24 страница29 апреля 2026, 00:26

երևի մարդու հոգում էլ է գարուն լինում

Թեհյոնը Ջիմինից ներողություն չի խնդրում: Մնում է իր կարծիքին. ամեն ինչ ճիշտ է արված: Ամեն բան տեղը կընկնի: Բայց Ջիմինը չի հասկանում՝ ուզում է ներել նրան, թե՝ արդեն ներել է: Չի հասկանում՝ անհրաժեշտ էր ռիսկի դիմել, թե էս էդ դեպքը չի:

- Գարունքանում է:

Սեբյոլ տատիկի սիրելի խոսքերից է: Տղերքը նայում են Ջիմինին ու չեն հասկանում՝ որտեղից նրան էդ բարբառը: Գարունքանում է, ու ձյուն է գալիս: Ու՞ր է էդտեղ գարուն.

- Օդի ցուրտը կոտրվել է մի տեսակ:

Ջեհյոնն ու Թեհյոնն էլի իրար են նայում:

Իրենց փոքրիկ քաղաքի փոքրիկ զբոսայգու գլխին մանր-մանր ալյուր է մաղվում: Նստում է գետնին ու վերափոխվում, բարեփոխվում, համ ու հոտ ստանում, դառնում շաքարի փոշի: Հետո էդ շաքարի փոշին հալվում է տաք բլիթների վրա ու փայլփլում:

Թվում է՝ ձմռան բլիթ է, բայց չէ.

- Չէ, իրոք, գարունքանում է:

- Դեռ փետրվարն է, ի՞նչ գարունքանալ:

Փետրվարի կեսերն է: Իսկապես: Երևի մարդու հոգում է գարուն լինում, դրա համար էլ նա մտածում է, որ դրսում էլ է գարունքանում.

- Հետո էլ քեզ լսու՞մ ես, - Թեհյոնը ոտքը դնում է ձյանն ու նայում ոտնահետքին, - գարունքանում է: Էդ պապական բառերը որտեղի՞ց ես գտնում:

- Պապերից ու տատերից, - Ջեհյոնը, - պարզ չի՞:

Երևի մարդու հոգում է գարուն լինում, չնայած ցուրտ ձմռանը, ու չնայած նեղված հոգի է, թվում է՝ կոտրված հոգի է, բայց, պարզվում է, փշրված չի: Դրա համար էլ գարունքը մնում է:

Ոչ ոք չի բարձրաձայնում ներսը խժռող հարցերը: Իսկ դրանք բազմազան են: Յունգի հյոնի գնալուց հետո ոչ ոք ոչ մի հարց չի բարձրացրել։ Ու դրանք բազմազան են ոչ միայն Թեհյոնի ու Ջեհյոնի մտքերում։ Դրանց տեղատարափը չի դադարում նաև Ջիմինի մտքերում. ի՞նչ անել այսուհետ։ Արդյո՞ք նա կարդացել է։ Ի՞նչ կպատասխանի։ Կամ, երևի, չի էլ պատասխանի՞։ Կարհամարհի՞:

- Հեյ, - Թեհյոնը, - մենք, ոնցոր, մի տարով էլ ենք մեծանում։ Մյուս տարի շրջանավարտ ենք լինելու, բայց ես ոչինչ չեմ պատկերացնում։

- Ինձ թվում է' մեզնից ոչ ոք չի պատկերացնում ինչ է լինելու հետո, - Ջեհյոնը, - բայց ես գիտեմ' ինչ եմ ուզում...

- Մեծ տուն...

- Լավ աշխատանք...

- Շատ երեխաներ։

Մեկը մյուսին լրացնում են Թեհյոնն ու Ջիմինը' կռահելով, թե ինչ պիտի ասեր իրենց ընկերը։ Ջեհյոնը աչքերն է պտտում.

- Դա իր հերթին։ Ընդունելության մասին եմ ասում։

- Ա՜հ, - Թեհյոնը հուսահատված է։ Թեհյոնը բացարձակ չի պատկերացնում, թե ով է ինքը, ով է ուզում լինել հետագայում, ինչ մասնագիտություն է ուզում ունենալ։ Թեհյոնն ուղղակի ուզում է աշխարհով պտտվել ու վերջում վերադառնալ իրենց փոքրիկ քաղաք։ Երևի դա կօգնի նրան կողմնորոշվե՞լ, - դրա ժամանա՞կն է արդեն։

- Ու ինչ ես որոշե՞լ, - Ջիմինը ձեռքը հանում է գրպանից, հայացքն ուղղում դեպի դպրոցի շենքը, որի կողքով անցնում էին։ Մտքով անցնում է պայծառ ամառն ու բասկետբոլի դաշտում խաղացող Յունգին։

Շատ դանդաղ է գարունքանում, շատ արագ է սիրտը ամառ ուզում:

- Խաղերի ստեղծում, իլյուստրացիա, նման բաներ։

- Օ՜, քեզ քո նկարելու ունակություններն էլ կօգնեն դրանում։ Ընտիր է:

Ջիմինը, Թեհյոնի նման, չի կարողանում կողմնորոշվել նույնպես: Չգիտի՝ ինչն է իրենը: Չգիտի՝ ինչպես է դասավորելու ապագան: Մտածում է՝ ինչ էլ որ լինի, ապագան կդասավորվի, բայց թե ինչպես... այդ է խնդիրը.

- Դու՞ք, - Ջեհյոնի հարցից երկուսն էլ մի պահ լռում են:

- Երևի էքսկուրսավար դառնամ, դրա համար ու՞ր են դիմում, ի՞նչ բաժին: Օֆիսային գործ հաստատ չեմ ուզում:

- Մենք կզարմանայինք, որ դու նստած գործ ուզեիր, - Ջիմինը ծիծաղում է, իսկ հետո կենտրոնանում սեփական մտքերի վրա, - ես չգիտեմ: Ընդհանրապես չեմ կողմնորոշվում: Ոչինչ լիարժեք չեմ կարողանում: Կամ շատ բան է ձգում, բայց ժամանակավոր հոբբի է դառնում, հետո հետաքրքրությունը կորչում է: Ամեն բան պահի տակ է մտքիս գալիս, մի քիչ զբաղեցնում ինձ, հետո էլի կորչում: Մտածում եմ՝ բա որ մասնագիտություն ընտրեմ ու ընդամենը մի պահ սիրեմ դա: Բա որ հետո ուրիշ բան ուզեմ ու ուշ լինի:

- Ինչ վատ է, չէ՞: Մեր վզին կարծրատիպեր են փաթաթում, ու տուժում ենք մենք: "Չի կարելի համալսարանը կիսատ թողնել, էդքան փողն ինչի՞ համար է։ Բա որ չէիր սիրում, ինչու՞ ընդունվեցիր", - Թեհյոնը ծամածռում է դեմքը, ապա ձգվում, - իսկ դու ոչ ոքի մի լսիր: Տես՝ որն է քեզ ավելի հոգեհարազատ: Ուսուցիչներից հարցրու, կարող են խորհուրդ տալ: Ամեն դեպքում, ճամփի կեսին կանգ առնելը մեղք չի:

- Իդեպ, լավ ասացիր։ Մենակ տեսնես' աչքերդ ոնց են փայլում գրականության ժամերին։

- Ես էլ եմ նկատել, - ոգևորվում է նաև Թեհյոնը, - այնպես ես մեկնաբանում ամեն կարդացած գործ, որ հաստատ դասարանում ոչ ոք էդպես չի մեկնաբանում:

- Բայց դա ուղղակի անձնական կարծիք է դրանց նկատմամբ, ոչ թե ինչ որ գերունակություն:

- Բայց ո՞վ է ասել, որ գերունակություն է պետք: Ուղղակի մտածիր մի քիր էդ ուղղությամբ, հետո կորոշես:

Իրենց փոքրիկ քաղաքի փոքրիկ զբոսայգու գլխին մանր-մանր ալյուր է մաղվում: Նստում է գետնին ու վերափոխվում, բարեփոխվում, համ ու հոտ ստանում, դառնում շաքարի փոշի: Հետո էդ շաքարի փոշին հալվում է տաք բլիթների վրա ու փայլփլում:

Թեհյոնը կանգ է առնում.

- Ես էլ չեմ դիմանում, - ու կանգ են առնում նաև մյուսները: Ջեհյոնն էլ նայում է մի տեսակ մեղավոր հայացքով, ասես ինքն էլ է հանցագործություն կատարել, իսկ Ջիմինը չի էլ զարմանում, - ես ասել եմ, որ ներողություն չեմ խնդրելու, բայց նենց տպավորություն է, որ աշխարհի ամենածանր մեղքն եմ գործել, - հոգոց ու, - ձեն-ձուն չկա՞:

Ջիմինը նայում է նրան, հետո հայացքը փոխվում է, ընկնում ծառի շուրջ մոլորված պտտվող ճնճղուկին, որ իր տեղը չի գտնում: Երևի մրսում է: Կամ բույնը փնտրում: Կամ էլ ուտելիք:

Ձմեռը նեղացնում է ոչ միայն Ջիմինին.

- Ուզում ես, որ ի՞նչ լինի:

- Դե...

Բայց Ջիմինը նրան խոսել թույլ չի տալիս.

- Ես չեմ զարմանա, եթե ընդհանրապես ոչինչ չպատասխանի: Իբրև չգիտեք նրա բնավորությունը, - մեղմում է իրավիճակը ժպիտով, բայց էդ ժպիտը, երեքն էլ հասկանում են, պոկված էր տխրությունից, - երևի չարժի էլ սպասել: Իսկ եթե սպասել, ապա ոչ այն, ինչի ակնկալիքն ունեմ, - ճնճղուկը մի քիչ էլ է պտտվում ճյուղերի շուրջ, հետո անցնում մյուս ծառին: Ջիմինը նրան խղճում է. երևի մրսում է, - տատն ասում է՝ մարդ պիտի իրեն նենց պահի մյուսի նկատմամբ, որ գոնե բարևի տեղ մնա: Կարծում եմ՝ իմ ու Յունգիի բարևներն ավարտվեցին:

***

Դասազանգի հետ աղմուկը չի դադարում: Այն դադարում է միայն այն ժամանակ, երբ ներս է մտնում ուսուցիչը ու հարվածում ամբիոնին: Բոլորը բացում են գրքերը, տետրերը, մի մասի համար մեկ է ամեն բան, իսկ ուսուցիչը դասը չի սկսում գրքերից.

- Նոր աշակերտ ունենք: Ինքը կներկայանա:

Մի պահ աղմուկը էլի գլուխ է բարձրացնում, բայց հետո այն դառնում է քչփչոց: Քչփչում են աղջիկները, Ջիմինը նայում է անտարբեր, Թեհյոնը, որ նրա կողքին էր նստած, նայում է ուշադիր, քթի տակ շշնջում՝ դզե՜ց: Ջիմինը քմծիծաղում է.

- Ի՞նչը դզեց։

- Հեչ 17-ի նման չի, կարո՞ղ է մեծ է ավելի։

Հա, տեսքից ավելի թիկնեղ էր ու հասուն։

Իսկ հետո նա ներկայանում է. Չոն Ջոնգուկը նայում է հանդարտ, վստահ, ձեռքերը մեջքի հետևում։ Իսկ հետո ուսուցչի ձայնը հուշում է.

- Նա յուրահատուկ աշակերտ է, լսողության հետ փոքրիկ խնդիր ունի, հարգալից եղեք ու օգնեք, որպեսզի ընտելանա։

Ջիմինն ուշադիր է նայում։ Բոլորն են ուշադիր նայում։ Հատկապես, երբ նա ուղղվում է դեպի ուսուցչի ցույց տված տեղը.

- Միյոն, նրան կներկայացնես դպրոցն ու կարգուկանոնը:

Ուսուցչի խոսքը ոգևորության նոր ալիք է առաջացնում: "Ինչու է աղմկում գետը" շարունակում է միջամտել անպոչ գդալի պես.

- Էդ դեպքում պիտի Ջեհյոնին ասեք:

Միյոնը վարդագունում է: Ջեհյոնը "գետի" վրա թղթե գնդիկ նետում, Թեհյոնն էլ է ծիծաղում, իսկ Ջիմինը նայում է նորեկին: Հետաքրքիր է։ Ջիմինը նրան նախանձում է։ Որովհետև նա գիտի իր թերությունը... չէ, դա թերություն չի։ Պարզապես էդպես լինում է։ Էդպես լինում է, ու նա շատ հանգիստ է։ Ասես չի լարվում, նայում է հստակ, կանգնում է ձիգ։ Ջիմինը նրան նախանձում է։

Դպրոցը քննարկելու նոր թեմա ունի:

***

Ջիմինի ձեռքին Լի Գվան Սուի "Անսրտությունն"* է: Հանձնարարվել է նախապես կարդալ, կարծիք հայտնել, ապա նոր հասկանալ իմաստը: Նա կարդում է մի բան ու ամենավառ բանը, որ նկատում է, սպասումն է: Հետո գրականության գրքում կարդում է հեղինակի կենսագրությունը, մի քանի տվյալ: Եզրակացությունը գալիս է արագ, սեփական կարծիքին մի քիչ անհամապատասխան: Նա մի քիչ քննադատում է հերոսներին, մի քիչ էլ արդարացնում: Մի քիչ էլ արդարացնում է հեղինակին: Ու նա դա կբարձրաձայնի: Այսինքն սովորական դարձած գործընթաց է էս ամենը նրա համար, եթե խոքը վերաբերվում է գրական գործերին: Նա դա չի նկատում, նկատում են միայն ընկերները.

- Ովքե՞ր են կարդացել, - գրականության ուսուցիչն է հարցնում, - իհարկե պարտադիր էր հանձնարարված, բայց խելքս չի կտրում, որ բոլորդ էլ կարդացած կլինեք:

Թեհյոնն ու Ջեհյոնը ձիգ են նստած, բախտները միայն մի բանում է բերել. Ջիմինի նման ընկեր ունենալը օգուտ է, բացատրել, պատմել, պարզաբանել է ամեն բան: Ու դրա համար նրանք կաթնային շոկոլադ են նրան հյուրասիրում: Ջեհյոնի բախտը բերել է նաև մի հարցում. նրա ընկերուհին դասարանի ավագ Միյոնն է:

Մի քանի հոգի բարձրացնում են ձեռքերը ուսուցչի հարցին ի պատասխան, մի մասը կախում է գլուխը: Արի ու տես, ձեռք բարձրացրել է նաև Չոնգուկը.

- Ո՞վ կարող է մեկնաբանել: Ինչպես որ հասկացել է, ինձ գրքային ոչինչ պետք չէ:

Ձեռք են բարձրացնում հինգ հոգի, որոնց մեջ Չոնգուկը չկա, չնայած որ ձեռք էր բարձրացրել սկզբում: Դա ուսուցչի աչքիս չվրիպեց.

- Հը՞, Չոնգուկ, չե՞ս կարող: Կարծես թե ձեռքդ ճիշտ էի նկատել սկզբում:

Նա ոտքի է կանգնում ու սկսում.

- Ամենաակընհայտ երևույթը սպասումն էր: Յոն Չեն** սպասում է Հյոն Շիկին***: Իսկ հետո, երբ հանդիպում է նրան, հասկանում է, որ Հյոն Շիկը նրա հետ ամուսնանալու մտադրություն չունի: Այլևս չի սպասում, զբաղվում է սեփական կյանքով, - Ջոնգուկը մի պահ լռում է ու նորից շարունակում, - երևի ամբողջ սյուժեի մեջ առաջին հերթին ուշադրության արժանի են էս դրվագները՝ կապված մեկը մյուսի հետ: Բայց ես գտնում եմ, որ Յոն Չեն հիմար երեխա է: Սպասել էդքան երկար հանուն մի բանի, որում անգամ համոզված չես՝ կլինի, թե՝ չէ: Սպասումը ստիպում է լճանալ: Առաջ չշարժվել: Էդտեղ, երևի, մեղավոր էր նաև նրա հայրը:

Ջիմինը կիտում է հոնքերը, իսկ բառերը մեխանիկորեն են դուրս թռչում բերանից.

- Սպասումը որոշակի հույս է տալիս: Անկախ նրանից՝ արդյունք կա, թե՝ չէ: Իսկ Յոն Չեի սպասումը մի նպատակ ուներ: Ու դա նորմալ է, անգամ եթե նա "հիմար երեխա" է:

- Ես խոսում եմ այն մասին, որ նա պիտի շուտ հասկանար, որ արդեն շատ երկար է սպասում: Անհրաժեշտ է առաջ շարժվել:

- Նա մանուկ հասակից էր սիրահարված, նորմալ է էդ ամենը նրա համար:

- Լա՛վ, - կարծես թե, ամեն դեպքում, դասարանում իրավիճակը շիկանում է, ու փրկության է գալիս ուսուցիչը, որին, ամեն դեպքում, էս վեճը դուր եկավ, - նստիր, Չոնգուկ: Ո՞վ կարող է իր կարծիքը հայտնել ավարտի հետ կապված:

Թեհյոնը արագ ձեռք է բարձրացնում ու պատասխանում.

- Հետաքրքիր էր, որովհետև ամեքն իր՝ սեփական ճանապարհն է ընտրում՝ չկառչելով անցյալից: Էս դեպքում, եթե իրարից պարտք ու պահանջ չունեն, ճիշտ որոշում է:

- Իսկ եթե եղած արժեքից էլ բարձրացնու՞մ ենք էս ստեղծագործությունը: Չէ՞ որ սովորական սիրային պատմություն է նկարագրված՝ ավելի առողջ ավարտով, - Չոնգուկի միջամտությունը:

Ջիմինը լռում է: Նախ՝ ասելու բան չունի, ու երկրորդ՝ անգամ եթե ասի, նորից բանավեճի է վերածվելու: Ավելի լավ է լռել: Մնացածը մնում է ուսուցչի վրա:

Բայց Ջիմինն ուզում է Չոնգուկի հետ շարունակել զրույցի տեսքով: Կամ էլ ուղղակի շփվել:

Որովհետև ակնհայտորեն պարզ է մի բան. իր սպասումը գրքի հետ կապ չունի, բայց ինքը չի ընդունի Չոնգուկի կարծիքը: Որովհետև սպասումը որքան ցավոտ է, այնքան էլ հույս է տալիս: Իսկ Ջիմինն ուզում է հուսալ:

Ջիմինն իրեն մի քիչ Յոն Չե է զգում:

Իսկ Թեհյոնն ուզում է մտերմանալ, դե գոնե մոտից ծանոթանալ Չոնգուկի հետ: Բայց նորեկի վրայից այնպիսի տեսք է հոսում, ասես ոչ ոք նրա սրտով չէ.

- Մի տեսակ հետներս ոնց-որ չուզենա շփվել:

- Ի՞նչ իմացար, - այս անգամ լավատես Ջիմինը չի խոսում, այլ՝ Ջեհյոնը: Իտարբերություն Թեհյոնի, Ջիմինի՝ Չոնգուկի հետ շփվելու ցանկությունն էդքան մեծ չի:

- Եսիմ... - Թեհյոնը քաշում է յոգուրտն ու միջանցքից նայում դասարանում նստած նորեկին, - նրա տեսքից էդպիսի տպավորություն է ստեղծվում:

Ջեհյոնը ուսերն է թոթվում: Մի փոքր ճշմարտություն կա, մի փոքր էլ համաձայն չի: Ու մի բան է մտքում պտտվում, որ ասես Ջիմինն էլ է նույնի մասին մտածում:

Մարդուն տեսքով միանգամից ճանաչելը դժվար է: Նրանք արդեն գիտեն՝ ինչ խնդիր ունի Չոնգուկը: Ու, ինչքան էլ ինքնավստահությունը մեծ լինի, ներսում տարբեր կասկածներ ու խնդիրներ կարող են լինել: Ինքնավստահությունը կարող է լինել մշուշ՝ բոլորին ճանապարհից շեղելու համար:

Մարդիկ երբեմն չեն ցանկանում անծանոթներին ներս թողնել իրենց անձնական տարածք ու ծանոթացնել դարակների բոլոր կմախքների հետ: Նրանց թվում է, որ Չոնգուկն էլ է էդպիսին.

- Կանչիր նրան, - առաջարկում է Ջիմինը՝ նայելով դասարանից դուրս եկող տղային, բայց Թեհյոնը ձեռքն է թափ տալիս. ցանկություն չունի: Փոխարենը կանչում է Ջեհյոնը:

- Հե՜յ, նորե՛կ, - Չոնգուկը մի պահ կանգ է առնում՝ մեջքով կանգնած նրանց ,ձեռքը տանում ականջին ու ուզում է նորից շարունակել, - չհասկացա, արհամարհում է՞:

- Դմբո, նա կարող է լսած չլինել, - ևս մեկ անգամ փորձում է Ջիմինը, - Չոն Չոնգու՛կ:

Ու նա շրջվում է՝ զարմացած հայացքով ուղղվելով դեպի եռյակի կողմը: Ջիմինը նրան փոքր ինչ ժպտում է ու ձեռքով իրենց մոտ կանչում:

Անհարմար է իրականում: Կարծես թե ավելի հեշտ էր բանավիճել "Անսրտության" շուրջ, քան սկսել խոսել առօրյայից: Ու անհարմար լռությունը հենց ինքն էլ խախտում է.

- Դե՞...

- Ընկերանալուն ի՞նչ կասես, - կտրում է միանգամից Թեհյոնը, իսկ մնացածը նայում են մեկ մեկին, մեկ՝ մյուսին:

- Չեմ կարծում, որ ուշքներդ գնում է հետս ընկերանալու համար, - կոպիտ էր: Բայց դա, ասես, Թեհյոնը չի նկատում:

- Իհարկե չի գնում, ուղղակի ուզում ենք ընկերանալ, - Չոնգուկը դեռ նայում է կասկածանքով:

Ջիմինն ուզում է բացատրել.

- Նա Թեհյոնն է, սա՝ Ջեհյոնը, ես Ջիմինն եմ: Ուղղակի ծանոթանալ էինք ուզում: Եթե ինչ-որ հարց ունենաս, կարող ես դիմել: Ընկերանալն էլ ընթացքում:

- Ըհը, թե չէ մեր Թեհյոնը սիրում է, երբ ամեն ինչ միանգամից է լինում:

Չոնգուկը Թեհյոնին չի նայում, նայում է Ջիմինին ու քմծիծաղում.

- Իսկ ինձ թվում էր՝ Յոն Չե է անունդ:

- Մի որոշ ժամանակ առաջ ինձ էլ էր էդպես թվում, - Ջիմինը չի շտապում ժպտալ, սպասումը շարունակում է նրան խեղդել... - բայց, ավաղ, Ջիմինն եմ:

Ջեհյոնին լարված մթնոլորտը դուր չի գալիս, չնայած որ այն էնքան էլ լարված չէր, ուղղակի թվում էր, որ երկու դասընկերները լեզու չեն գտնի: Դա ստիպում է մի քիչ հետ գնալ, հիշել, թե էլ ում հետ չէր յոլա գնում Ջիմինը: Իսկ դպրոցում էդպիսի մարդ չկա:

Կար...

Ու էլ չկա:

- Ամեն մարդ որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիք ունի, - Ջեհյոնին լսում են երեքն էլ: Ջիմինը, զարմացած, ընկերոջն է նայում, - ու դու երբեք չես իմանա՝ ինչու: Կարող է՝ պետք էլ չի: Բայց երբեք պետք չի փորձել մտափոխել մարդուն, քանի դեռ ինքը չի դա ուզում: Էնպես որ, - ձեռքով դիպչում է նորեկի ուսին ու, միջանցքի ծայրին տեսնելով Միյոնին, գնում այն կողմ, - ամեն ինչ ժամանակ է սիրում:

- Ջեհյոն-ա՜, - հետևից բղավում է Թեհյոնը՝ հիացած: Ու ասես միջանցքի բոլոր աշակերտները շրջվում են նրա կողմը, - ընտիր էր, ես քո երկրպագուն եմ:

Կա մի հստակ բան... Ձմեռը նեղացրել է շատերին:

Բայց վաղը գարուն է:



* Լի Գվանսուի հեղինակած Անսրտություն ստեղծագործությունը սկիզբ է դնում ռեալիզմի ժանրին կորեական գրականության մեջ: Եթե կցանկանաք իմանալ՝ ինչպես եմ ընտրել այդ գիրքը՝ ֆֆում ներառելու համար, ու ինչպես եմ ուսումնասիրել՝ կարող եք տեսնել ինստագրամյան էջի սթորիներում: y.m.means.y.m: Անվճար ռեկլամ:դ

24 страница29 апреля 2026, 00:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!