպտում, կատակն էլ ծիծաղելի չի թվում: Ինչ-որ ճշմարտություն կա նրա ասածի մեջ: Ինչ-որ բան է ուզում բարձրաձայնել, բայց էդպես էլ չի ասում: Ճշմարտության քթից բռնել է ամուր ու չի բարձրաձայնում.
- Արի, չես փոշմանի:
Հնարավոր է նաև փոշմանի:
***
- Էս մեր գողտրիկ անկյունն է: Գաղտնի ու գողտրիկ, - Ջեհյոնն է: Ըմպում է տաք ըմպելիքն ու ներկայացնում Չոնգուկին իրեն ոչ այնքան վաղ ծանոթ վայրը, - էստեղ ես եղել եմ Ամանորին՝ տղերքի ու սոնբեների հետ:
- Գալը եկել էր, դու ասա ոնց էր եկել, - որոշում է լրացնել Թեհյոնը, իսկ Ջեհյոնն ու Ջիմինը նրան են նայում հոնքերը կիտած, ուշադիր, որ հանկարծ եթե ավել բան ասի, բերանը էդ պահին ևեթ փակեն, - դրանից օրեր առաջ վիճում են ինքն ու Ջիմինը, քանի օր էր չէին խոսում: Հենց էդ օրն էլ բարիշեցին:
Չոնգուկը նայում է նրանց, ուշադրությունը կենտրոնացնում մեկ Ջիմինի, մեկ Ջեհյոնի վրա. ինչ որ բան էն չէ: Նա կարծում է, որ նրանք վիճելու առիթներ չպիտի ունենան.
- Ջեհյոնն ու Ջիմինը՞: Էդ ի՞նչ պիտի լիներ, որ օրերով չխոսեիք իրար հետ:
Մի պահ բոլորը լռում են: Չոնգուկը զարմանում է: Լռությունը ոչ էն է լարված է, ոչ էն է՝ չէ: Թեհյոնը պատմությունը չի շարունակում, իրեն իրավունք չի վերապահում: Համենայն դեպս՝ իրականությունն ասել ոչ ոք չի կամենում, դրա համար էլ, երևի, լռում են: Ջիմինն էլ վստահում է նրանց լռությանը: Չոնգուկը ինչ-որ տեղ հասկանում է, որ կան բաներ իրեն չվերաբերող, կան թեմաներ, որ իրեն չեն վստահվելու, կան դեպքեր, որոնցում ինքը ժամանակակից չի լինելու, պահի հերոս չի լինելու, նրանց հետ չի կիսել ու կիսելու: Նա հասկանում է, որ նոր է, ու ընկերությունն ինչքան էլ լավ բան է, որոշ բաներ այդպես էլ կմնան մյուսների մեջ. Ջիմինի, Ջեհյոնի ու Թեհյոնի: Ինքն էդտեղ չկա:
Դա նորմալ է:
Բայց գիտակցելը՝ ցավոտ:
Ջեհյոնը խախտում է լռությունը.
- Ես... Մի սխալ ժեստը մեծ սխալի պատճառ կարող է դառնալ: Ես էդ ժեստն արել էի ու վիրավորել Ջիմինին:
- Բայց էդ արդեն անցյալում է, - ժպտում է Ջիմինը, - որովհետև հաշությունն ավելի մեծ հետք է թողել իմ մեջ: Էնպես որ: Մենք էլ նենց ոչինչ, մեղավոր էինք: Բայց դա անցել ենք:
- Ի դե՜պ, - արթնանում է Թեհյոնը՝ քարը գետը գցելուց հետո: Անհրաժեշտ է փոքր-ինչ թեքել թեման: Թե չէ նա էլ է վախենում, որ կարող է ավել բան ասել, - ինձ համար էսքան ժամանակ մի հարց բաց մնաց. Յունգի-հյոնը ո՞նց էր քեզ համոզել, - հարցն էլ ուղղում է Ջեհյոնին:
Նա մի պահ լռում է, ու թե ինչ են խոսել Յունգի հյոնի հետ չի բարձրաձայնում: Բայց աչքերի առաջ ֆլեշբեքներ են գալիս: Յունգիի հանգիստ կեցվածքը, թքած ունենալու արվեստին թվայցյալ տիրապետելն ու ազդեցիկ խոսքը նրան տարան քայլերի.
- Ամեն մարդ արժանի է երկրորդ շանսի:
Աչքերի առջև Յունգին է.
- Ես շատ բան ասել չեմ կարող, - ասում էր նա, - մանավանդ, որ սա իմ գործը չի: Ես առհասարակ ինչ-որ խորհուրդ տալու իրավունք չունեմ: ՉԵմ էլ սփոփելու, - Յունգին սովոր չէր, խոսում էր անվստահ, - ամեն մարդ երկրորդ շանսի իրավունք ունի: Ամեն մեկդ ձեր կյանքն ունեք ու ամեն ինչ կհարթվի իր ժամանակին, - Յունգին լռում էր էդ պահին, իսկ Ջեհյոնն իսկապես ոչ մի պիտանի խորհուրդ չէր սպասում: Սխալվեց: Երկրորդ անգամ: - Երբևէ Ջիմինին կոտրված տեսե՞լ ես:
Հարցը տեղատարափ է ստեղծում: Ջեհյոնն ուզում է հիշել: ԲԱցի ժպիտից ոչինչ չի հիշում: Բացի օգնությունից ոչինչ չի հիշում: Բացի աջակցությունից ոչինչ չի հիշում: Ջիմինը երբեք չի տրտնջացել, "լա՞վ ես" հարցին երբեք "վատ" չի պատասխանել: Ջիմինի կոտրվելը նա չի պատկերացրել.
- Ինձ թվում է՝ ես մի անգամ ականատես եղել եմ: Պատահաբար: Ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ տեղում, - հետո քմծիծաղեց, - Ինձ թվում էր՝ մենակ ես եմ նրան նեղացնում... Բաներ կան՝ ծնողների հետ կիսել չենք կարող: Մարդուն պետք է ոչ թե օգնել փախչել իրականությունից, այլ յոլա գնալ իրականության հետ: Եթե նրա կողքին մարդ չլինի, իրականությունից փախուստը ոչ թե կփրկի, այլ ավելի ծանր կազդի:
- Թեհյոնը նրա կողքին է:
- Երբեմն մի մարդը հերիք չի փրկության համար:
Յունգին փիլիսոփա չի, Յունգին անգամ համոզել չգիտի, դժվար է խոսում, բայց Ջեհյոնին էդքանը հերիք էր:
Չոնգուկը լավ չի հասկանում նրանց: Չոնգուկը չգիտի՝ ով է Յունգին, ինչ դեր ունի նրանց կյանքում: Չոնգուկը միայն զգում է, որ ինչ որ ազդեցություն ունի յուրաքանչյուրի վրա: Ու Չոնգուկը նկատում է դա, նկատում է նաև երկուսի լուռ, ինչ-որ բան ասող հայացքները ուղղված մեկին՝ Ջիմինին:
Ջիմինը ժպտում է լուռ՝ նայելով նրանց:
Ինչ-որ բան կա նրանց մեջ: Ինչ-որ բան, որ միայն նրանք գիտեն: Չոնգուկը դա կռահում է: Ինչ-որ տեղ հասկանալի է. կան պահեր, որոնց ժամանակակիցը նա չի լինի, կան գաղտնիքներ, որոնք իր հետ չեն կիսվի... կան մարդիկ, ովքեր իրենը չեն լինի:
Ու կա էգոիզմ:
Նա երկրորդական դեր ունենալ չի ցանկանում.
- Ես տեղափոխվել եմ ոչ թե էն պատճառով, որ հորս պաշտոնն են փոխել, այլ էն պատճառով, որ կոնֆլիկտները շատ էին, - երեք զույգ աչք հայացքն է կենտրոնացնում նրա ուղղությամբ: Եվ երեք զարմացած ընկեր, - Չեմ կարծում, որ էդպես մեծ ազդեցություն են թողել ինձ վրա էդ կոնֆլիկտները: Ես իմ հարցերը կարողանում էի լուծել: Մաման չէր կարողանում տեսնել ինձ կապտուկների մեջ:
- Ծնողներդ... բաժանվե՞լ են, - չի դիմանում Թեհյոնը, չնայած ընկերների զսպող հայացքները նրան են ուղղված:
- Չէ: Նորմալ հարաբերություններ ունեն: Պապան Պուսանում է դեռ, աշխատում է, շաբաթվա վերջում գալիս է: Նա թույլ չէր տա, որ ես ոտնատակ անցնեմ: Խփում են, դու էլ խփիր: Վատ բան են ասում, դու էլ ասա: Վատ բան են անում, պատասխան տուր: Լսողական սարքս դեռ միջին օղակում կարող էր կորչել: Մեկը կորչում էր, շաբաթներ շարունակ գալիս էի դասի առանց լսողության: Նորից էինք գնում էդ անտեր ապարատը: Մինչև որ պապան հասկացրեց, որ մարդիկ պետք է պատասխան տան արածների համար, - Տղերքը լսում էին ուշադիր, ու թվում է՝ ոչինչ չէր կարող խանգարել նրանց, - Ավագ դասարանում քիչ էր էդ ամենը, բայց քաղաքում մարդիկ ավելի վտանգավոր են: Ավելի շատ են էն մարդիկ, որոնք սպասում են թուլանալուդ: Քաղաքի դպրոցը պայքար է գոյության, ինչը էստեղ չկա: Մաման համոզեց տեղափոխվել: Չնայած՝ դժվար չեմ համոզվել: Համարյա ընկերներ չունեի:
- Այսինքն, - Ջիմինը, - էստեղ քեզ ավելի՞ լավ ես զգում:
Չոնգուկը նայում է նրան ու չգիտի՝ ինչ պատասխանել: Երկար է նայում.
- Հե՜յ, - աչքերի առջև ձեռքն է թափահարում Թեհյոնը, - արթնացիր:
- Երևի՞: Համենայն դեպս էդքան էլ տհաճ չեք:
- Օ, ինչպիսի՜ պատիվ:
Մի պահ բոլորը լռում են: Ջիմինը մի քիչ նրան հասկանում է: Ոչ լիովին: Ուղղակի հասկանում է մի բան. Մարդիկ իրարից տարբեր են: Չէ, չէ, դեռ շարունակում է համոզված լինել, որ արմատապես իրարից տարբեր մարդիկ չկան, բայց կան բնավորության գծեր, որոնք իրար նման լինել չեն կարող: Ջիմինը հասկանում է, որ ինքն իր մեջքի հետևում մեծ ու ազդեցիկ խնդիրների չի ունեցել: Ունի սիրող ընտանիք, ընկերներ, ապագայի փոքրիկ ուրվագիծ: Ու մի նեղացնող փաստ, որ էսպես թե էնպես իր մասին է, շատերը կարող են ընդունել, կարող են՝ չէ: Ու նա հասկանում է, թե ինչու է Չոնգուկը նրան անվանում Յոնչե, չի սիրում սպասումներ, կտրուկ է որոշումների մեջ: Ինքն ուղղակի էդպիսին է, որովհետև այլ ելք չուներ: Գոյության պայքարում պետք է ապահովել գոյությունը: Նա դա շատ լավ է կարողացել: Կարողացել է՝ կտրվելով ճնշող փաստերից, երևույթներից, մարդկանցից: Ու նա, կարծես, չի փոշմանում: Արագ է ադապտացվում նոր կյանքին՝ անգամ սպասելիքներ չունենալով, որ կարելի է նոր ընկերներ, նոր ծանոթություներ, նոր միջավայր ստեղծել: Նա չի կարոտում, որովհետև քաղաքում կարոտելու ոչինչ չի թողել: Սեփական հարմարավետությունը կարևոր է դարձել կարոտից էլ, սպասումից էլ, մարդկանց նկատմամբ վստահություն-անվստահություն խաղալուց էլ: Չոնգուկն ու Ջիմինը հակապատկերներ են: Բայց Ջիմինը հիմա՝ գետի ափին, նրա անկեղծությունից հետո փորձում է հասկանալ: Հասկանալ, որպեսզի ավելորդ ոչինչ իրեն թույլ չտա: Բայց արդյո՞ք Չոնգուկը զգուշավոր է այդքան.
- Միջավայր փոխելն ինձ համար դժվար չի եղել: Ես հիմա էլ չեմ ուզի կապվել մի վայրի հետ, որից վաղ թե ուշ հեռանալու եմ, ու կարծում եմ՝ դա ճիշտ է:
Ջեհյոնը չի դիմանում.
- Ինչու՞ ես էդքան բանը պատմում:
Իսկ Չոնգուկը.
- Ուղղակի ուզում եմ իմանալ՝ ինչ է եղել երկուսիդ միջև:
Ասել որ եռյակն ապշած է, նշանակում է ոչինչ չասել: Նրանցից և ոչ ոք չէր սպասում նման ուղղախոսության: Անձնական տարածք մտնելուն: Ախր իրենք էլ Չոնգուկի կյանքից ոչինչ չեն հարցնում, ապա ինչպե՞ս ստացվեց, կամ արդյո՞ք նրանք ցույց են տվել, որ կարելի է անցնել նման սահմանը: Նրանք նորեկին չեն խղճում, քավ լիցի, ծանոթացել են բնավորությանը, բայց նման վարք թույլ էլ չեն տվել.
- Ոչ տարավ, ոչ բերեց, ուղիղ ճակատներիս, - Թեհյոնը:
- Իհարկե կներես, - Ջիմինը նրան է նայում հոնքերը կիտած, - բայց չե՞ս կարծում, որ քաղաքավարի չի նման վերաբերմունքը:
- Իհարկե ներում եմ, - նույն կերպ, սառը, - բայց մի լավ խոսք կա. Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք: Ասեմ ավելին, տարեսկզբին ես չեմ սկսել ձեզ հետ ընկերություն անել, այլ՝ դուք: Ինձ դրանից ոչ տաք, ոչ սառը, բայց ես ձեզ ուղղակի ծանոթ կամ դասընկեր չեմ կարող համարել: Ինձ թվում է՝ ավելի մոտ եք "ընկերներ" բացատրությանը: Դրա համար կարծում եմ, որ արժանի եմ իմանալ:
- Նա է գժվե՞լ, թե՞ մենք:
Ջիմինը կարծես պայթում է նրա նման վերաբերմունքից: Ու հիմա թքած ունի՝ Չոնգուկը կիմանա նրա պատմությունը, թե չէ, բայց կա սկզբունք: Էս պահին նա կլինի այնքան պնդաճակատ, որքան որ Չոնգուկն է:
- Կարո՞ղ է մարդկանց հետ շփումդ էլ չի լավ ստացվում, դրա համար ես դպրոցդ ու քաղաքդ փոխել, - Չոնգուկի դիմամկաններից մի քանիսը լարվում են, - Եթե քեզ թվում է անձնական սահմանը հատելու իրավունք ունես էն պատճառով, որ ընկերներ ենք, չարաչար սխալվում ես: Կարող է՝ ես ընդհանրապես չեմ ուզում, որ դու էդ գաղտնիքի մեջ լինես, կարող է ես քեզ չեմ վստահում ընդհանրապես:
- Բա էլ ինչու՞ եմ էստեղ:
- Էդ հարցով դիմիր արդեն Թեհյոնին ու Ջեհյոնին:
Եվ իսկապես, Թեհյոնն ու Ջեհյոնը կարծես փոշմանեցին իրենց որոշման համար.
- Ինչ-որ ֆլեշբեքեր են մոտս:
Ջեհյոնը հիշում է գրեթե նույն իր վերաբերմունքը, երբ Ջիմինի գաղտնիքը գիտեր միայն Թեհյոնը: Հիշում է՝ ինչպես էր ուզում ստիպել Ջիմինին բացել խաղաքարտերը: Հիշում է նեղվածությունը, զայրույթն ու Միյոնին, Նամջունին, Յունգիին: Մարդկանց, ովքեր ուղեղը տեղը բերին: Բայց վախենալու է մի բան. իսկ եթե Չոնգուկի խելքը տեղը չգա: Իսկ եթե Ջիմինն էլի նույն բանի միջով անցնի: Լավ, դեռ քանի՞ անգամ է Ջիմինը դրա միջով անցնելու.
- Հեյ, - նա իվերջո դիմում է Չոնգուկին, ու շատ զուսպ և լուրջ, - ամիսներ առաջ ես նույն կերպ զայրանում էի, որ ինձ էլ շատ բան չեն ասում: Հետո հասկացա, որ արժանի էլ չեմ: Քեզ մի պահիր ապուշի պես: Քիթը խոթելը երբեմն լավ բաների չի բերում: Որովհետև իմանալուցդ հետո եթե բան փոխվի, ես ոչ թե մեզնից մեկի քիթն եմ ջարդելու, այլ հենց քո: Բարի եղիր, էս թեման էլ չշոշափես:
Չոնգուկը նայում է մեկ նրան, մեկ Ջիմինին ու նրանց արանքին դեռ շվարած նստած Թեհյոնին: Ջիմինը, կարծես, զայրացած է: Ջեհյոնը փորձում է իրեն զուսպ պահել: Իսկ Թեհյոնը վերջապես ուշքի է գալիս: Չոնգուկը հետ չի կանգնում.
- Ոչինչ, առաջին անգամը չի դեմքիս կապտուկ լինի:
- Դու, ի՞նչ է, - Թեհյոնը, - ինքնապաշտպանական ոչ մի բնազդ չունե՞ս:
Չոնգուկը նրան է նայում, բայց արհամարհում.
- Ձեր Յունգի հյոնի հետ էլ ինչ-որ կապ ունի, չէ՞:
- Հե՛յ, - Ջիմինը տեղից վեր է կենում ու շարժվում ուղիղ դեպի նորեկը, ով մնում է նստած նույն կոճղին՝ վարից վեր նայելով դասընկերոջը, - համը մի հանիր:
Չոնգուկն էլ է կանգնում.
- Ուրեմն ճիշտ տեղ սեղմեցի:
- Ես գիտեի, որ քեզ էստեղ բերելը սխալ միտ...
- Վաղ, թե ուշ բոլոր գաղտնիքները դառնում են բացահայտ: Ես չեմ ուզում իմանալ նրա համար, որ ինչ որ մեկին ինչ որ բան խաբար տամ, կարծում եմ՝ դուք էլ եք դրանում համոզված:
- Ես էլ ոչնչում համոզված չեմ, - Թեհյոնը: Բայց Չոնգուկը նայում է միայն Ջիմինին:
- Եթե իմ հարցը ցավոտ է, չեմ շարունակի: Էս հարցուփորձն էլ նրա համար չի, որ ինչ որ մեկիդ վիրավորեմ: Ընդամենը ինֆորմացիան ինֆորմացիայի դիմաց:
Ջիմինն այլևս չի կարող հանդուրժել.
- Կյանքը սառը դատողություններից ու չոր հաշվարկից չի կազմված, Չոնգուկ-շի: Երբ նման հարցերն ուղիղ ճակատին են տալիս, բնականաբար դա անսպասելի է ու միաժամանակ փակուղի գցող: Ես, հնարավոր է, գիտեմ, որ քո նպատակը ուրիշներին խաբար հասցնելը չի, բայց արի խոստովանենք. մենք երբեք մեկս մյուսին խոսք չենք տվել լինել անկեղծ ու բացել բոլոր գաղտնիքները: Ապրես, որ կիսվեցիր քո կյանքի դրվագներով, բայց ես էդպես չեմ կարող: Էս պահից դու անվստահելի ես, որովհետև փորձում ես ջարդել էն դուռը, որը մենակ ես կարող եմ ներսից բացել: Մի արա էդպես:
- Բայց դու դրա կարիքն ունես...
Ջիմինը շվարում է: Նայում է նրան զարմացած: Չոնգուկն ինչու՞ է նրան շնչահեղձ անում: Այնքան դիպուկ է, այնքան աներես, որ... Որ ամեն դեպքում չի զայրանում: Նեղանում է: Նեղանում է ինքն իրենից, որ էդքան բացահայտ է: Որ շատերը շատ հեշտ կարող են նրան կարդալ, եթե մի քիչ ջանք գործադրեն: Չոնգուկն էդ ջանքը գործադրել է:
Կողքից հեռախոսազանգի ձայն է գալիս. Թեհյոնի հեռախոսն է: Նա շատ դժվարությամբ վերցնում է հեռախոսն ու տեսնում անունը.
- Հոբի-հյոնն է:
Ու ոչ ոք տեղից չի շարժվում:
- Վերցրու, ու՞մ ես սպասում, - Ջեհյոնը:
Խոսափողի այն կողմում, պարզվեց, կամ էլ ինչպես հարկն է, Հոբի-հյոնի ուրախ ձայնն էր, նախատող խոսքերը, որ հյոներին անհրաժեշտ է շուտ-շուտ հիշել, ու, պարզվեց, Յունգի հյոնը, որին միացրեց Հոբին որպես երրորդ խոսափող:
Խոսափողի այս կողմում Թեհյոնի մոլորված ձայնն է, նրա առջևում լարված երկու "ընկեր", որոնցից ավելի լարված է Ջիմինը: Ու ում ուսերը անկախ իրենից են թոթվում՝ լսելով Յունգի անունը:
Թեհյոնն ասում է, որ իրենց տեղում են, որ բերել են իրենց ընկերոջը... էդքանը: Հոսոկն ասում է, որ մեծ հաճույքով կծանոթանա, երևի փոխանցում է այդ ընկերոջ նորությունը նաև Յունգիին, հեռախոսը դնոլ է տալիս բարձրախոսի վրա ու ստիպում նրան բարևել կրտսեր ընկերներին:
Բարևը լսվում է: Ոչ պարզ, քթի տակ, խռպոտ ձայնով: Լսվում է:
Ջիմինի ականջներում լսվում են երկու ձայն. Յունգի-հյոնի բարևն՝ ականջներում, ու սեփական սրտինը՝ կոկորդում: Չէ... երեքը. Դու դրա կարիքն ունես: Հայացքը բարձրանում է դեպի Չոնգուկն, ով ուշադիր հետևում է նրա էմոցիաների ու շարժումների յուրաքանչյուր փոփոխությանը: Անհարմար է: Չոնգուկը նրան կարդում է շատ հեշտ: Նա դա գիտի, ու արդեն կռահում է նաև, որ Չոնգուկը հասկանում է ամեն բան:
- Մի շանս էլ դու տուր, - ասում է նա:
- Բա մյու՞սն ով է տվել, եթե մեկն էլ ես տամ:
- Եսիմ... Երևի մերոնք, որ ինձ հենց էստեղ են տեղափոխել:
Ջիմինը պարզապես լռում է: Ոչ թե նրա համար, որ ծանր ու թեթև է անում, այլ ուղղակի ոչ մի միտք չունի գլխում, մանավանդ Յունգիի ձայնը լսելուց հետո.
- Մի շանս, Ջիմին: Ամեն մարդ արժանի է երկրորդ շանսի:
