Էդպես կյանքում չի լինում
Երբեմն ասում են, որ մարդու մասին առաջին տպավորությունը խաբուսիկ է: Մարդկանց մյուս մասն ասում է, որ, չէ, թե ճիշտ է, ապա առաջին տպավորությունն է ճիշտ: Երևի մարդուց է գալիս: Ինչ ցույց տաս, այն էլ կլինի քո մասին առաջին տպավորությունը:
Չոնինի մասին առաջին տպավորությունն այնքան էլ դրական չէր: Բայց դե մորը ուղիղ տեքստով դա ասե՞լ.
- Չոնինն այնքան էր փոխվե՜լ, - Ջիմինը մի կերպ կուլ է տալիս տատիկի ու մայրիկի միասնական պատրաստած ընթրիքը: Այն համեղ է, ուղղակի թեման փոխեք, - արդեն հանդիպե՞լ ես, - Ջիմինը գլուխն է դրական շարժում, - երևի դժվար է ընտելանալը: Շփվիր նրա հետ, դա, կարծում եմ, նրան կօգնի արագ ընտելանալ:
Ու, ախր, պատասխանելու ոչ մի բառ լեզվի ծայրին չի գալիս: Որովհետև մանուկ չեն, մեծացել են արդեն, միևնույնն է մոռանալ է պետք անցյալը, բայց չէ... անցյալը գալիս է ու կանգնում կոկորդին: Դե արի ու շփվիր, որ արագ ընտելանա: Ընդհանրապես ցանկալի կլիներ, որ չընտելանա:
Սպորտային դաշտի կողքին տեղակայված ջրի ծորակը փրկություն է: Բոլորը հերթով կիտվում են դրա կողքին: Ջիմինը լվանում է դեմքը, թրջում վիզը, մի քիչ էլ խմում: Հետո հետ է շրջվում ու հանկարծակիի գալիս. Չոնինը կանգնած է նրա առջևում ու բավականին մոտ: Ջիմինը հենվում է ծորակին.
- Վախեցրիր:
- Կներես, - ձեռքը ծոծրակին տանելով, - ինչպե՞ս ես:
Հայացքը կրկին փախչում է: Ջիմինն սկսում է ձեռքերն իրարով շփել.
- Նորմալ, դու՞ ոնց ես, - հետո մտքով անցնում է՝ ուժեղ ես, գլուխը բարձր, երևի Թեհյոնի խոսքերն են, դրա համար էլ հայացքը բարձրացնում է ու ձգված ժպիտով հարցնում, - հարմարվե՞լ ես:
Չոնինը նայում է լուռ, հայացքը շեղում դեպի կրտսերի ձեռքերին, ու էլի աչքերին: Թե ինչ է պտտվում մտքերում, Ջիմինը չի հասկանում: Ինչպես չի հասկանում լռության խորհուրդը.
- Գրեթե: Կարող ես չժպտալ ձգված:
Էդ պահին, ասես, ինչ-որ բան ջարդվում է: Ջիմինի ժպիտը մարում է: Այդքան ակնհա՞յտ էր.
- Գիտեմ, որ շատ չի հաճելի ինձ տեսնելը, - հետո զանգը հնչեց: Ջիմինը դեռ նայում էր զարմացած, խոշոր, մի քիչ էլ վախեցած հայացքով, - կարո՞ղ ենք դասերից հետո խոսել: Կարծում եմ՝ եթե ոչ շատ, գոնե որոշ ասելու բաներ կլինեն: Ի՞նչ կասես:
Ջիմինն ուշքի է գալիս: Գլխի դրական շարժումը գրեթե չի նկատվում, բայց... Ջիմինը կարծում է, որ պետք է:
Էդպես կյանքում չի լինում, որ մարդիկ խոսելու հնարավորություն չունենան: Էդպես ուղղակի չի լինում: Ընդամենը պահը բռնելն է կարևոր: Ընդամենը էդ պահը չմսխելն է կարևոր: Եվ ընդամենը մեկ ցանկություն է պետք:
***
Տղերքն ասում են՝ Յունգիին հայրը ուղարկելիս է եղել ֆուտբոլի: Իրականում Յունգին իր մասին պատմել չի սիրում: Պատմելու էական բան էլ չկա: Դպրոցական երեխան ի՞նչ պատմելու բան պիտի ունենա, երբ անցյալում երկար ու ձիգ տարիների փորձեր չունի կուտակած:
Բայց Ջիմինը կարծում է, որ Յունգիի մասին լսել միշտ էլ հաճելի է: Ոչինչ, որ երկար ու ձիգ անցյալի տարիներ չկան: Պարզապես կա Յունգի, որ հետաքրքիր է այնքան, որքան, օրինակ... օրինակ խատուտիկը: Պեպեններով մարդկանց Ջիմինը միշտ ասոցացնում է խատուտիկի հետ: Խատուտիկն, իրավամբ, հետաքրքիր է: Միայն մի մեծ հետաքրքրությամբ է լի դեղինից ճերմակի անցնելու նրա ճանապարհը: Իրավամբ ոչ երկար, ոչ էլ կարճ ճանապարհը:
Իսկապես, նա ասոցացվում է Յունգիի հետ:
Տղերքն ասում են, Յունգիի մայրը ոչ դեմ է եղել, ոչ կողմ: Ուղղակի հարցրել է Յունգիին՝ ուզու՞մ ես: Պարզվել է դպրոցում Յունգին մի հյոն ունի, ով լավ բասկետբոլ է խաղում: Յունգին նայել է, հետաքրքրվել:
Յունգին ֆուտբոլ չսիրեց, բասկետբոլ է սիրում:
Իսկ էդ հյոնին Ջիմինը չի հիշում, նա ավարտել է դպրոցը: Ավարտել է և ուղղվել մեծ քաղաք: Չնայած պիտի որ բանակում լինի: Դա էլ նորմալ տեղյակ չեն:
Նա միայն Յունգիի լավ հյոնն էր, իսկ Յունգին ինչ-որ բաներ պատմել չի սիրում: Հատկապես անցյալից:
Անցյալից, որ ոչ քիչ է, ոչ էլ շատ: Դպրոցականի անցյալ է:
Մանկական երազանքներով, անցումային տարիքի կապրիզներով, հասունության շրջանի լռությամբ: Յունգին լռում է, ու էդ լռությունը երբեմն ավելի ազդեցիկ է:
Իսկ մեծամասամբ անհանգստացնող:
Յունգին ամենաշատը խոսում է բասկետբոլ խաղալիս: Խաղում է ճկուն ու... գեղեցիկ նաև: Ջիմինը չի խաղում: Սիրում է միայն հետևել: Որովհետև ֆիզիկական պատրաստվածությունն այնքան էլ լավ չի, իսկ գնդակը օղակը նետելու համար, նա կարծում է, որ ուժեր են պետք:
Նամջունն ասում էր, որ այդքան ուժեր չեն պետք, ինչքան աչքաչափ:
Բայց, հա: Վազելու ու շունչը չփչելու համար ուժեր իսկապես պետք են:
Թեհյոնը հայտնվում է սառը հյութով, դպրոցի կողքի փոքրիկ խանութից գնված, ու հստակեցնում.
- Հաստա՞տ չես ուզում հետդ գամ:
- Թեհյոն-ա, 1-1 կռվելու չեմ գնում, հանգստացիր:
Խոսքը Չոնինի հետ պայմանավորվածության մասին էր:
Թեհյոնը նայում է ուշադիր, ուղիղ աչքերին, հոնքերը կիտած, հետո դեմքի արտահայտությանն անհամապատասխան դուրս թռցնում.
- Որ նեղացնի, տրորում ես ոտքը, հարվածում ոտքերի արանքին ու թռչում:
- Դժվար դա օգնի թեքվոնդոյի հաճախած մարդու դեմ:
Քմծիծաղը բավականին ազդեցիկ էր, սակայն Թեհյոնն իրեն չի կորցնում:
Չոնինը հայտնվում է անսպասելի, Ջիմինը դանդաղ է կողմնորոշվում: Մինչ Թեհյոնը ոտքի է կանգնում ու ձեռքերը դնում տաբատի գրպաններում՝ վստահ նայելով "հակառակորդին".
- Ես քեզ չեմ վստահում:
- Արդար է, բայց ինձ համար մեկ է, - ու նայում է Ջիմինին: Տպավորություն է, որ խաղը կանգ է առել: Բայց չէ: Գնդակը թակում է հատակին, իսկ Ջիմինը ժպտում: Ձևական: Ձգած: Ու Չոնինն էլ գիտի դա:
Գլխի դրական շարժում, Ջիմինի փոքրիկ թիկունքն ու Չոնինի լայնը անհետանում են դանդաղ:
Բայց խաղն իսկապես կանգ էր առել. Հոսոկը նայում էր Թեհյոնին գնդակը գրկին: Նայում էր բերանը բաց, մի ձեռքն օդում կախված ու հայացքում՝ գժվե՞լ ես հարցը:
Գժվե՞լ ես, որովհետև՝ ինչու՞ ես միայնակ թողել քաղաքացու հետ.
- Հե՛յ, - Յունգին չի սիրում խաղը կիսատ թողնել, - շարժվիր:
- Չէ, դու տեսա՞ր Ջիմինին, - գնդակը նրան փոխանցելով, - հետո թող չբողոքի:
Յունգին մի բան լավ էր հասկանում. ինքնուրույն հետևություն անել պետք չի: Պետք չի, որովհետև իրենք Ջիմին չեն, իրենք վատ են հասկանում ամեն ինչ, իրենց ոչ ոք չի հասցրել սրտխառնոցի աստիճանի, իրենցից քչերը կոնֆլիկտը խաղաղ հարթելու մեթոդը գիտեն:
Իրենք չգիտեն՝ ինչ է եղել, չգիտեն՝ Չոնինն ով է:
Իրենք մի քիչ ճանաչում են մենակ Ջիմինին, էն էլ ընդամենը մի քիչ.
- Ե՞րբ ես տեսել, որ բողոքի:
Թերևս ճշմարտություն:
***
Դեղին հեծանիվը արևի տակ փայլում է այնպես, ասես պոկվել է արևից: Անհարմարության մի տհաճ բույր է տարածվել օդում: Խուտուտ է տալիս քիթն ու անցնում: Էլի հետ է գալիս, էլի անցնում: Հետո վերջնական է անցնում, որովհետև անհարմարության տհաճ բույրը միշտ գալիս է տհաճ լռության հետ.
- Իրականում ոչ ես, ոչ էլ քույրս չէին ուզում գալ, - անկեղծ սկսում է Չոնինը, - կարծում եմ՝ կհասկանաս ինչու: Լիքը բան ենք թողել քաղաքում. ընկերներ, զբաղմունքներ, առօրյա: Տուն, վերջիվերջո: Ամեն ինչ:
Հանկարծ Ջիմինը կծում է շրթունքն ու բարձրաձայնում մտքինը.
- Թեկուզ, բայց վերջում ցանկությունը քոնն է լինելու՝ վերադառնալ քաղաք, թե չէ: Ընկերներդ հո չեն փախչի:
- Չես կարող ասել, - դառը ծիծաղով, - դա էական չի, վերադառնալը հաստատ կվերադառնամ: Ուղղակի հոգնեցնող է: Պապը մեզ մի կերպ է ճանաչում, մաման ուզում է հետ վերադառնալ: Պապան կպել է էդ տանը, պոկ չի գալիս:
- Դե երևի նրա հայրն է, դրա համար, - Չոնինը նայում է հայացքը առջևը հառած փոքրամարմին տղային, - Չվե պապիկը լավ մարդ է: Էն, ինչ իր հետ կատարվեց, մեծ դժբախտություն է: Բայց նրան հոսանքի վրա պահելը հեշտ է, երբ բոլորն են էդ ուղղությամբ աշխատում: Երբ նրա հետ ինչ-որ բան է կատարվում, ամբողջ թաղն է ոտքի կանգնում:
Չոնինը լռում է մի պահ, հետո հոգոց հանում.
- Պապիկը լավն է, թոռը՝ չէ, - Ջիմինը շրջվում է նրա կողմը՝ զարմացած հայացքով, - պապիկի հարևան Ջիմինը լավն է, իսկ պապիկի թոռը չէ: Չէ՞, - քմծիծաղով: Բայց նրա ձայնի տեմբրի մեջ նեղվածություն կամ կծան ոչինչ չկար: Ջիմինն էդպես է կարծում:
- Դա էդպես չի...
- Ո՞նց չի էդպես: Հարևան Ջիմինն, ում Չվե պապի թոռը նեղացնում էր փոքր ժամանակ, էդքան ջերմ է Չվե պապիկի հետ:
Կարծես թե Ջիմինի սիրտը մի պահ կանգ է առնում, իսկ խանգարող ինչ-որ պարունակություն կանգ առնում կոկորդին.
- Դե՜, մի լարվիր, - ծիծաղով, - իրականում չգիտեմ անգամ՝ ներողություն խնդրեմ, թե՝ չէ: Երևի խնդրեմ:
Ու հանկարծ Ջիմինն իրեն սկսում է վատ զգալ, որովհետև հա, մարդիկ փոխվելու, "մեծանալու" հատկություն ունեն.
- Պետք չի, - գլուխը մի պահը կախելով դեպի հեծանվի առջևի արկղիկը, ուր Սումինը հասցրել էր հավաքած փոքրիկ ծաղկեփունջ դնել, - փոքր ենք եղել, անցած լինի:
- Յա՜հ, Փաք Ջիմինն իսկապես բարի է, - ծիծաղելով, - ու ընդհանրապես չես փոխվել: Նույն դիմագծերը, նույն թուշիկները:
- Էդ լավ է՞, թե վատ, - ծիծաղով: Հանկարծ լարվածությունն արագ անցնում է, հանկարծ մանկության քամի է փչում: Թեկուզ ցավոտ էր հիշելը, թեկուզ հիմա էլ որոշ կոմպլեքսներ կան, թեկուզ: Բայց երբ մեկն, ով էդ կոմպլեքսների հեղինակն է, իրեն վայել է պահում, ուզում ես մտածել, որ կարևորը դա է, կոմպլեքսները կհաղթահարվեն:
- Իրականում մեծացել ես, ձգվել ես ու գեղեցկացել:
- Յա՜, - ծիծաղում է Ջիմինը, - դա ասում է անցյալում թմբլիկ մեկը, ով հիմա կարապ է դարձե՞լ:
- Վաու, - ձեռքը սրտին տանելու, - շոյված եմ:
Անհարմարության քամին անցնում է ու անցնում: Կարծես թե անվերադարձ: Ծիծաղում են ասես թեթևացած: Կտրված հոգսերից ու ցավերից: Բայց դա այնքան կարճ է տևում: Թվում է՝ ասելու բաները դեռ չեն ավարտվել: Դա Չոնինն ապացուցում է լռելով.
- Համենայն դեպս իրոք կներես: Բաներ կան, որ մեծանալով ենք գիտակցում, - մի պահ էլ հոնքերն է կիտում՝ հիշելո՞վ երևի, - մեր դպրոցում էնքան շատ են... վիրավորանքները: Չհանդուրժողները: Երևի քաղաքի դպրոցներից մեկը չես հանդիպի, որ էդ պատկերը չտեսնես: Անկախ նրանից, որ հետ եմ ուզում վերադառնալ, էստեղի դպրոցում ամեն ինչ հանգիստ է: Ով ում ընկերն է, ուրեմն ընկեր է առանց ինչ-որ բան պարտք լինելու: Առանց պատճառի, - մի պահ էլի լռում է՝ հայացքը շարունակելով պահել առջևում: Մտքերը իրականում խառնվել են: Կարծես խառնվել են անցյալի բոլոր պատկերները: Հետո թքի տակ ինչ-որ բաներ է ասում, Ջիմինը դրանք լսում է պարզ, - ընկեր անմնացորդ: Արդեն երկու տարի է...
- Չոնին, - անհանգիստ:
- Ընկեր անմնացորդ...
- Չոնի՛ն, - ուսը թոթվելով: Որից ավագ երիտասարդը ուշքի է գալիս: Ուշքի է գալիս, կարծես, մի մեծ սարսափով աչքերում: Դա վախեցնում է Ջիմինին:
Ջիմինը համոզվում է Նամջունի խոսքերում. ամենքս մի խիտ անտառ ենք ու միմյանց մասին ոչինչ չգիտենք:
Երբեմն տպավորություն է, որ աշակերտը/ուսանողը հերոս է: Հերոս է, որ դիմանում է ամեն ինչին ու չի կոտրվում: Իսկ եթե կոտրվում է, շատ ափսոս, բայց թուլամորթ էր: Թվում է աշակերտի համար միակ խնդիրը ավարտական քննությունները պիտի լինեն ու թեստերը, ինչու՞ աշակերտը պիտի մտածի խորը թեմաների մասին, ինչպիսիք, ասենք, ինքն իրեն ընդունելու, bulling-ի, աշխատելու, հարազատին կորցնելու ցավին դիմանալու, անպատասխան սիրո, միայնակ դիմակայելու, ընկերոջը հոսանքի վրա պահելու թեմաներն են: Ինչու՞ աշակերտը չի կարող գնալ օնլայն սրճարան ու խաղալ իր սիրած օնլայն խաղերը, կամ իր սիրած գիրքը կարդալ, կամ առանց մտածելու նայել քաղաքի գեղեցիկ գետը փաթաթող պեյզաժին:
Աշակերտի վզին փաթաթում են պարտականությունների մի մեծ շղթա ու ասում՝ մեջքդ ուղիղ պահիր:
Չոնինն ուշքի է գալիս ու սփոփող ժպտում՝ խառնելով կրտսերի մազերը.
- Հյոն, կարող ես հյոն ասել:
Ու առաջ է անցնում:
