Ամեն ինչ լավ է
Վազիր։ Վազիր այնքան արագ, որքան կարող ես։ Վազիր այնքան արագ, ասես դրանից կախված է կյանքդ։ Վազիր, ասես փախչում ես գիշատչից։ Վազիր... փախչելով իրականությունից ու...
Պարզապես... իրականությունից։
Ու Ջիմինը վազում է։ Քամով' մտքերում, դեմքին... տագնապով սրտում... անզգայացած ոտքերով։ Չգիտի' ուր է վազում ու... ինչից։ Թեկուզ հասկանում է, որ իրականությունից, բայց եթե անգամ կանգ էլ առնի, ոչինչ չի լինի. նա շատ հեռու է այգուց։
Բայց եթե կանգ առնի... կընկնի, ոտքերը կհրաժարվեն շարժվել ու կընկնի։
Նա կարծում էր, որ իրեն բացահայտել չեն կարող։ Կարող են եզրակացություններ անել, ասենք Հոսոկի պես՝ սխալ։ Բայց սա... հարված էր նրա համար։ Դժվար էր գիտակցել, որ Թեհյոնից բացի ինչ-որ մեկը կարող է կռահել էդ մասին: Դժվար էր գիտակցել, որ դա կարող է լինել մեկը, ով գտնվում էր "չարժի իմանան" ցանկում:
Ջիսուն ասաց' ոչինչ չկա։ Ուղղակի Ջիմինը հիմա, սառը օդը թոքերում ու մի ծածուկ տեղ թաքնվելու ցանկությամբ, էդ խոսքերը մոռացել է։ Որովհետև ուղեղում կարմիր տագնապային նշանի պես անընդհատ կրկնվում է նա քեզ դուր է գալիս արտահայտությունը: Ջիմինը դա վաղուց գիտի: Վաղուց գիտի, որ նա իրեն դուր է գալիս, բայց... էսպես չպիտի լիներ... նա պաատրաստ չէր:
Քամին նրան թույլ չի տալիս երկար մտածել։ Համոզում է միայն վազել։
Բայց մի պահ նա չի կարողանում։ Նրան տեսնում են ու բռնում թևից։ Էդ պահին, թևին ուժ զգալով, ոտքերի դողը նույնպես, հասկանում է, որ կարող է նաև ընկնել։ Եթե երկու վայրկյան էլ կանգնած մնա, կընկնի։ Ծնկները ծալվում են.
- Ջիմի՞ն։
Էնպիսի տպավորություն է, որ սառը ջուր են լցնում գլխին։ Սառը օդը թոքերում հերիք չէր, սառը քամին հերիք չէր, սառը ջուր են լցնում գլխին։
Տղայի զարմացած, վախեցած հայացքը ուղղվում է դեպի հյոնը։ Հյոնը նայում է նույնպես մի քիչ զարմացած, մի քիչ անհանգիստ երևի։ Ջիմինն ուզում է թափ տալ նրա ձեռը սեփական թևից ու ուղարկել նրան հեռու-հեռու, որովհետև ծանր էր նրան տեսնելը, բայց մյուս կողմից ոչինչ ասել չի կարողանում, ինչպես չի կարողանում անել ոչինչ։
Իվիճակի չի։
Ուժ չունի.
- Ի՞նչ է եղել։
Նա դեռ նայում է։ Վախը սրտում, աչքերում, ուղեղում։ Նա դեռ նայում է, ու Յունգի հյոնը նայում է փոխադարձ' սկսելով զայրանալ երկարատև լռությունից։ Ջիմինը թարթում է աչքերն ու շարժվում, որովհետև հնարավոր է Յունգի հոյնը ոչինչ չի ասում, բայց անում է. ավելի ուժեղ է սեղմում թևը.
- Բ... բաց թող։
Հայացքը փախցնում է, մյուս ձեռքով հեռացնում Յունգիի ձեռքը։ Յունգիին տեսնել հիմա նա չի ցանկանում։ Կա ընդամենը մի ցանկություն. հեռանալ ու թաքնվել.
- Ի՞նչ է եղել, - կրկնում է, թեկուզ և ձեռքը հեռացնում է։
- Ոչինչ էլ չի եղել, - ձայնը կորչում է ծանր շնչառության ազդեցությամբ: Յունգին նրան, բնական է, չի հավատում: Սեղմում է ծնոտները:
Ջիմինը դողում է ամբողջ մարմնով: Դեմքը կարմիր է վազքից, աչքերը նույնպես: Հնարավոր է՝ քամուց: Մազերը խառնված են... աչքերը նույնպես: Յունգին կառչում է նրա աչքերից ու սեփական աչքերի խստությունն ինչ-որ տեղ կորչում է. Յունգին նայում է զարմանքով... Թախիծը Ջիմինի աչքերում բացահայտ էր: Յունգին մի տեսակ ուզում է խղճալ նրան:
Մտքերում միայն հաստատում է, որ... Ջիմինը պարզ բառերով գրված բաց գիրք է։ Ու մյուս կողմից. միշտ պայծառ Ջիմինը իրո՞ք էնպիսի ծանր խնդիրներ ունի, որոնք պատճառ են տվյալ դեմքի արտահայտության.
- Բա ինչի՞ ես վազում։
Ինչի՞ է վազում։
Հյոն, քեզնից եմ վազում։
Սխա՞լ կլինի ասելը։
Վազում եմ Ջիսուից։
Տարօրինակ է։
Վազում եմ սեփական եսից...
- Ուղղակի... տանը գործեր կան։
Յունգին մի պահ հասկանում է, որ ընդհանրապես իրավունք չունի նրանից որևէ բան պահանջելու, թեկուզ դա լինի բացատրություն։ Նրանք էն հարաբերությունները չունեն։ Ու մյուս կողմից։ Ինչ-որ բան ներսից խայթում է, ուզում է ստիպել, որ խոսի։ Բացատրություն է ուզում։ Քիթը խոթում է։ Ու մյուս կողմից մտածում է' ինչի՞ չէ։ Ջիմինն էլ էդպիսի բնավորություն ունի, ապա ինչու՞ ինքն էլ մի որոշ չափով, թեկուզ ծայրով, քիթը չխոթի.
- Ես էլ եմ էդ ուղղությամբ գալիս։
Ջիմինը նայում է երկար։ Նրա հայացքում այլևս էմոցիաներ չեն նկատվում: Դա ավելի է անհանգստացնում, քան կարող էր անհանգստացնել էմոցիաների տեղատարափը նրա աչքերում.
- Հյոն...
Ուղղակի թող գնամ:
Բառերը չեն արտասանվում, էդպես էլ սուրբ սուրբ պահվում են մտքերում, իսկ ինչը պահել չի ստացվում, դուրս է գալիս ներսից կաթիլների տեսքով: Յունգին քարանում է:
Ջիմինի այտերը վարդագույն են, աչքերը կարմիր-կարմիր, իսկ դրանցից հոսող միայնակ արցունքը... երևի աղի է: Բայց տաք՝ եղանակի համեմատ.
- Միայնակ... - շշուկով, - Մենակ... թող մենակ գնամ:
Ուղղակի թող գնամ: Թե չէ դու ինձնից կնեղանաս, ես՝ քեզնից: Թե չէ կասեմ էն ամենը, ինչ ամուր պահել եմ հոգուս խորքում բավականին երկար էս հիմար պահին բարձրաձայնելու համար:
Ջիմինը պարզապես ուզում է պահպանել չափավոր հարաբերությունները հյոնի հետ մինչ նրա դպրոցն ավարտելը: Հիմա ամեն բան փլուզման սպառնալիքի ներքո է: Դա նրան դուր չի գալիս: Էն հարաբերությունները, որ կային մինչև այս պահը, նրան բավարար էին։ Ագահությունը ոչինչ չի տա։ Հերիք է։ Ամեն ինչ հերիք է։
Յունգին, սակայն, նրա հետևից գնում է։ Անձայն ու աննշմար։ Ջիմինը քայլում է նույնքան լուռ, ուսերն իջած։ Ու դանդաղ։ Տպավորություն է, որ ամեն պահի կարող է ընկնել։
Ջիմինը տուն է հասնում մտքերը սառած։ Ձեռքերը սառած։ Այտերը սառած։
Յունգիին ինչ-որ բան հուշում է, որ էս ամենը տան հետ կապված լինել չի կարող։
Նա հեռանում է Ջիմինի տուն մտնելուն պես։
Իսկ հետո.
- Այգու՜, Ջիմինա՜...
Ջիմինը ժպտում է ձգված։
Ոչինչ։ Կանցնի։ Էսօր, վաղը, մյուս օրը։ Ոչինչ հարվերժ չի, Թեհյոնը մեկ մեկ ասում է՝ անցողիկ է։ Էս էլ կանցնի*։
***
Ինչպես միշտ, վարագուրնը բացում է Սումինը: Արև չկա, բայց երևում է, որ առավոտ է. թույլ, շատ թույլ ցերեկային լույսը մտնում է ներս: Սումինն անցնում է եղբոր անկողնու մոտ ու նայում փակ աչքերին: Հոնքերը կիտում է. եղբայրը միշտ աչքերը բացում է նրա ներս մտնելուն ու վարագույրը բացելուն պես: Տարօրինակ է: Առհասարակ, նրան թվում է՝ եղբայրը մի տեսակ... ուրի՞շ է ինչ է: Երեկ նա ընդհանրապես իր նման չէր.
- Օպպա, - շշուկով, իսկ հետո ավելի բարձր: Եղբոր միայն գլուխն է երևում, նա ամուր փաթաթված է վերմակով, չնայած, որ ներսում տաք է: Սումինը մտածում է՝ նա կրկին հիվանդացել է:
Իվերջո՝ Ջիմինը բացու է աչքերը, քրոջ կտրուկ ձայնի հետ մեկտեղ.
- Ինչքան ժամանակ է կանչում եմ:
Աչքերն է տրորում, բայց տեղից չի բարձրանում.
- Վեր կաց, թե չէ էլի կուշանանք:
Մի պահ աչքերը փակում է: Ձայների հետևից ներս է մտնում մայրը.
- Ի՞նչ է եղել, - Ջիմինը նստում է տեղում, - Սումին-ա, գնա դու պատրաստվիր:
Ջիմինը նստած է ու նայում է ձեռքերին: Առավոտ է, բայց մտքերում արդեն պտտվում էին որոշ հարցեր: Իսկ մայրը մի բան նկատում է: Չնկատել չէր լինի: Ջիմինը նրա որդին է, նրան անհանգստացրել էր երեկվա Ջիմինն, ով պնդում էր, որ ոչինչ չի եղել, ընդամենը մի քիչ հոգնել է, մի քիչ շատ են վազել Թեհյոնի հետ:
Դա ուղղակի հոգնածի դեմք չէր, ինչ-որ բան այն չէր.
- Ջիմին-ա, - Սումինի գնալուց հետո նստում է որդու կողքին, ով հայցքը բարձրացնել չի կարողանում, - ի՞նչ է եղել, վա՞տ ես զգում: Կարո՞ղ է կրկնվում է ջերմությունդ:
Ջիմինը ոչինչ չի ասում: Ոչ համաձայնվում է, ոչ էլ՝ չէ: Միայն նայում է մատներին: Դարակին, որի վրա դրված էր հեռախոսը, ծնգոց է գալիս. նրանք ուշադրություն չեն դարձնում:
Սենյակում մի թեթև լույս է՝ դրսից պոկված ու պատուհանից ներս մտնող: Մի քիչ ճնշող միջավայր, ամենաբարի մայրը, ամենամեղավոր որդին ու չասված բազում խոսքեր: Սենյակում վախի տհաճ բույրն է տարածվել ու չասված բառերը բարձրաձայնելու սխալ պահին ստեղծված ցանկությունը:
Առավոտ է: Սառը առավոտ: Ջերմ մայր ու...
- Մամ, - չէ, գլուխն էդպես էլ կախ է մնում: Նա գիտի, որ մայրը հիմա նայում է անհանգիստ աչքերով: Հայրն ու տատն ասում են, որ նա մոր աչքերն ունի, պատկերացնում է՝ ինչ տեսք ունեն դրանք հիմա, - լավ չեմ զգում: Կարո՞ղ եմ չգնալ... մենակ էսօր:
Ջիմինը երբեք թույլտվություն չի վերցրել ծնողներից դասի չգնալու համար: Ջիմինը երբեք էդպիսին չի եղել: Ջիմինը միշտ պարտաճանաչ է եղել: Հիմա նրա վերաբերմունքն անհանգստացնում է մորը.
- Սիրելիս, ի՞նչ է եղել, - նուրբ ձեռքերը պարուրում են որդու այտերն ու բարձրացնում: Ախր այտերը տաք չեն, ջերմություն լինել չի կարող, ու մյուս կողմից... ընդհակառակը, դրանք դեպի սառն են, - ի՞նչդ է ցավում:
Սիրտս
- Գլուխս:
Ջիմինն էսօր կբացակայի:
***
Յունգին դուրս է գալիս դասարանից ու շարժվում դեպի պատուհաններից մեկի մոտ կանգնած Թեհյոնը: Մի բան պակաս է. Ջիմինը: Ջիմինը նրա հետ չի, իսկ Թեհյոնը ուշադիր նայում է հեռախոսին ու կրծում եղունգը: Յունգիին կարող էր էդ ամենը չհետաքրքրել, կարող էր անտարբեր անցնել, բայց մի բան, իսկ էդ մի բանը Ջիմինի երեկվա տեսքն էր, նրան ստիպում է անհանգստանալ: Անհանգստանալ ու մտածել, որ աշխարհում մենակ ինքը չի, որ խնդիրներ ունի: Մտածել, որ մարդիկ կարող են պայծառ ժպտալ անգամ նեղվածության ու խնդիրների միջից: Ուղղակի նա չէր պատկերացնում, որ Ջիմինի ներսում կա էդ ամենը... իսկ դրսում կա ժպիտ, որ չի համապատասխանում ներսի էդ ամենին:
Թեհյոնը, երևի, գիտի՝ ինչ է կատարվել.
- Բարի լույս, - Թեհյոնը վեր է թռչում ու խոշոր աչքերով նայում հյոնին:
- Բարի:
- Ի՞նչ մի վեր թռար:
- Դե միշտ չես Յունգի հյոնին տեսնի առաջինը շփումն սկսելիս:
Յունգին թարս ժպտում է. երբեմն Թեհյոնի անկեղծությունը նրան զայրացնում է.
- Չեմ կարծում, որ ուշքդ գնում է հետս շփվելու համար, - Թեհյոնն էլի նայում է էկրանին, ոչինչ չի պատասխանում, չնայած մտքերում արդեն ձևակերպել էր. Իմը՝ չէ, չի գնում, ուրիշինն է գնում: Լռեց, չարժեր, - Ջիմինը դասարանու՞մ է, - Թեհյոնը հերթական անգամ նայում է զարմացած. ինչու՞ հանկարծ դա պիտի հետաքրքրի հյոնին: Իսկ եթե նա մի բան գիտի՞:
- Նա էսօր չի եկել, - ու Յունգին կիտում է հոնքերը, - ինչի՞ ես հարցնում:
Ու հիմա չգիտի՝ ասի, թե չասի: Իսկ եթե Ջիմինն էդ պահին չէր ցանկանում, որ իրեն ինչ-որ մեկը տեսնի: Անգամ Թեհյոնը:
Թքած:
Թեհյոնին նա վստահում է, նշանակում է կկիսվի ամեն հարցով: Թեհյոնը կարող է որոշ չափով իմանալ՝ ինչ է կատարվել: Դա Յունգիին չի հետաքրքրում, նա չի պատրաստվում հարց ու փորձ անել: Պարզապես... անհանգիստ է... հետաքրքիր է, հա, բայց անհանգիստ է.
- Երեկ եմ տեսել, ինչ-որ բանից կամ նեղված էր, կամ հուզված:
Մի պահ լռությունից հետո, ինչը լռություն անվանել դժվար էր, որովհետև միջանցքում աշակերտների հոսքը շատ էր, Թեհյոնը արտահայտում է միայն գրողը տանի: Յունգին, գիտեր, որ նա հաստատ կիմանա՝ ինչ է կատարվել.
- Ես պիտի նրան պահեի, ես չպիտի թույլ տայի, - ու գնում է միջանցքի երկայնքով, Յունգին էլ նրա հետևից:
- Ի՞նչ է եղել, - Թեհյոնը կանգ չի առնում, ոչ էլ պատասխանում հարցին: Յունգին զայրանում է: Բռնում է ուսից, - ի՞նչ է եղել:
Թեհյոնը կրծում է շրթունքն ու խառնում սեփական մազերը.
- Չեմ կարող... ես չեմ կարող ասել:
- Էդ ի՞նչ պիտի լինի, որ չես կարող ասել:
- Ե՛ս՝ չէ: Չեմ կարող, - իսկ հետո երկար մտածելու ժամանակ չի մնում, - դա իմ պատմությունը չի: Մի օր... նա, երևի կասի, բայց ոչ ես, ոչ հիմա:
***
Թեհյոնը հայտնվում է արագ, Ջիմինի մայրը նրան հարցախեղդ չի անում: Միայն մեկ նախադասություն. ապրես, որ նրա կողքին ես: Թեհյոնին մի պահ թվում է, որ տիկին Փաքն ամեն ինչ գիտի: Որդու բոլոր գաղտնիքները: Ամենաչնչինն ու ամենածածուկ տեղում ամուր պահպանվածը: Բայց տիկին Փաքը ոչինչ չի ասում, միայն խնդրում է հետը Ջիմինի սենյակ տանել կտրատած միրգը:
Ջիմինն ուղղակի պառկած է անկողնուն ու ընկերոջ ներս մտնելուն պես նստում է: Ուղղակի բոլոր գործողությունները դանդաղ էին: Երևում էր, որ մի բան նրա վրա ազդել է: Ազդել է այն աստիճան, որ նա չի ցանկացել դպրոց գալ.
- Հոգիս իրար է խառնել ու հանգիստ թինկը տված է:
Ջիմինը թույլ ժպտում է. նա չէր ցանկանում, որ ընկերն իր համար այսքան անհանգստանա։ Չէր ցանկանում անհանգստության պատճառ դառնալ առհասարակ ինչ-որ մեկի համար, բայց հիմա մորից սկսած մինչև լավագույ ընկերը անհանգիստ են.
- Կներես։ Ավելի լավ էր տուն գնայիր։
Թեհյոնը միայն միրգը սեղանին է դնում ու պառկում ընկերոջ անկողնու վրա' դեպի իրեն ձգելով Ջիմինին։ Նա նույնպես պառկում է։
Երկու ընկեր նայում են դատարկ առաստաղին ու րոպեից ավել ոչինչ չեն ասում։ Իսկ հետո, տարօրինակ է, բայց Ջիմինն է առաջինը խոսում։ Թեհյոնը սպասում էր, որ ինքը հարց կտա ու Ջիմինը կպատասխանի։ Բայց չէ։ Ջիմինն ավելի քան լի է բառերով, որոնք զարկում են ներսի դարպասներին' պահանջելով իրենց դուրս թողնել։ Բառերն ստեղծում են տեղատարափ։ Բառերը նրան ցավ են պատճառում.
- Երևի ես եմ բարդացնում։
Թեհյոնն սպասում է. Ջիմինը կասի։ Ջիմինին ժամանակ է պետք.
- Նա կռահեց։ Ես ուղղակի չէի կարծում, որ ամեն ինչ էդքան ակնհայտ է։ Ու ես հերքեցի։ Հերքեցի ու փախա։ Վախկոտի պես։
Թեհյոնը մի քիչ երկար է մտածում խոսքերի շուրջ։ Փորձում հասկանալ' ի՞նչը կռահեց։ Հասկանալ' ի՞նչը հերքվեց։ Հասկանալ... որն է լուծումը։ Փախչե՞լը.
- Նա վիրավորե՞լ է քեզ։
Ջիմինը լռում է։ Երկար է մտածում։ Հայացքը հառում է մի կետի, իսկ հետո կտրուկ նստում։ Նրա հետևից նստում է նաև Թեհյոնն ու տեսնում ընկերոջ հուսահատ հայացքը. ուրեմն վիրավորել են, մտածում է.
- Չէ...
Երկուսն էլ ոչինչ չեն հասկանում.
- Բա՞...
- Ոչինչ չկա... ասաց՝ դրանում ոչինչ չկա: Նա...
Նա պարզապես ուզում էր խոսել, իսկ ես փախա: Փախա, որովհետև ոչ մեկի հետ, բացի քեզնից, Թեհյոն, էդ թեմայով չեմ խոսել: Վախեցա... վախեցա դուրս գալ պահարանից ինչ-որ մեկի առջև, բացի քեզնից:
Ջիմինն էդքանը չասաց... Նրանք իրար հասկացան առանց բառերի:
Կիսալուսավոր սենյակ, տարածված վախի տհաճ բույր, ջերմ Թեհյոն: Էդտեղ ավելորդ է միայն վախի տհաճ բույրը: Մնացածը Ջիմինն ուզում է թողնել էդպես: Ինչպես կա:
Իսկ հետո Թեհյոնը նրան թևեր կտա: Կասի, որ ամեն ինչ լավ է: Դա արդեն լավ է, դրական բան կա: Մնացածն էլ աստիճանաբար կլինի: Նրա մասին արդեն երկու մարդ գիտեն ու տրամադրված են դրական: Դա պրոգրես է: Մնացածն աստիճանաբար: Քայլ առ քայլ:
Ամեն ինչ լավ է:
* Աստվածաշնչում կար չէ՞ նման պատմություն։
