Թերևս ում հետ շփվես, նրանից էլ կվարակվես: Դա նորմալ է
Սեբյոլ տատիկը առաջին անգամ մոռանում է, որ ինչ-որ բաղադրամաս չունի ուտեստից.
- Ջիմին-ա՜, - ու Ջիմինը դուրս է գալիս իր սենյակից:
Տատիկը նրան ցուցումներ է տալիս. Գնա և գնիր այսինչ բանը.
- Լրիվ մտքիցս թռել էր:
Ջիմինը ժպտում է ու տանից դուրս գալիս: Դեղին հեծանվի անիվները պտտվում են՝ արտացոլելով մայր մտնող արևի շողերը: Ջիմինը մի պահ խորանում է մտքերում. Տատիկը երբեք ոչինչ չի մոռանում: Սեբյոլ տատիկն առաջին անգամ ինչ-որ բան մոռացավ: Դա նրան տխրեցնում է: Սեբյոլ տատիկը փոքր չի, մեծ է... տատիկ է: Նորմալ է, որ ինչ-որ բան է սկսում մոռանալ, բայց... Ջիմինը չի ուզում դա: Ջիմինն էլ փոքր չի, գիտակցում է, որ մի օր...
Մի օր բոլորն էլ գնում են... անվերադարձ: Թողնում են հիշողություններ ու գնում: Դա միայն տատիկների ու պապիկների մասին չի: Դա բոլորի մասին է:
Տարիքի հետ սկսում ես գիտակցել, որ դու մեծանում ես ու քո հետ մեծանում են նաև նրանք: Ու երբ սկսում ես դա գիտակցել, գիտակցում ես նաև ցավը, որ պարուրում է էդ գիտակցումը: Գիտակցումը, որ...
Գնում են անվերադարձ:
Ջիմինն ուզում է բռնել նրանց, որ չգնան:
Ջիմինը կայանում է հեծանիվն, իսկ խանութը դիմավորում է վաղուց ծանոթ տիկին Բյոնի դեմքով, ում օգնում է դուստրը: Ջիմինը մի պահ կանգ է առնում: Տիկին Բյոնի դուստրը այնքան ծանոթ է թվում: Ու հետո հասնում է գիտակցումը, որ...
Յունգին երբեք իրեն էդպես չի ժպտացել, ինչպես նրան:
Նրա անունը Ջիմինը մինչև հիմա չի հիշում: Ու դա շատ ամոթ է.
- Ջիսու-յա, արի սպասարկիր, ես մի րոպեով մտնեմ պահեստ:
Ջիմինն ուշքի է գալիս ու բարևում ընդհանուր: Ջիսուն էլի բարևում է ժպիտով.
- Բարև, Ջիմին-ա:
- Ըմ, - հայացքը փախցնելով, - բարև, - ու շշուկով:
Ջիսուն նայում է ուշադիր ու մի քիչ էլ զարմացած.
- Ինչո՞վ կարող եմ օգնել:
- Մեխակ էի ուզում գնել: Երկու տուփ*:
- Տատի՞կդ է ուզել, - նույնպիսի ջերմ ժպիտով, - Մաման հատուկ նրա համար ստանում է անհրաժեշտ բոլոր տեսակի համեմունքներ: Ինչ ուզես, կարող ես գտնել, - ծիծաղով:
Ջիմինը, երևի, մի քիչ թեթևություն է զգում: Դրա համար էլ ինքը մի քիչ ձգված, մի քիչ էլ իսկապես ուրախ ժպտում է.
- Շնորհակալ եմ, նա էլ գնահատում է դա, - իսկ Ջիմինը գնահատեց նրա ժպիտը: Երևի այդքան չարանալ նրա հանդեպ պե՞տք չէր:
Բայց նա, ախր, չի չարացել: Երևի մի քիչ նախանձել է: Որ նա... Ջիսուն է:
Յունգին նրան ժպտում է այնպես, ինչպես իրեն երբեք չի ժպտացել: Տղաների ու աղջիկների միջև տարբերությունը, երևի, դա է:
Երևի ներողություն խնդրել էլ չարժի, չէ՞ որ Ջիսուն չի էլ հիշում իր բարևը: Երևի իմիջիայլոց էր նետել:
Բայց մի բարևը մի հոգու համար բավականին ծանր հետևանքներ թողեց:
Ջիմինը որոշել է էդ մի դրվագը գոնե թեթև տանել: Ու չէ, դա նրան Յունգին չի սովորեցրել:
Պարզապես Ջիսուն սիրալիր է ժպտում: Էնպես, որ ուզում ես փոխադարձ ժպտալ:
Ուղղակի, Ջիմինի կողմից նրան ուղղված ժպիտը մի քիչ կեղծ է ստացվում:
Համեմունքը դնում է հեծանվի զամբյուղում ու նստում, բայց շարժվել չի կարողանում, որովհետև Ջիսուն դուրս է թռչում խանութից ու բռնում ղեկը: Ջիմինը նայում է բավականին զարմացած, բայց չգիտես՝ ինչու, մտքերում տարածվում է մի բան, ու նա մի տեսակ համոզված է, որ սյուժեն հենց էդպես էլ ընթանալու է.
- Ջիմին-ա, կարո՞ղ եմ մի բան խնդրել:
***
- Վաու:
Հոսոկի, և ոչ միայն Հոսոկի առջև տարածվում էր քաղաքից փոքր ինչ դուրս գտնվող ձիերի ֆեռման: Առաջարկը Նամջունինն էր: Իսկ Թեհյոնն ուղղակի էդ մասին լսել էր, համոզել, որ ինքն էլ գա իրենց հետ, իսկ ինքն ասել էր Ջիմինին: Ամեն ինչ շատ պարզ է:
Ու Ջեհյոնը: Որովհետև նրա եղբայրն աշխատում է էստեղ.
- Հրաշալի է, - Թեհյոնի բերանն էդպես էլ բաց է մնում:
Ջիմինը հետևում է ցանկապատի ներսում անկանոն վազվզող ձիերին: Ցանկապատը բավականին մեծ էր, նրանց համար վազվզելու տեղ կար, բայց...
- Ինչ ազատ ե՜ն, - շարունակում է Թեհյոնն, իսկ Ջիմինը, մի տեսակ, էդպես չի կարծում:
- Չէի ասի, - քթի տակ:
Թեհյոնը չլսեց: Ոգևորությունը փակել էր ականջները.
- Քանի՞ ձի կա ֆեռմայում, - Նամջունի հարցին արդեն ծակուծուկերին ծանոթ Ջեհյոնն է պատասխանում:
- Քսաներեք, որից երեքը՝ մտրուկ:
- Էստեղ երկուսն են, - նկատում է Ջիմինը:
- Մյուսը թույլ է, ախոռում է, եղբայրս մոտն է:
Մի որոշ ժամանակ հիացմունքի աղմուկ է տարածվում. էն մեկն ինչ լավն է, էն մյուսն ինչ հզոր է...
Ու հանկարծ Ջիմինի հայացքը մեկն է գրավում. Սպիտակ ձին իր վրա ուներ... պեպեննե՞ր: Ամբողջ մարմինը շագանակագույն կետերով էր պատված: Ու դա շատ գեղեցիկ էր: Ջիմինը նայեց մի կողմ, գտնելու համար Յունգիին, որովհետև հետաքրքիր էր՝ նա է՞լ է նկատել: Բայց Յունգին նայում էր հեռախոսին: Հետո բարձրացնում գլուխը, նայում ձիերին ու մի պահ քարանում: Ու հեռանում ցանկապատից.
- Ու՞ր, չե՞ս ուզում հեծնել, - Ջեհյոնը, - սենց հնարավորություն դժվար էլ լինի, հատուկ մեր համար եմ պայմանավորվել:
- Հավես չկա, - ու նստում է ախոռի մոտ դրված նստարանին:
Ջիմինի հոգոցն անլսելի էր. Երևի նկատեց:
- Ծերուկը մնում է ծերուկ, - Հոսոկը:
- Մոտենա՞նք, - Ջեհյոնը:
- Բոլորին էլ կարելի՞ է:
- Հա, կարծում եմ խնդիր չպիտի առաջանա:
Ջեհյոնը իրեն պահում է մասնագետի պես: Ասես ամբողջ կյանքում ձի է հեծնել: Ժպտում է ձիերին այնպես, ասես հազար տարվա ընկերներ են: Չնայած.
- Մոտենում եք դանդաղ ու չեք լարվում: Նրանք զգում են ձեր անհանգստությունը. դուք եք անհանգիստ, իրենք են անհանգիստ, - ձեռքն է մոտեցնում ձիու դնչին ու շոյում: Սպիտակ ձին հանգստությամբ գլուխն է դեմ տալիս նրա ձեռքին: Ամեն ինչ մի տեսակ, մի քիչ հեքիաթային է թվում, - սա իմ ընկերն է, Զևսը**:
Մի ուղղությունից պարզ լսվում է Հոսոկի քրքիջը.
- Տենց լավ չի, Իձանամի*** կդնեիր:
- Իձանագի***, հիմար, - Նամջունը, - արու է:
Ջիմինը ծիծաղով հետևում է Ջեհյոնի ցուցումներին ու մոտենում աչքի ընկած ձիուն: Պուտերով ձին նկատում է շարժն ու մի քիչ հետ գնում. Ասես շփվել չի ուզում: Դա Ջիմինին մի քիչ ինչ-որ մեկին է հիշեցնում.
- Հեյ, - շշուկով: Ու իսկապես չի լարվում: Չի վախենում: Ուզում է ձին էլ իրենից չվախենա, - ես ընկեր եմ, մի վախեցիր:
Թեհյոնը մի երկու մետր հեռավորությունից ուսումնասիրում է նրա քայլերը բավականին մեծ հետաքրքրությամբ: Ու մի պահ շրջվում դեպի ախոռի մոտ նստած Յունգին: Նա զրուցում էր մտրուկի մոտից նոր դուրս եկած Ջեհյոնի եղբոր հետ: Թերևս Թեհյոնն էդպես է կարծում, որ նա Ջեհյոնի եղբայրն է: Նա ձեռքը դնում է հարգանքով խոնարհվող ՅՈւնգիի ուսին ու դիտում երիտասարդներին: Յունգին նույնպես: Հետևում է ցանկապատի ներսում կատարվող անցուդարձին:
Հոսոկը վախենում է մոտենալ ձիուն: Նամջունը վախենում է ոչ թե ձիուց, այլ ինչ-որ բան սխալ անելուց: Հատկապես վախենում է, երբ ձիերն իրեն մեջքով են կանգնում. վերջույթներից հարված ստանալը սարսափեցնում է նրան: Ջեհյոնը փորձում է սեփական օրինակով սովորեցնել ձիուն մոտենալու քայլերը: Թեհյոնն ուղղակի նայում է... արդեն Ջիմինին, ով արդեն ձեռքը դրել է ձիու դնչին ու շոյում է: Ձին ոչինչ չի անում: Պարզապես կանգնել է: Ապա Ջիմինը ժպտում է շատ նուրբ: Ձին ինքնուրույն, ասես զգալով դիմացի անձի բնավորությունը, դունչն է հենում նրա ափին: Ջիմինը շարունակում է շոյել ու ժպտալ: Սա նրան մի փոքրիկ հաղթանակ է թվում: Մի փոքրիկ ջերմություն: Մի փոքրիկ ուրախություն: Մի փոքրիկ էլ երջանկություն:
Մարդուն, երբեմն, երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ.
- Հրաշալի է, - Յունգին լսում է Ջեհյոնի եղբոր հիացած ձայնը, - էդ ձիու հետ միշտ չի հեշտ: Էդ տղան, ուրեմն, լավ բնավորություն ունի:
- Ջիմի՞նը, - ու Յունգին անտարբեր ձայնը համահունչ չի ոչ այնքան անտարբեր հայացքին, որը չի կտրում կատարվողից: Նրան ոչինչ արտասովոր չի թվում: Ձի է էլի: Մեծ բան չէ:
- Դե, եթե դա նրա անունն է, - նայելով Յունգիին, - մոտեցիր, դու էլ փորձիր:
- Ես էստեղից կնայեմ...
Մկանուտ երիտասարդին բոլորը նայում են բերանները բաց, իսկ Ջեհյոնը աչքերն է ոլորում.
- Ծանոթացեք, Ոնհոն է, ավագ եղբայրս, - ու եղբորը ծանոթացնում է մյուսներին:
Էդ պահին պեպեններով ձին դնչով դիպչում է Ջիմինի ուսին, ասես իր վրա է ուզում գրավել նրա ուշադրությունը: Տղան ժպտում է ու նորից շոյում: Իսկ Հոսոկի բերանն ընդհանրապես բաց է մնացել.
- Վաու... ես էլ երևի սպորտով սկսեմ զբաղվել:
Ոնհոն ծիծաղում է.
- Լավ որոշում. առողջ մարմնում առողջ ոգի, - իսկ մի քանի վայրկյան անց, - էն ձեր անհավես երիտասարդն ուղղակի անհավես է, թե՞ նեղացրել եք, - մատնացույց անելով Յունգիին:
- Նրա հավեսը տեղն է մենակ բասկետբոլ խաղալիս, նորմալ է, - պատասխանում է Նամջունը:
Ջիմինը կտրվել է զրույցից ու շարունակում է ձիուն շոյել՝ չնկատելով մոտեցող տղամարդուն.
- Նրան, - ինքը նույնպես շոյում է պեպեններով ձիուն, Ջիմինի ձեռքից ոչ այնքան հեռու - ինչպես նաև էստեղ որոշ ձիերի հանդեպ դժվար է մոտեցում գտնել: Մարդամոտ չեն: Բայց քեզ մոտ լավ ստացվեց, - ու ժպտում է:
- Շնորհակալ եմ, - շարունակելով ժպտալ:
Իսկ րոպեներ անց մոտենում է նաև Յունգին: Երևի հավեսը տեղն էր եկել: Երևի ինքն էլ չէր հասկանում, թե ինչի է գալիս... Երևի հետաքրքրասիրությու՞նն էր: Չէ, չգիտի: Բայց մոտեցավ՝ ստիպելով ընկերներին էլ զարմանալ իր արարքից: Որովհետև Յունգին եթե ասում է ՉԷ, ուրեմն դա մինչև վերջ մնալու է Չէ:
Յունգին խախտում է սեփական կանոնը:
Մարդիկ տարբերվում են նաև էդ կանոններով: Շատերը կարծում են, որ աշխարհում կան միայն հա-ն ու չէ-ն: Սևն ու սպիտակը: Անել կամ չանելը: Էդ մարդիկ ոսկե միջին չեն տեսնում: Ու կան մյուսները: Թեհյոնը էդ տեսակ մարդկանց, երևի Ջիմինին առաջին հերթին, անվանում է ծիածանագույն****: Որովհետև Ջիմինն ունակ է կյանքում ոսկե միջին գտնել, վատում լավը տեսնել... Երբեմն, իհարկե, երբ հարցը իրեն է վերաբերվում, կորցնում է էդ ունակությունը, բայց ընդհանուր առմամբ հա... նա շատ գունավոր է: Նույն բնութագրիչը նա կտար նաև Թեհյոնին:
Թերևս ում հետ շփվես, նրանից էլ կվարակվես: Դա նորմալ է:
Բայց Յունգին էդպիսին չի:
Յունգին ունի միայն հա կամ չէ, սև կամ սպիտակ, անել կամ չանել ընդհանրապես: Ու թեքվել այդ ճանապարհից նրա համար բավականին բարդ է: Ինչպես բարդ է լեզու գտնել նրան հակառակ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ: Նա դա գիտակցում է, բայց կա փոխվել, կամ ընդհանրապես չփոխվելու հարցը:
Նա որոշել է չփոխվել:
Իսկ հիմա, մոտենալով շագանակագույն ձիուն, նա ուղիղ նայում է նրա աչքերին ու ոչինչ չի անում: Ձին մի քիչ լարվում է, բայց Յունգին դա չի նկատում: Ձին նրա ձեռքը չի ընդունում ու սկսում է անկանոն շարժումներ անել: Յունգին մի քիչ պանիկայի մեջ է ընկնում՝ հետ-հետ գնալով.
- Հեյ-հե՛յ, - Ոնհոն՝ մոտենալով ձիուն, որը նրան տեսնելով մի քիչ հանգստանում է, - էդպես ձիուն չեն մոտենում, դա ագրեսիվ էր: Ես խառնվել չեմ ուզում, - ու շրջվում է դեպի մի քիչ անհանգստացած Ջիմինը: Ինչու՞ մի քիչ: Ջիմինի աչքերը հերթական անգամ բացահայտում էին նրա անհանգստությունը, Ոնհոն դա շատ լավ նկատեց, - նայիր Ջիմինին ու սովորիր, եթե ուզում ես, բայց էլ էդպես չանես: Ես գնամ մտրուկի մոտ:
Ջիմինի ձեռքը սահում է պեպենոտ ձիու դնչից, իսկ Յունգին հոգոց է հանում՝ նայելով նրա աչքերին.
- Դե, սովորեցրու, էս մի բանին հո տիրապետում ես:*****
Ջիմինը կծում է շրթունքը, որովհետև նեղանում է նրանից, բայց կարծես որոշում է պինդ մնալ ու էմոցիաներին չտրվել: Բայց մի բան ասել կարելի է: Ընդամենը մի նախադասություն.
- Ես չեմ խնդրել, որ ինձ դիմես:
Այսինքն՝ լռիր ու սուս ու փուս հետևիր, բայց դա հաստատ չի ասի:
Յունգին էլ մի քիչ ապշում է. Ջիմինը հաստատակամ է, ինչպես երբեք.
- Ուղղակի հանգիստ եղիր: Ձին հո քեզ ոչինչ չի արել, - երկրորդ անգամ է կծում Ջիմինը, - ցույց տուր, որ թշնամի չես: Ջեհյոնն ասում է՝ նա զգում է քո անհանգստությունը, - Ու էդ ամենը, լավ է, թե վատ, ցույց է տալիս սեփական նախընտրած՝ պեպեններով ձիու օրինակով, - նա շատ լավն է, - նուրբ ժպիտով: Ապա, ասես, ձիուն է համոզում լսելի շշուկով, - Յունգին քեզ ոչինչ չի անի, նա էլ է լավը, միայն կշոյի, - ու ձեռքն է իջեցնում: Մի քիչ վարդագունում սեփական խոսքերից: Բայց հասկանում, որ Յունգին նրա խոսքերի վրա անգամ չկենտրոնացավ, - դե, - անցնելով Յունգիին:
- Լավ բարեխոս ես, - քմծիծաղով:
Անկախ ամեն ինչից, նախորդ ձիուց հետո սիրտը մի քիչ թրթռում էր: Բայց ձեռքը դանդաղ բարձրացրեց, իսկ դնչին մոտեցնելիս ձին էլի փոքր ինչ հետ գնաց: Ջիմինը ստիպված էր, թեկուզ առանց հասկանալու, միջամտել.
- Շշ՜, հանգիստ, - շշուկով: Վերցնում է օդում անշարժացած Յունգիի ձեռքն ու դանդաղ մոտեցնում, - նա ընկեր է: Ուղղակի մի քիչ անհանգստանում է, օգնիր նրան:
Ու խոսքն ուղղված էր ձիուն, ոչ թե Յունգիին: Յունգիին, ում ձեռքը դիպավ պեպեններով ձիուն: Իսկ Ջիմինը հասկացավ մի բան. Նրա ձեռքը դեռ Յունգիի ձեռքի վրա է: Ու պահը չփչացնելու համար դանդաղ վերցրեց այն՝ թույլ տալու համար Յունգիին ինքնուրույն վայելել պահը:
Ցանկցություն է առաջանում վերցնել տեսախցիկն ու ֆիքսել պահը... ֆիքսել պեպենավոր զույգերին: Ինքը դա չի անի, հաստատ Յունգի հյոնից էլի մի կծան բան կստանա: Մյուսներին էլ չի ասի:
Ու, թեկուզ առանց ասելու, Հոսոկը հեշտությամբ ֆիքսում է էդ պահը. Յունգին նայում է ձիուն՝ ձեռքի ափը նրա դնչին: Ջիմինը նայում է Յունգիին նուրբ ժպիտով: Հոսոկը ոչինչ չի հասկանում, բայց էդ հայացքը նրան մի քիչ ուրիշ է թվում: Թեև բարձրաձայնելու ցանկություն չկա: Հայացք է էլի... կարող է սխալ է հասկանում:
Համենայն դեպս գեղեցիկ նկար էր ստացվել:
* Մեխակ - Համեմունքի մասին ա խոսքը, ինչպես նկատեցինք:
** Զևս - Օլիմպական աստվածերի հայրը:
*** Իձանամին և Իձանագին (Առաջին կին և Առաջին տղամարդ)ճապոնական միֆալոգիայում մի շարք ոչ մարդակերպ աստվածներից հետո առաջին մարդակերպ աստվածներն էին, ամուսիններ, նրանցից են ծնվում երեք մյուս գլխավոր աստվածները, ինչպիսիք են՝ Ամատերասուն, Սուսանոն, Ցուկույոմին (իմ սերը ճապոնական միֆալոգիայի նկատմամբ:դ)
**** ծիածանագույն - Կյանքից դրվագ) Չխառնեք գենդեռային հարցի հետ, սա ուղղակի ավելի դրական, լավատես մարդու նկարագիր ա էստեղ:
***** Ֆլեշբեք դեպի նախորդ գլուխ
