Համենայն դեպս, երջանկությունը սուբյեկտիվ երևույթ է
Փաքերի տան երկրորդ հարկում ինչ-որ իրարանցում է: Դմփդմփոցները հասնում են հյուրասենյակ: Սեբյոլ տատիկն ու հարսը նայում են վեր, ապա միմյանց: Ոչինչ չեն հասկանում: Ապա լսվում է Սումինի նեղված ձայնը.
- Ես էլ եմ ուզու՜մ:
Քրոջ և եղբոր միջև ինչ-որ բան է կատարվում: Սումինը միշտ չի նեղվում եղբորից: Ամեն ինչ կամ լուրջ է, կամ՝ երեխայության արդյունք: Նրանք երկուսն էլ իջնում են ներքև:
Ցերեկվա ժամը երեքն է: Խոհանոցում ոչ ոք չկա: Չկա ամանորյա իրարանցում: Հա, անկյունում դրված է տոնածառը, դրա մոտ՝ պատին՝ մի քանի ամանորյա գուլպաներ, սեղանին դրված են ամանորյա զարդարանք ստացած մոմակալները: Երեկոյան կողմ տատն ու մայրը կսկսեն կախարդել խոհանոցում: Էդ ամենը, սակայն, մի կողմ: Սումինի հարցը լուրջ է.
- Ի՞նչ է պատահել, - մայրը թեքվում է բազմոցին ու նայում երեխաներին: Ջիմինը գնում է խոհանոց՝ ջուր խմելու, մինչ Սումինը կանգնում է հյուրասենյակի կենտրոնում ու պատասխանում մոր հարցին:
- Ես էլ եմ ուզում նրա հետ գնա՛լ, ինչու՞ չի կարելի:
Էնպես չի տիկին Փաքը հանգիստ թողել է Ջիմինին գնալ ընկերների հետ: Հա, թողել է, բայց մի կերպ: Բայց Սումինը նրանց մեջ հաստատ ավելորդ կլինի.
- Բայց նրանք տղաներով են գնում, դու՞ ինչ գործ ունես էնտեղ:
- Բայց... - պատասխան չգտնելով ու ավելի նեղվելով, - բայց...
- Մենք էլ կգնանք, միասին, բայց նրանցից առանձին, ի՞նչ կասես:
- Բայց ես ուզում եմ մի անգամ էլ Յունգի օպպայի պեպենները տեսնե՜լ:
Ջիմինը տեղում քարանում է, բաժակը դնում սեղանին ու շրջվում հյուրասենյակի կողմը: Մայրը աղջկան է նայում զարմացած, տատը ժպտում է.
- Չլինի՞ մեր պստիկը սիրահարվել է:
Սումինը եղբայրը չի, Սումինը վարդագույն երանգ չի ստանում այտերին ու չի ամաչում հարցից: Պատասխանում է հստակ.
- Կարծում եմ՝ այո, - մատը շուրթին դնելով, - ախր նա շա՜տ գեղեցիկ է: Համ էլ պեպեններ շատ քիչ մարդիկ ունեն:
Մայրը քթի տակ ժպտում է.
- Իսկ նա շատ չի՞ մեծ:
Իրավիճակը ծիծաղելի է թվում, կարելի է ժպտալ, բայց Ջիմինը նայում է քրոջն ու մի բառ անգամ չի կարողանում արտաբերել, չնայած մինչ այդ երկրորդ հարկում նա արագ հակաճառում էր քրոջը:
Տեսնես եթե ինքն էլ էդպես մի բան ասի Յունգիի մասին տնեցիների մոտ, նրանք նույն կերպ կարձագանքե՞ն.
- Սիրելիս, դուք որ աղջիկներով հավաքվում եք, հո Ջիմինը չի՞ գալիս: Հիմա նրանք տղաներով են հավաքվում: Իսկ Յունգիին դեռ կարող ես տեսնել, ցերեկը: Որ պեպենները ավելի լավ երևան, - ծիծաղով:
Ջիմինը մի պահ ուզում է, որ Սումինը նրան չտեսնի։
Էգոիզմ է, հա, բայց բոլորն էլ էգոիստ։
Տրամադրությունը մի քիչ ընկնում է։
Ջիմինը մի քանի բան ունի անելու, մինչև երեկո։ Շուտ հավաքվել դժվար թե ստացվի, իվերջո օրը հիշարժան է, թեկուզ և նշվում է ոչ մասշտաբային։ Յունգին, Հոսոկը, Նամջունը էս գիշեր' տասներկուսին կդառնան հաստատ չափահաս։ Դա, երևի, ավելի մեծ նշելու առիթ է, քան թե Երկիր մոլորակի ծնունդը։ Քան թե նրա ևս մեկ լրիվ պտույտ անելը։
Տատը կրկին մոռացել է. սոդա է պետք, չնայած երեկ երեկոյան է վերջացել։ Ջիմինը վերցնում է հեծանիվն ու մի քիչ հետո նրա հետևից դուրս է գալիս նաև Սումինը.
- Լավ, գոնե հետդ խանութ գամ։ Մաման էսօր թույլատրում է սրտիս ուզածն առնել։
- Սրտիդ ուզածին բայց գումարս կհերիքի՞։
- Կասսայիցս գումար եմ վերցրել, մի քիչ էլ տատն է տվել, - դեռ նեղսրտած նստում է հեծանվի ետևի նստատեղին:
- Դե եթե «աշխարհի ամենամեծ օդապարիկը», - շեշտելով, - չես ուզում, կարող է հերիքել, - ժպտում է։
Աշխարհի ամենամեծ օդապարիկը նստելը Սումինի երազանքն է։ Տեսնես քանի՞ երազանք կփոխի նա մինչև նույնպես չափահաս դառնալը.
- Աշխարհի ամենամեծ օդապարիկը դեռ կնստեմ, դեռ ժամանակը չի։
Խանութի մոտ և ներսում առևտուր անող մարդիկ թեկուզ շատ չէին, բայց պարզ երևում էր, որ նրանք ինչ-որ բանի են պատրաստվում: Օդում խաղացող տոնական ինչ-որ վառ տրամադրություն կար, ինչ-որ ոչ էն է տոնական, ոչ էն է առօրեական ծանոթ-անծանոթ անտեսանելի փերի էր թռչկոտում: Հա, հիմնականում երիտասարդների վրա էր թափում իր տոնական տրամադրության կածարդական փոշին, հիմնականում երիտասարդներն էին արտացոլում տոնական տրամադրությունը, ու դա նորմալ է:
Մի քանի մեծահասակներ ճանաչում են Ջիմինին: Մեծահասակներն ամեն տեղ նույնն են: Ամեն տեղ սիրում են շատ հարցեր, սիրում են իմանալ ամեն բան, սիրում են հարգանք փոքրերի կողմից, ու որ փոքրերն անխտիր պատասխանեն իրենց բոլոր հարցերին: Մեծերն, իրավամբ, փոքր եղել են, բայց ո՞նց են էսպես մեծացել:
Նրանք հարցնում են Սեբյոլ տատիկի որպիսությունը, Սումինի գեղեցկությունը գովում։ Մի քիչ հարևանություն են անում, ուզում են քթները խոթել Չհվե պապիկի ընտանիքին, բայց Ջիմինը հարցերի տակից նրբորեն է դուրս գալիս, չնայած ուզում է կոպտել։ Ու հերթական հարցը կանանցից մեկը տալ չի հարցնում, չնայած Սումինը բռնում է եղբոր ձեռքը, որ արագ անցնի ներս, բայց նրանց փրկում են.
- Բարև ձեզ, - Ջիմինի կողքին կանգնում է Չոնինը։ Թող ինքն էլ պատասխանի հարցերին։ Չնայած ինչ որ բան հուշում է, որ էդ հարցերը նրան նույնպես դուր չեն գա։
Ու կողքից արդեն լսվում են ձայնարկություններ. այգու՜, ումնոնցի՞ ես, ո՞ր թաղից ես։ Ու մինչ նա կհասցնի պատասխանել, Ջիմինն առաջկտրուկ է անում.
- Չվե պապիկի թոռն է։
Ու բոլորը միահամուռ փակում են իրենց բերաններն ու, հայացքները թեքած, անցնում իրենց գործերին։ Չոնինը զարմանում է, իսկ հետո կռահում.
- Քննարկման թեմա են գտել, հա՞, - Ջիմինը միայն ուսերն է թոթվում ու մտնում խանութ։
Ընդհանուր տեղատարափի մեջ վազվզում է նաև Ջիսուն։ Օգնում է մորը։ Ջիմինը դա չէր մոռացել, անհարմարության զգացումը փոքր ինչ նեղում է, բայց չի ճնշում։
Նրանք ընկերներ չեն, լինել չեն կարող։ Բայց լավ ծանոթներ են։ Ջիմինն էլ չի կասկածում, որ, հա, լավ ծանոթներ.
- Օ, Ջիմին-ա, - իսկ հետո հայացքն է տեղափոխվում դեպի Չոնինը։ Զարմանքն աչքերում ակնհայտ է։ Մատնացույց է անում նրանց, - դու Մինջիի եղբայրը չե՞ս, դուք իրար ճանաչու՞մ եք։
- Հա, եղբայրն եմ։ Մի թաղից ենք։
- Այ թե ո՜նց, - ապա անցնում է գործի, - ինչո՞վ կարող եմ օգնել։ Էսօր մի քիչ խառն ենք, - ժպիտով։ Ապա հայացքն ընկնում է ավելի փոքրիկ ծանոթին. Սումինն առաջվա մեծ հիացած է նայում նրան, - Օ, Ջիմինի քույրիկը:
- Օննի՜, բարև ձեզ, - խոնարհումով: Ջիսուն ժպտում է, ինչպես չի ժպտացել նախորդ անգամ: Նա ժպտում է անկեղծ, ժպտում թեթև: Նրան էդ թեթևությունը շատ է սազում:
- Սոդայի է ուղարկել տատիկը։ Ու մի քանի բան Սումինի սրտով:
Սումինը թարս հայացք է գցում եղբորը, բայց արագ մտքերը ցրվում են: Շուրջը ամանորյա լիքը հետաքրքիր բաներ կան, ինչու՞ չօգտվել իրավիճակից, թեկուզ և գումարն այնքան շատ չի, որքան կարելի էր ցանկանալ: Սումինն, ամեն դեպքում, չի էլ հասկանում՝ ինչքան կուզեր, որ լինի ձեռքի գումարը:
Չոնինն անընհատ ինչ-որ բան է խոսում, Ջիմինը չի հասցնում բռնել նրա բառերի ծայրից, տրամաբանական շարունակությունը գտնել չի կարողանում: Կորցնում է իրեն Սումինի գործողությունների մեջ: Նա ապրանքների այս շարքում է, ապա՝ մյուս: Հայացքն ընկնում է մեկ մի հետաքրքիր բանի, հաջոր պահին՝ մյուսին: Ցուցատախտակներին դրված գունավոր թղթերով քաղցրավենիքները, անգամ, նրանից բավականին հասակով, զարդերի համար նախատեսված կախիչը, կամ, ինչպես ինքն էր սիրում ասել, "զարդերի ծառը" այլ կերպ էր գրավում հայացքը:
Ջիմինը մի քիչ դժվար, բայց հիշում է. Երբ դեռ Սումինը չկար, երբ տանը բոլորի կյանքը դեռ պտտվում էր նրա շուրջ, նա էլ էր էսպիսին: Բայց նրան բերում էր մայրը, կամ հայրը:
Մտքերը ցրում է, դրա ժամանակը չի: Հիմա էլ ոչ միշտ է ինքը Սումինին խանութ բերում: Երբ եղանակը լավն է, երբ դուրս գալու տրամադրություն կա, մայրը կամ հայրը դեռ պատրաստ են նրանց երես տալ: Ոչինչ չի փոխվել, միայն թե տարիներ առաջ ընտանիքում մի անդամ էլ է ավելացել: Իսկ ինչքան էլ վիճեն, թեկուզ և հազվադեպ, Սումինի գոյությունը նրան ինչ-որ վեհ զգացում է տալիս, ինչ-որ պատասխանատվության զգացում, ինչ-որ այլ կարևոր բան: Ջիմինը հասկանում է, որ Սումինը երեխա է՝ մեծացած նույն կերպ, ինչ-որ ինքը՝ Ջիմինը: Սումինն ունի մանկական մտքեր ու մեծական դատողություններ, որի մասին, երևի, ինքն էլ չի կռահում: Սումինը երբեմն բառերով ապտակում է եղբորը, ուշքի բերում, հիշեցնում կարևոր հազար ու մի բաների մասին: Սումինը հիշեցնում է, որ իրենք դեռ երեխաներ են: Մեկը մի քիչ մեծ, մեկը մի քիչ փոքր, ի՞նչ անենք, ի՞նչ կարևոր է: Կարևորը գոնե միմյանց նկատմամբ էգոիստ չլինելն է: Ջիմինը նայում է նրան ու նախկին զայրույթը լիովին չքանում է:
Սումինը երեխա է: Երեխա է նաև Ջիմինը: Ի՞նչ կարևոր է՝ մեկը մի քիչ մեծ, մյուսը մի քիչ փոքր:
***
Դրսից բղավոց է լսում. Թեհյոնն է: Թեհյոնը կարող էր սպասել Ջիմինին, էդպես երևի ավելի հարմար կլիներ: Կամ կարող էին հատման կետ՝ հանդիպման վայր նշանակել ու հանդիպել, էդպես դեպի գետի ափ տանող ճանապարհն ավելի կարճ կլիներ: Բայց Թեհյոնը եկել է, ինչպես գալիս է ամեն անգամ.
- Թեհյոն-ա՜, ներս արի, - պարոն Փաքին Թեհյոնը խոնարհվում է, բայց հրաժարվում: Թեկուզ և դրսում ցուրտ է, թեկուզ և Ջիմինը արագ տեղավորում է տաք ըմպելիքը:
- Չէ՜, շնորհակալ եմ, Ջիմինը գա՝ գնանք:
Դռների արանքին կանգնում է նաև տիկին Փաքը, նրանց արանքին խցկվում է նաև Սումինը: Իսկ հետո նրանք դուրս են գալիս շքամուտք՝ տեղ տալով ավագ երեխային.
- Հե՛յ, - պարոն Փաքն էդքան էլ խիստ չի, նրան մի քիչ դրդել է կինը: Ամեն դեպքում զգուշացնելը ճիշտ է, - չուշանաք: Ու զգույշ կլինեք:
- Ու չմրսեք:
Սառը օդում դանդաղ ցրվող "խոստանու՛մ ենք"-ը այնքան բարձրաձայն է թվում, այնքան զվարճալի, որ ծնողների դեմքին ժպիտ է առաջանում: Թեհյոնը մի պահ հետ է շրջվում՝ նույն կերպ բղավելով.
- Շնորհավոր գալիք Նոր Տարի՜:
Կոնկրետ դեպի գետը տանող ճանապարհին գրեթե մարդիկ չկան: Դե իհարկե, բոլորը գնացել են կենտրոնական փողոց: Էնտեղ միշտ ավելի մեծ հրավառություն է լինում, ավելի հետաքրքիր: Ասեղ գցելու տեղ չի լինում, դա հավաքվողներից յուրաքանչյուրը գիտի: Բայց, արի ու տես, նրանք որոշել են կտրվել բոլորից: Մի պահ Ջիմինի մտքով անցնում է՝ արդյո՞ք ճիշտ բան են անում, մի պահ հեծանվի հոսքը դանդաղում է, իսկ հետո ուսին հարվածում է Թեհյոնն ու ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Քշի՜ր:
Ամեն ինչ լավ է:
Ճամփի եզրին կանգնած տղերքը կանգնել են ոչ միայն ճամփի եզրին, այլ նաև փողոցային լույսի տակ: Ու հանկարծ Ջիմինը շատ ուշադիր նայեց էդ լույսին: Դրա տակ պտտվող միջատներ չկային: Չէ: Դրա տակ կային կանգնած ուրախ երիտասարդներ ու... մեկ մեկ թափվող շա՜տ փոքրիկ, մանր ձյան փաթիլներ: Պարզվեց՝ միայն ինքը չի նկատում.
- Էն ձյուն է՞, թե՞ Աստծո օրհնություն:
Ջիմինը ծիծաղում է, կագնեցնում երկաթե ձիուն.
- Ձմռան փերիների փայլն է:
- Ի՞նչ փերի, - Նամջունին միշտ հետաքրքրում են նրանց փոքրիկ զրույցները: Էդ երկուսի խոսակցությունները լուրջ զրույցների տպավորություն են թողել միշտ, ու հիմա, լսելով փերիների մասին, նա գրեթե մտափոխվում է: Հա, արտաքինը միշտ չի ճշգրիտ գնահատական:
- Էն որ ալյուր է մաղում գլխներիս: Իջնե՞նք:
Յունգին նայում է ճանապարհի մի կողմն, ապա հայացքը հետ վերադարձնում: Առջևում կանգնած են պայուսակներով ընկերները: Երևի Թեհյոնը մի աշխարհ բենգալյան կրակներ ու պայթուցիկ է բերել, իսկ Ջիմինը, երևի, տաք ըմպելիքի հետ ծածկոց էլ է պետք: Թե չէ պայուսակը նմանվել է մի թոթոլ բարձի: Ջիմինի աչքերում զվարթ տրամադրություն է արտացոլվում, իսկ այտերին խաղում է սառնամանիքից նվեր ստացած վարդագույնը: Սովորական երևույթ է, դա սովորական Ջիմինն է, ով կարմրում է տաքից, ցրտից: Մեկ էլ ամաչելուց:
Բայց հիմա Յունգին պիտի չքացնի մի պահ նրա աչքերի փայլը:
Համենայն դեպս, ինքն էդպես է կարծում.
- Ոչ մեկին չենք մոռացե՞լ, - ու հայացքն է թեքում դեպի ճանապարհը, ուր անշարժ կանգնել է մի սիլուետ: Նրա դեմքը երևում է միայն շնորհիվ փողոցի լապտերների: Նրա դեպքը, որ մի քիչ տխուր է, մի քիչ տարակուսած, մի քիչ խառնված: Բոլորը միասին ստացվում է բավականին շատ: Բավականին շատ, բավականին անցանկալի ընկերների առջև նման ձևով ներկայանալու համար:
Ու թեկուզ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել, ու թեկուզ չգիտեն՝ ինչ պատճառով, բայց հստակ գիտեն, որ կատարվելունը կատարվել է: Ուղղակի սա էն չի, ինչ նրանք կհանդուրժեն:
Իսկ գետը, իվերջո, լավ տեղ է հոգին թեթևացնելու համար:
Ողջույններից հետո նրանք սահուն ուզում են իջնել դեպի գետը, ուղղակի խառնված Ջեհյոնը չի կարողանում ներքև քայլ անել, իսկ Յունգին նայում է կրտսեր ընկերներին վերջին անգամ ու իջնում: Նամջունը ոչինչ չի ասում, Նամջունը գիտի՝ ինչպես է Ջեհյոնը հայտնվել էստեղ, ինչպես է հենց Յունգին առաջարկել: Նամջունը կմնա լուռ, ինչպես կմնան մյուսները: Ու անգամ Հոսոկը, որ նույնպես որոշ մտքեր ունի իրադրության շուրջ:
Թեհյոնը նայում է տարիքակից ընկերներին, զգում նրանց միջև ծանրացած օդը, խորը շունչ քաշում.
- Հեչ սիրուն նոտա չի, - ու ոչ ոք չի ծիծաղում, նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Թախծոտ նոտա է, - ուրիշը վերցրեք ու իջեք, ես երկուսիդ կարիքն էլ ունեմ:
Ճամփի եզրին՝ գետից ոչ շատ հեռու մնում են երկու ընկեր ու մի դեղին հեծանիվ: Գետը, երևի, նրանց խոսակցությունը չի լսի, չի տանի խորը թաքցրած բառերը:
Չնայած, երևի հիմա դա ամենաանհրաժեշտն է.
- Ինձ... ըմ... - Ջեհյոնը խառնվում է, - Յունգի-հյոնն ասավ... որ հավաքվում եք:
- Ես էլ եմ էստեղ, - Ջեհյոնը վերջապես բռնում է նրա աչքերի թախծոտ հայելին: Ինքն իրեն է տեսնում: Միայն իրեն: Կծկված ու բառեր չգտնող: Չնայած երևի օրեր է պատրաստվել էս ճառն արտասանելու համար:
- Գիտեմ...
- Տհաճ չե՞մ: Կհանդուրժե՞ս, - կամաց դուրս են գալիս բառեր, որոնք Ջիմինը կուզեր պահել ներսում, չբարձրաձայնել: Բայց մի պահ բոլորն են կոտրվում:
Ջեհյոնը հոգոց է հանում.
- Ես... արդարացում է, բայց միշտ չեն մարդիկ նման իրադրության մեջ հայտնվում: Կամ չեն մտածում, որ իրենց շրջապատում նույնպես կարող են նման մարդիկ լինել: Ես շփոթված էի, շոկի մեջ: Չեմ թաքցնում, եթե ուղեղս տեղը չգցեին, էդպես էլ կմնար ամեն բան: Բայց... էդ փաստից ոչինչ չփոխվեց: Դու միշտ լավ ընկեր ես եղել: Բայց ես զայրացած էի, որովհետև լավ ընկեր լինելով, Թեհյոնին ավելի մոտ էիր: Ու հետո հասկացա, որ մոտ էիր, ուրեմն Թեհյոնը մի բան ավելի գիտի: Ես էլ էի ուզում իմանալ, - մի պահ լռեց, - իմ ու Թեհյոնի տարբերությունն էն է երևի, որ ինքը թեթև է տարել, իսկ ես ծանր: Դա հետո հասկացա: Ուրեմն Թեհյոնը քեզ համար ավելի լավ ընկեր է: Որ ինձ նման չի հիստերիկացել, - լռությունը տևեց ևս մի քանի վայրկյան: Նրանք չէին էլ մտածում, որ ներքևում պատրաստություններ են, որ երևի մի տաս-տասնհինգ րոպե է մնացել տարվա պտույտին: Նրանք մտածում էին մեկը մյուսի պատասխանի ու սեփականի մասին: Նրանք չէին ուզում ցավեցնել մեկը մյուսին, բայց չէին էլ ուզում չլսված մնալ: Նրանք ուզում էին հասկանալ իրար: Նրանք գոնե փորձում էին: Ու թեկուզ ջուրը չի տանի նրանց խոսքերը, դրանք կցնդեն սառը օդում, հենց էդտեղ, լուսամփոփի ներքո: - Կներես ինձ: Ես քեզ չեմ ատում, չեմ զզվում, դու տհաճ չես: Ես դա ուշ հասկացա, բայց դու ընկեր ես, որին շատերը կցանկանան տեսնել իրենց կյանքում: Ուզում եմ... շարունակենք ընկերներ լինել:
Ջեհյոնը հայացքը դեպի ընկերն է բարձրացնում միայն այն պահին, երբ հեկեկանքների ձայնն է լսում: Նա գիտեր, որ Ջիմինը լացկան է, բայց վերջերս նրան արցունքոտ աչքերով չի տեսել: Հիմա նրա առջև խոցված, տխուր, լացկան երեխա է կանգնած ու նրան լացացրել է հենց ինքը: Ու ինքը խուճապի մեջ է:
Ջիմինը սրբում է աչքերը վերարկուի թևքերով ու արցունքով, կարմիր աչքերով, բայց նորածին ժպիտով նայում ընկերոջը.
- Ինձ թվում էր եկել ես հրաժեշտ տալու:
- Յա՜, - գրեթե խուճապահար պտտվելով Ջիմինի շուրջ, - ես հասկացա, որ հիմար եմ, բայց հո էդքան հիմար չեմ, որ Ամանորով տենց բան անեմ:
- Դու հիմար չես, - Ջիմինն ուզում է վերջակետ դնել: Տղերքի ձայներն արդեն քաշում են դեպի ներքև, - ես գիտեի, որ մի օր նման ռեակցիայի եմ հանդիպելու: Մարդիկ տարբեր են: Շոկը էն էր, որ հենց դու էիր էդ մարդը: Բայց երևի ամեն բան պիտի արդեն կանխատեսեմ: Ու ամեն դեպքում, - նայում է աչքերին ու ձեռքը մեկնում սեղմելու համար նրանը, - շնորհակալ եմ: Ես էլ եմ ուզում շարունակել քո ընկերը լինել:
Ջեհյոնը նայում է նրա ձեռքին ու հանկարծ ամուր գրկում: Մի բան հանկարծ հասնում է գիտակցությանը. տեսնես Ջիմինն ինչքա՞ն է նստել էսպես երկար-բարակ մտածել, ինչքան է տխրել ու, հնարավոր է, արցունք թափել:
Նրան, երևի, պաշտպանել է պետք: Էդ մքերից ու Ջեհյոնի նման մարդկանցից: Նախորդ Ջեհյոնի:
Համենայն դեպս, Ջեհյոնն էդպես է կարծում:
Հոսոկն էլ չի դիմանում: Բղավում է ու կանչում նրանց: Երևի անհանգիստ է ոչ էնքան կրակները ժամանակին վառելու, որքան ընկերների համար: Որոնք իջնում են խառը ժպիտներով, կարմրած ու մի տեսակ թախծոտ-երջանիկ:
Ուրեմն ամեն բան լավ է:
Հինգ րոպեից եվրոպական Ամանոր է: Հինգ րոպեից աշխարհը կհատի մի կետ ու բոլոր տարիների նման կսկսի պտտվել էդ կետից նույն ուղղությամբ: Հիմար տոն է, չէ՞: Բայց երկիր մոլորակն էլ է մի օր ծնվել, ու չորս րոպեից նրա ծնունդն է:
Չէ, հիմար տոն չէ:
Թեհյոնը հանել է բենգալյան կրակները, բաժանել բոլորին: Ունեն երկու սալյուտ, հերիք է: Միաժամանակ կկրակեն: Ունեն տաք ըմպելիք, որ բաժանում է Ջիմինը: Ունեն ուտելիք՝ քաղցրավենիք, ու ծնողները թույլատրել են շամպայն: Ունեն ընկերություն, ձմռան նոր ամիս, նոր 365 օր: Ունեն հունվար ու դրանից հետո... տեսնես ի՞նչ կունենան: Ոչ ոք չի պատկերացնում:
Բայց հիմա ունեն երկու րոպե ու ուրախություն:
Ջիմինը լցնում է Յոնգիի տաք ըմպելիքն ու հայացքը միամիտ բարձրացնում. Ճերմակ մաշկին դաջված պեպենները վառվռում են այնպես, ինչպես ամռանը պատուհանից ծիկրակին տվող արևի շողը: Դրանք մի քիչ խամրել են, ոչինչ, ամռանն էլի կվերակենդանանան: Բայց առջևում Յունգին է, նրա մոլորակներ թվացող աչքերի տակ տարածվող համաստեղությունը: Իսկ մոլորակները նայում են ուշադիր, իսկ շուրթերը, որ դեռ չեն դիպել բաժակին, շշնջում են.
- Լա՞վ ես:
Ջիմինը ժպտում է ու գլխով անում:
Երևի երջանկությունն ունի կակաոյի համ, փայլում է բենգալյան կրակների, սալյուտի պես, լսվում է ինչպես ամանորյա երաժշտություն, ինչպես ընկերների հրճված ձայներ, խոսում է Յունգիի շուրթերով:
Համենայն դեպս, երջանկությունը սուբյեկտիվ երևույթ է: Համենայն դեպս էդպիսին է Ջիմինի երջանկությունը։
