Իվերջո, ամեն ինչ շատ լավ է իրական լինելու համար
Ժամանակ դեռ կա:
Ասում ես ու պլանավորածդ գործերը թողնում ես վաղվան, ասում ես՝ կհասցնեմ: Վաղը գալիս է, իսկ դու հասկանում ես.
Ժամանակ չկա:
Դա ավելի լավ սկսում ես հասկանալ մեծանալով: Երբ սկսում ես չհասցնել:
Տղերքը մեծ ու հրաշալի պլաններ չունեին ամռան համար: Միայն թե բոլորն էլ տխրում են, երբ անհրաժեշտ է լինում ցտեսություն ասել անհոգ արձակուրդներին ու նորից բարև դասերին: Դասերն իրենց հերթին մխիթարանք են... անհոգության մի նշույլ էլ էդտեղ կա: Դու ուղղակի տրվում ես դասերին՝ առանց մտածելու... հեռավոր ապագայի մասին: Որ էդ պահին է հեռավոր թվում: Թե չէ...
Ժամանակ կա, բայց այն կարող է չհերիքել:
Ջիմինենց տան վեռանդային*, ինչպես քաղաքին, իջել է երեկո: Արևը շատ չէր հեռու մայրամուտից: Թեհյոնն էստեղ է: Ամառային երեկոյի տաք օդը ստիպում է ցանկանալ, որպեսզի ամառը չավարտվի: Կլոր, ոչ այնքան մեծ սեղանի շուրջ սկզբում նստած է նաև Ջիմինի հայրը: Ամռան վերջին օրը ընտանիքին նվիրելու նրա գաղափարը իրեն լրիվ արդարացրել էր.
- Մենք միշտ էս օրն ընկերներով գնում էինք գետը, լողանալու: Դուք տենց պլաններ չե՞ք կազմում:
Տղաները նայեցին իրար.
- Դե, - Թեհյոնը, - մի անգամ գնացել ենք ձիաբուծարան: Իդեպ, - ոգևորված, - եթե ես չեմ հավաքում ընկերներին, նրանց մտաքով անգամ չի անցնում ինչ որ տեղ գնալու մասին: Էնպես որ, - նայելով Ջիմինին, - պիտի ինձ շնորհակալ լինես, որ չես փտել տանը:
Պարոն Փաքը ծիծաղում է, մինչ Ջիմինը հարգալից խոնարհվում է ընկերոջը.
- Դեռ երկու տարի ունեք: Դասն իր հերթին, բայց գոնե մի յուրահատուկ օր կարելի է ընտրել հետաքրքիր բանով միասին զբաղվելու, օրը հիշարժան դարձնելու համար:
Իսկ հետո նա ուզում է գնալ տուն՝ տղաներին առանձին թողնելու համար, բայց որդու ձայնից կանգ է առնում.
- Տատի՛:
Իսկ տատիկը նոր-նոր տուն էր գալիս: Ինչ-որ մեկը նրան օգնում էր գնումները տուն հասցնել: Իսկ որդին նույնպես դա տեսավ՝ ընդառաջ գնալով նրան.
- Մայրի՛կ: Ասեիր, որ գնելու բան ունես: Ինձ թվաց մենակ հյուր ես գնում: Իմանայի, ընդառաջ կգայի մեքենայով:
- Վայ, ինչ աղմուկ է՜, - ծիծաղելով, - ինձ օգնեց էս բարեհամբույր երիտասարդը: Ու մինչև նրան շնորհակալություն չհայտնեմ, տուն չեմ թողնի:
Եվս երկու երիտասարդ զարմացած նայում էին այդ ուղղությամբ ու հասկանում էին... որ ոչինչ էլ չեն հասկանում:
Որովհետև Յունգին էդպես էլ չկարողացավ համոզել Սեբյոլ տատիկին հակառակը:
***
Կանայք սեղանը գցում են հենց վեռանդայում, շատ արագ: Սումինը ճտպտալով տեղադրում է ափսեները, որովհետև՝ չեմ կոտրի, արդեն մեծ եմ: Իսկ ուտեստները մեծերն են դնում: Որովհետև՝ փոքր ես, կթափես: Տղերքին մոտ չեն թողնում. նստեք, զրուցեք, սպասեք, մինչև սեղանը պատրաստ կլինի: Միայն թե... անհարմար էր: Այնքան, որ Թեհյոնն էլ էր մոլորվել.
- Ո՞րտեղ հանդիպեցիր տատիկին, - ու սպասում կա, որ, երևի, Ջիսուենց խանութում:
- Թաղի խանութում:
Չի ասում՝ Ջիսուենց, բայց դե ամեն ինչ պարզ է.
- Հյո՛ն, - հանկարծ սկսում է Թեհյոնը՝ գրավելով ավագ ընկերոջ ուշադրությունը, - էսօր Ջիմինի հայրը խորհուրդ տվեց, որ ազատ ժամանակ մի հետաքրքիր, հիշվող բան կազմակերպենք: Մենք հասկացանք, որ չհասցրինք դա անել ամառվա վերջին օրը, - աստիճաններին էր նստած, հենված ձեռքերին:
- Բա ի՞նչ եք արել էսքան ժամանակ, մանավանդ, որ իրար հետ եք, - քմծիծաղով:
Ջիմինն ուզում է հարվածել նրան.
- Նա նկատի ուներ խմբով ինչ-որ բան անելը: Երկուսով միշտ չի հետաքրքիր մեծ բան կազմակերպելը: Չէ՞, Ջիմին-ա:
- Լավ էլ հետաքրքիր է: Երկուսով էլ կարելի է հետաքրքիր բան կազմակերպել, - նայում է ձեռքերին, - բայց վերջին օրերը միշտ սիմվոլիկ են: Դրանք հետաքրքիր են դառնում, երբ իրոք ինչ-որ բան ես կազմակերպում:
- Սիմվոլիկը մենակ վերջին օրերը չեն, - շարունակում է Յունգին՝ իր վրա գրավելով կրտսեր տղաների ուշադրությունը, - դու ես որոշում որոնք են լինելու կյանքիդ սիմվոլիկ օրերը: Դու ես որոշում՝ որոնք ուրախ անց կացնես, որոնց ուշադրություն չդարձնես:
Իսկ հետո նրանց զրույցը կտրվում է Ջիմինի մոր հրավերով... հաց ուտելու:
Կար մի հետաքրքիր իրողություն: Թեկուզ և Ջիմինի կոկորդ ուտելիքը դժվար էր հասնում, որովհետև ոգևորված էր, որովհետև անհանգիստ էր, որովհետև... անսպասելի էր, նա վայելում էր ուտելիքը... որովհետև Յունգի հյոնին լրիվ ուրիշ տեսանկյունից տեսնելը, նրա հետ նույն սնունդը կիսելը, նրա հետ նորմալ զրուցելը, նրան ծնողներին ծանոթացնելը... սրտի թրթիռ էր առաջացնում: Ջիմինը երազել անգամ չէր կարող, բայց մյուս կողմից... Նա ուզում է զսպել իր մտքերը, որովհետև...
Յունգին նրա հետ չի, ամեն ինչ պատահականություն էր: Գործողությունների հերթականությունը նրանց չի բերում իրար մոտ... ծնողները ոչինչ չգիտեն:
Իվերջո, ամեն ինչ շատ լավ է իրական լինելու համար:
Դեպի Յունգին երկար հայացքի համար նրան աննկատ ճմթում է Թեհյոնը: Յունգին ինչ-որ բան նկատում է ու մտածում, որ ընկերական գաղտնիքներ են: Իվերջո՝ Ջիմինն ու Թեհյոնը իրար մոտ են այնքան, որքան շատերը չեն մոտ.
- Սոնբենի՜մ, - հանկարծ բացականչում է Սումինը՝ գրավելով բոլորի զարմանքը, - ես քեզ էդպես էլ չպատմեցի Աննայի մասին, - Յունգիի հայացքում հարց է նկատվում. մոռացել է: Ու փոխարենը Ջիմինն է խառնվում իրար:
- Սումին-ա, - խիստ հայացքով, - չի կարելի:
- Բայց ինչի՞, - ձգում է հարցը, - ես խոստացել եմ:
- Ինչի՞ մասին է խոսքը:
Մոր հարցին պատասխանում է Սումինը, իսկ Ջիմինն էլի լռեցնում նրան: Յունգին ոչինչ չի խոսում: Ուշադիր նայում է Ջիմինին՝ մտածելով, որ Ջիմինն իր դասը լավ է քաղել: Բայց դե... հիմա հեչ սիրուն պահ չի: Սիրուն չի, երբ լռում է ինքը ու խոսում են իր փոխարեն.
- Ես, - դպրոցականները լռում են Յունգիի խռպոտ ձայնի ներքո, - հիմա արդեն ուշ է, ես էլ պիտի գնամ, - ու ժպտում է նուրբ, - խոստանում եմ՝ հաջորդ անգամ անպայման կլսեմ քո պատվածքը, լա՞վ:
- Եթե հանկարծ ես չկարողանամ պատմել, - շարունակում է Սումինը, - Ջիմին-օպպան էլ գիտի էդ պատմվածքը, նա էլ կարող է պատմել:
Ջիմինը լիովին համոզված է, որ չի կարող:
Նա ճանապարհում է Յունգիին: Թեհյոնը նրա հետևից չի գալիս, մենակ է ուզում թողնել: Ուղղակի չի հասկանում, որ դա որևէ բան փոխել չի կարող.
- Ընթրիքի համար շնորհակալ եմ, - Յունգին ձեռքն է տանում դեպի ճակատը: Անհարմար է, - համեղ էր:
Ջիմինը ժպտում է.
- Կփոխանցեմ տատիկին, նա կուրախանա:
Յունգին մի քիչ երկար է նայում նրան: Թվում է՝ աչքերի խորքում ինչ-որ բան է ուզում կարդալ: Մտքերով անցնում է, որ, ուրեմն Ջիմինը հանգիստ նայում է տղերքի աչքերին: Իսկ հիմա էլի փախցնում է.
- Կներես Սումինի համար: Նա ուղղակի երեխա է, - Յունգին նույնպես հեռացնում է հայացքը: Սեփական մտքերը նրան դիսկոմֆորտ են պատճառում:
- Ինչի՞ մասին է էդ գիրքը, - հա, սեփական մտքերը նրան դիսկոմֆորտ են պատճառում: Լեզուն դրանցից արագ է աշխատում, - չնայած մոռացիր... ես գնամ:
Ու մինչ մի քայլ կաներ, Ջիմինն էլի մոռացավ մտածելու մասին: Գիտի, որ ինչ-որ ասելու է, չի գնահատվի: Փորձ ունի.
- Հյո՛ն, - ու թվում է՝ հյոնը չի շրջվի, չի նայի: Բայց դժկամ, Յունգին կիսով չափ թեքվում է դեպի նա, - ուղղակի... իմացիր, որ մանկան շուրթերն ամենաանկեղծն են, - որովհետև եթե իրեն չի հավատում, թող գոնե Սումինի հիացմունքին հավատա:
Հյոնը միայն բարի գիշեր է մաղթում ու հեռանում:
Ջիմինը գիտեր: Ջիմինն ամեն անգամ նույն սխալն է անում: Ասես դասեր չի քաղում:
Ուղղակի, անգամ դասը լավ սովորելով, կարծում է, որ սխալը մահացու չի: Միակ բանը, որ լիովին հասկանում է, դա էն է, որ ինքն էդքան ուժ ու հնարավորություն, Յունգիի աչքերում դեր չունի, որ կարողանա որևէ բան փոխել:
Յունգին առաջվա պես իր պեպենները չի սիրում: Ջիմինն առաջվա պես սիրահարված է նրան:
Ամեն ինչ առաջվա պես նույնն է:
Բայց Ջիմինը շնորհակալ է, որ մի հնարավորություն ստեղծվեց նրա կողքին մի քիչ երկար լինելու:
Որովհետև ամեն ինչ նույնն է:
Տասնյոթամյա Ջիմինն առաջվա պես ցանկանում է մի քիչ երկար ժամանակ իր կողքին պահել տասնիննամյա Յունգիին:
***
Թեհյոնը սիրում էր ամառը, որովհետև դա ամառ էր: Իսկ դպրոցը, որովհետև գոնե ընկերներին կտեսնի: Բայց ոտքերը մի կերպ է քարշ տալիս դեպի դպրոց.
- Ի՞նչ կա:
Ծանր ձեռքը, որ ընկավ ուսին, իրականում հանկարծակիի բերեց: Թեհյոնը չէր սպասում, դրա համար էլ ռեակցիան արագ ստացվեց. արմունկով հարվածը հասավ վախացնողի որովայնին:
Հոսոկը ծալվեց: Բառացիորեն ծալվեց՝ բռնելով որովայնից.
- Հո դու... խելագա՞ր չես, - ու ձայնն էլ մի կերպ էր հնչում:
Թեհյոնը նայում է խոշոր աչքերով՝ առանց հասկանալու, թե ինչ կատարվեց.
- Օյ, - ընդամենը, - բա ո՞վ է էդպես բան անու՛մ:
- Հա էլի, հուհ, - վերականգնվելով, - թե ասա՝ ով էր խնդրում: Ասում ես՝ ինչ կա՞, - էլի ձեռքը գցելով կրտսերի ուսը:
- Ոչինչ էլ չկա, - օրը նոր էր սկսվում, բայց նա արդեն հոգնած էր, - սեպտեմբերի մեկ:
- Դրա համա՞ր ես սենց մթագնած ամպի տեսք ընդունել:
Ուսերն է թոթվում: Իրականում միայն օրը չէր պատճառը: Մտքերում երեկվա օրն էր, մի քիչ ուրախ, բայց տխրության համով պարուրված Ջիմինը: Ընկերը նրան երբեմն խղճում է: Կարծում է՝ Ջիմինը դա չի գնահատի, բայց ի՞նչ արած, երբ իսկապես ոչինչ անել չես կարող.
- Չէ՜, էս սովորական Թեհյոնը չի: Ասա, տեսնեմ:
Թեհյոնը երկար չի մտածում: Դուրս է թռցնում առաջին իսկ մտքերը.
- Արդյո՞ք էդքան տարօրինակ է, երբ ինչ-որ մեկը սիրահարվում է նույն սեռի ինչ-որ մեկին:
Հոսոկը կանգ է առնում, շվարած նայում Թեհյոնին: Կրտսերի ուղեղին հասնում է բարձրաձայնած հարցի երկիմաստությունն ու ճշտում է.
- Ես ուղղակի ֆիլմ եմ տեսել, - արագ-արագ, - հա... ֆիլմ էր: Բոլորը դեմ էին էդպիսի հարաբերություններին, դրա համար հետաքրքիր էր: Շատ պատահական էր ֆիլմը հանդիպել:
Հոսոկը մի քիչ էլ է նայում ու լրջանում... մտքերը հոսում են, իսկ Թեհյոնը չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում նրա գլխում: Հոսոկը միշտ չի էսպես լուրջ, բայց երբ լուրջ է, ուրեմն մի բան պիտի ասի.
- Հասարակության համար ընդունելի չի: Բայց մարդիկ կան, նորմալ են վերաբերվում: Շատերը պայքարում են հասարակության կողմից ընդունված լինելու համար: Շատերն էլ, էն տղերքի պես, չեն ձգում, - հետո էլի լռում է:
- Բայց էդ չի նշանակում, չէ՞, որ պետք է նեղացնել նրանց: Մանավանդ, որ նրանց կողքին մարդ չկա, որ կարող է պաշտպանել:
Հոսոկը նայում է նրան ու մտածում, որ Թեհյոնը ճիշտ է: Էդ մտքերն իր գլխում էլ են պտտվել: Պտտվել են ու կիսատ մնացել: Կիսատ են մնացել, որովհետև էական նշանակություն չի տվել շրջապատի երևույթներին: Կիսատ են մնացել, որովհետև կարծել է, եթե ինքն էդպիսին չի, ուրեմն մտածելու բան էլ չկա... Բայց ինչքան շատ է մտածում, էնքան գալիս է էն եզրակացության, որ ինքն էլ է հասարակության անդամ.
- Բայց էնպես չի՝ շատերն են բացահայտ ասում իրենց կողմնորոշումը: Շատերը թաքցնում են, դրա համար նրանց նկատմամբ որևէ ատելություն կամ չարություն չկա:
- Վատն էլ էդ է, չէ՞ բայց: Նրանք չեն բարձրաձայնում, վախենալով, որ մարդիկ կչարանան նրանց նկատմամբ:
Հոսոկը նրան չի կարող որևէ բան համոզել: Մանավանդ, երբ որոշ չափով համաձայն է: Մանավանդ, երբ չգիտի՝ որն էր իրական պատճառը մտքերի առաջացման: Էս ամենը սովորական ֆիլմի նման չի: Հոսոկը ուզում է սխալվել.
- Դու ինձ չհասկացար: Պարտադիր չի բղավել ամբողջ աշխարհով, թե ով ես դու: Եթե կողքիդ անգամ մեկը կա, ով քեզ կընդունի նենց, ոնց կաս, կարծում եմ էդ էլ է հերիք...
- Ես էդպես չեմ կարծում, - ու շարունակում է քայլել, - մի հոգին շատ-շատ քիչ է:
Ջիմինը կանգ է առնում իր դեղին հեծանվով իր մշտական տեղում: Թեհյոնը տեսնում է նրան: Երեկ Թեհյոնը, իր կարծիքով, մի անիմաստ հարց տվեց ընկերոջը.
- Չե՞ս խոստովանի:
Ջիմինն էդ պահին հիշում էր Ջեհյոնին տված իր խորհուրդը. աշխարհի փուլ գալու դեպքում նորը կկառուցես: Սակայն հետաքրքիր էր, որ Ջիմինը կարծում էր, որ էդքան ուժ չունի նորը կառուցելու համար: Դրա համար.
- Ես էդքան ուժեղ չեմ:
Թեհյոնը նրան հակառակը չհամոզեց: Որովհետև կարծում էր՝ անիմաստ հարց է տվել:
