Վաղ, թե ուշ բոլորն էլ վերադառնում են տուն
Փոքրիկ գետը, որ փոքրիկ քաղաքի ծայրով է հոսում բավականին գեղեցիկ է: Հատկապես կանաչի մեջ: Հատկապես, երբ հանդարտ է: Հատկապես ամռանը, երբ լուսատտիկներ են լինում, հրաշալի տեսարան է լինում: Դրա մասին ոչ բոլորը գիտեն: Ոչ բոլորի մեջ Նամջունն է: Նամջունը նայում է գետի փայլող ջրերին, ասես բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են: Գետը լռում է սակայն, գետը լուռ պահանջում է հաշտվել ընկերոջ հետ: Հիշում է ամռան լուսատիտիկներին, Յունգիին ու Հոսոկին այս նույն տեղում, իր կողքին, ու մտածում, որ ինչքան էլ տեսարանը գեղեցիկ էր, բոլորի մտքում միայն Միաձակիի "Լուսատիտիկների գերեզմանը" անիմեն էր: Ծանր բան է:
Ամառը մտնում է իր իրավունքների մեջ շատ դանդաղ, որովհետև դեռ գարուն է: Որովհետև դեռ լուսատիտիկներ չկան, որովհետև մենակ է:
Դեղին հեծանիվը անձայն կանգ է առնում նրա ետևում, իսկ հեծանվորդը իջնում, մի պահ ուղղակի զննում: Նամջունն էսօր դասի չի եկել: Նամջունն էլ, ասես, լիքը մտածելու բան ունի:
Նամջունն էլ է տարբերվում: Իր պես՝ չցանկանալով, բայց տարբերվում է:
Որովհետև ծնողներ չունի, ու տատիկն է նրան մեծացրել:
Լուռ նստում է կողքին, իսկ Նամջունը մի պահ զարմացած հայացքն է բարձրացնում:
Նամջունի հետ էլ նա հաճախակի չի շփվում, բայց կանգ առնել ցանկացավ: Տպավորություն էր, որ նրանք կիսելու բան ունեն.
- Պապիկս ու տատիկս, - սկսում է Ջիմինը՝ պատմելով տատիկի պատմածը, - էստեղ հաճախ են ժամադրություններ ունեցել: Սիրուն տեղ ես ընտրել:
- Ամռանն ավելի գեղեցիկ է, - բարձրաձայնում է Նամջունը, - դու՞ էստեղ ինչ ես անում:
- Ե՞ս: Տան ճանապարհս եմ երկարացնում: Մի դեղին հեծանվիս նայիր ու գարնանը, որ կանչում է՝ արի՜, զբոսնի՜ր, - ծիծաղելով, - համ էլ էդ հարցը ես պետք է տամ: Հոսոկն ասաց՝ դասի չես նստել:
Ուսերն է թոթվում: Ապա ժպտում.
- Մի գարնանը նայիր, որ կանչում է՝ արի՜, զբոսնի՜ր, - Ջիմինն էլ է ծիծաղում, հարվածում ավագի ուսին:
Հետո լռում են: Լռում են, նայում գետի փայլփլող ալիքներին, խորանում մտքերում: Երկուսն էլ նույն մարդու մասին են մտածում.
- Յունգի-հյոնը շուտ է բորբոքվում, ներել միշտ չի ստացվում, չէ՞:
Նամջունը քմծիծաղում է.
- Յունգի հյոնը ուրիշի կարծիքը հարգել չգիտի, - ու վերջում նույն տոնով, - չէ՞:
Կա ճշմարտություն:
Ջիմինը չի կարողանում աչքերը փակել Յունգիի ամեն բացասական գծի վրա: Կարելի է լինել սիրահարված, բայց աչքին տեսանելի բաները անտեսել չի ստացվում: Յունգի հյոնը նեղացրել է Նամջունին: Նամջունին, ով մի ճանճի անգամ չի նեղացնի:
Եվ երբեմն աչքեր փակել տեսանելի արատների վրա լավ է ստացվում.
- Հնարավոր է՝ նա ցանկանում է մի ձև խոսել քեզ հետ, բայց ռիսկ չունի:
- Ամեն բան էլ հնարավոր է: Էդ գործերում նա միշտ բութ է, - ու մի բան, որ բոլորն են նկատել, բայց քչերն են բարձրաձայնում, - իսկ դու, ինչպես միշտ, պաշտպանում ես նրան:
Ջիմինը խառնվում է: Նայում է ավագին ու վարդագունում.
- Դա... էդպես չի, - ու նայում է ջրերին: Ջրերը լսում են նրանց խոսակցությունն ու տանում հեռու: Երևի տանում են ինչ որ ծովը լցնում, կամ էլ, երևի, գետերը լցվում են օվկիանոսը: Բոլոր ջրերի լսած բառերը լցվում են օվկիանոսը: Տեսնես այն չի՞ հոգնում այդքան բառերից, - լիքը մարդիկ կան, որ խնդիրներ ունեն: Սեփական եսը չեն ընդունում: Ինքնագնահատականի խնդիր ունեն: Տարբերվում են մյուսներից առանց ցանկանալու: Ես ուղղակի... հասկանում եմ հյոնին: Հա, երևի էդքան լավ չեմ հասկանում, բայց ինչ-որ տեղ հասկանում եմ:
- Ինձ է՞լ ես հասկանում:
Հանկարծ բառերը կուլ գնացին: Նամջունն առանց ծնողների է մեծացել: Նամջունին հասկանալ դժվար կլինի: Բայց նրան տատիկն է մեծացրել, իսկ բոլոր տատիկները նման են, այսինքն նա նման կլինի Ջիմինի Սեբյոլ տատիկին:
- Կներես:
- Ինչի՞ ես ներողություն խնդրում, - ժպիտով, ձեռքն է տանում Ջիմինի վարսերին ու շոյում, - մենք երբեք իզորու չենք լիովին հասկանալ մեր դիմացինին, ինչքան էլ որ պնդենք, թե հասկանում ենք: Մենք չգիտենք՝ ինչ է կատարվում նրա ներսում, նա չգիտի՝ ինչ է կատարվում մեր ներսում: Ամենքս մի խիտ անտառ ենք: Ու ես, ոնց գցում բռնում եմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում քո ներսում: Չէի մտածի, որ դու էլ տանջող մտքեր կունենաս:
Ջիմինը քմծիծաղում է, մտածում է՝ ինչն է պակա՞ս որ: Ծնողները տեղն են, ընկերները տեղն են, ապագան, թեկուզ խավար է, բայց կա: Իսկ Նամջունը լիարժեք չէ: Համեմատած Նամջունի հետ՝ նրա խնդիրները փոքրիկ-փոքրիկ են: Ավելի ճիշտ՝ խնդիրը.
- Երևի քոնի հետ անհամեմատելի են իմ մտքերը:
Հետո էլի լռում են:Նամջունն էլի ժպիտով խառնում է կրտսերի մազերն ու օդում լսվում է խռպոտ մի ձայն.
- Ամբողջ քաղաքում մի էսպիսի դեղին հեծանիվ կա, - հետ են շրջվում: Ավելի ճիշտ միայն Ջիմինը՝ նայելով ձեռքերը գրպաններում դրած ու հեծանիվը զննող Յունգիին, - ու շատ հեշտ է գուշակել, թե ումն է:
Յունգին զննում է նրա՛ հեծանիվը: Երևի երազել կարելի էր էսպիսի ուշադրության համար: Երևի ցնծալու առիթ է: Բայց հանկարծ մտածում է, որ՝ օհ, Յունգին եկել է Նամջունի հետ խոսելու, դեղին հեծանիվն ու հեծանվի տերը ոչ մի կապ չունեն այստեղ: Էստեղ միայն ընկերության հարց է:
Ու էդ ընկերության մեջ ինքը չկա:
Հեծանվի դեղինն ասես խամրում է մի պահ:
Իսկ Ջիմինն ուշքի գալիս:
Որովհետև հիմա նա էստեղ ավելորդ է.
- Օհ, - տեղից վեր կենալով, - դեղին հեծանվի գնալու պահն է:
Յունգին հայացքով հետևում է ուշադիր, ինչը զարմանք է առաջացնում մի կողմից, և մյուս կողմից հասկանալի է. Յունգի հյոնը ինչ-որ տեղ չի ցանկանում մենակ մնալ Նամջունի հետ: Յունգի հյոնն այնքան էլ համարձակություն չունի կարևորագույնի մասին խոսելու:
Ջիմինը նայում է նրան ու ժպտում: Ժպտում ու գլխով անում, իբրև՝ ամեն բան լավ է, հանգիստ խոսիր: Բառերը որքան կարող են վնասել, նույնքան բուժող հատկություն ունեն:
Իսկ մտքերում՝ հյոն, համարձակ եղիր: Իսկ մտքերում... հյոն... այնքան գեղեցիկ ես:
Դեղին հեծանիվը դանդաղ խամրում է:
Երկու ընկեր մնում են գետի ափին: Որը կհոսի ու կտանի նրանց բառերը դեպի օվկիանոսը:
Հետաքրքիր է, օվկիանոսը չի՞ հոգնում այդ բառերի տեղատարափից:
***
Ասում են՝ Ջիմինի դասարանը էքսկուրսիա է ունենալու... Պուսանում: Իսկ Պուսանը մեծ քաղաք է: Իրենց փոքրիկը չէ, որտեղ բոլորն իրար գիտեն, բոլորն իրար ճանաչում են:
Պուսանը մեծ քաղաք է:
Ջիմինն ապրել է փոքր ժամանակ էնտեղ, բայց երբ պապիկը մահացավ, իսկ տատիկը մենակ մնաց, հայրը որոշեց՝ վերադառնում են փոքրիկ քաղաք:
Հետաքրքիր էր՝ հոր սիրտը միշտ այդ փոքրիկ քաղաքում էր: Ուր բոլորն իրար ճանաչում էին, բոլորն իրար գիտեին: Մայրը նեղանում էր, թե՝ ի՞նչ կա էդ խցում: Բայց էսօր Սեբյոլ տատիկի հետ այնքան ջերմ են, ասես ինքը լինի տատիկի դուստրը:
Հետաքրքիր է՝ իսկ Յունգին չի՞ փոշմանի մեծ քաղաք տեղափոխվելուց հետո.
- Մամ, - մայրը նայում է Սումինի տետրին, ապա որդու ձայնը լսելուց ուշադրությունը նրան ուղղում, - իսկ դու չե՞ս փոշմանել:
Տետրը դնում է մի կողմ ու բազմոցին, իր կողքը կանչում որդուն մի ձեռքի շարժումով:
Ջիմինը միշտ չի հարցեր տալիս: Ասես հեռու է պահում, կամ էլ ասես չի ցանկանում ծնողների հետ խոսել: Կամ էլ քաշվում է: Խուսափում երևի.
- Ինչի՞ համար:
- Էստեղ տեղափոխվելու:
Մայրը մի պահ լռում է, շոյում որդու վարսերը.
- Սկզբում՝ հա: Մտածում էի՝ ամեն ինչ թողնել մեծ քաղաքում ու գալ մի կորած-մոլորված տե՞ղ: Մտածում էի՝ էստեղ ապագա չկա: Բայց այստեղ բավականին հանգիստ է: Երևի ժամանակի ընթացքում հոգնում ես մեծ քաղաքի թոհուբոհից: Էնպես որ հիմա չէ: Հիմա իմ կյանքն այստեղ է, - որդին գլուխն է դնում մոր ուսին ու փակում աչքերը, - ինչ որ բա՞ն է եղել, դու չե՞ս սիրում մեր քաղաքը:
Իրենց քաղաքը: Որտեղ իր ընտանիքն է, Սեբյոլ տատիկը, Չվե պապիկը... Յունգին... Թեհյոնը: Իրենց քաղաքը չսիրել չի լինի, որովհետև ամեն բան էստեղ է: Քաղաքը չսիրելու համար ծանր ու մեծ պատճառներ են պետք: Խառն ու խորը պատճառներ են պետք: Էդ պատճառները կարելի էր մատի փաթաթան դարձնել ու գնալ հեռու: Բայց էդ պատճառները էստեղ ապրելը շարունակելու ուժ են տալիս:
Երևի Յունգին էդ ուժը կորցրել է:
Դրա համար իրենց փոքրիկ քաղաքը չի սիրում:
Որը շուտով իրենցը չի լինի:
Կլինի միայն Ջիմինինը:
Յունգի հյոնը ձգտում է դեպի մեծ քաղաք.
- Ես սիրում եմ: Բայց մարդիկ կան՝ ուզում են հեռանալ:
- Դա էլ է հասկանալի: Բոլորին դժվար է պահել: Բոլորը չունեն նույն մտածելակերպը: Շատերը փոքր բնակավայրերում ապագա չեն տեսնում: Բայց դա նորմալ է: Աշակերտների մեծամասնությունն ավարտելուց հետո դեպի մեծ քաղաք է գնում ուսում ստանալու համար: Դու էլ ես էդպես անելու: Բայց դա չի նշանակում, որ նրանք մոռանում են իրենց հարազատ քաղաքը: Կյանքում լիքը-լիքը առիթներ ու պատճառներ կլինեն, որ ոտքերի քայլերը նրանց կուղղեն դեպի տուն, - հետո մտածում է, որ որդին դեռ երեխա է, որ քաոս է մտքերում, որ տարիքային ինչ-որ մտքեր են պտտվում նրա գլխում, - տանից փախչել կարելի է, եթե ծանր բեռ կա սրտումդ, բայց վաղ, թե ուշ բոլորն էլ վերադառնում են տուն: Ժամանակավոր, թե անժամանակ:
Ջերմ համբույրը ճակատին դրոշմի պես է զգացվում:
Ջիմինը շնորհակալ է, որ շրջապատում այսքան իմաստուն ու հոգին թեթևացնող մարդիկ կան.
- Ավագ ընկերներդ երևի ավարտում են, չէ՞, - ու մայրը կպավ ճիշտ նշանակետին:
Ուղղակի նա ընկեր չէ: Յունգի-հյոնը նրան երբեք ընկեր չի լինի: Երկու տարբեր պատճառներով.
- Շատ մի տխրիր, ոչինչ: Վայելիր այս տարին, քանի դեռ նրանք չեն ավարտել: Իսկ հետո տարիներն էնպես կթռչեն, ասես վայրկյան էին:
***
- Հռոմի պապը...
- Բա ինչի՞ Հռոմի պապ, եթե Վատիկանում է:
Իսկ այդ հարցին խեղճ Հոսոկը պատրաստ չէր: Իրականում ոչ ոք պատրաստ չէր: Հումոր էր էլի. Ինչու՞ Հռոմի պապ կա, իսկ տատ չկա: Թեհյոնը կարողանում է աշխարհի հարցերը գտնել:
Դասարանի տղերքից մի քանիսն ու Հոսոկը, որ, չգիտես ինչու, իրեն լավ է զգում փոքրերի հետ... Չգիտես ինչուն իրականում պարզ է. նրան դուր է գալիս ամեն կողմից հյոն ու սոնբե լսելը: Մանավանդ, երբ ինչ-որ բանի համար շնորհակալ են: Ավագ հպարտ եղբոր զգացում է առաջանում:
Շաբաթօրյակ է: Սպորտդահլիճում մաքրություն է, Հոսոկը փախել է իր դասարանից, որը միջանցքն էր մաքրում: Ու մի պահ հանգստանալով, նստելով նստարանին, չնայած շատ բան չէին էլ արել, Թեհյոնը հրաշալի մի հարց տվեց. Ինչու կա Հռոմի պապ, չկա տատ, և վերջապես ինչու Հռոմի, եթե նա Վատիկանում է նստում:
Հոսոկը ձեռքը դնում է դնչի տակ ու իբրև խորը մտածում.
- Հյոն, - Ջիմինը, ձեռքը վերցնելով բասկետբոլի գնդակը, - դու չգիտես, էլ մի քեզ Արիստոտելի* տեղը դիր:
- Հռոմի պապ, որովհետև դարեր շարունակ Հռոմը նրանց սեփական հողն է եղել, իսկ հետո, - հետո Նամջունի ձայնը լսվում է շատ վստահ ու համոզիչ, - Մուսոլինիի** հետ պայմանագրի արդյունքում պապի տիրույթները տեղափոխվել են Վատիկան՝ հեռացնելով պապին աշխարհիկ իշխանությունից ու լուծելով տարածքային հարցը, որը հուզում էր պապին***:
Ու Նամջունը մենակ չէ: Հետևից գալիս է Յունգին՝ ձեռքերը գրպաններում, հայացքը ուղիղ: Մազերն աչքերին:
Երևի չի սիրում ցույց տալ դրանց տակ տարածվող համաստեղությունը:
Ջիմինը ժպտում է Հոսոկի ապշած, մի քիչ սպասելիքներին համապատասխան դեմքի արտահայտության վրա, հետո նայում եկող ընկերներին: Ժպիտը մի պահ մարում է, հետո մի տեսակ գողտրիկ ավելանում:
Յունգին եկել է Նամջունի հետ:
Այն օրն իր հեծանիվը գետի ափին իսկապես ավելորդ էր.
- Հա էլի, - որպեսզի իրեն նվաստացած չզգա, Հոսոկը ուսերն է թոթվում, - ի՞նչ եք ինձ հարցնում: Հես է մեր հանրագիտարանը:
- Ինձ թվում է, - Թեհյոնը, - մեկ է՝ մենակ Նամջունն է կարող էդ հարցին պատասխանել: Մեկ էլ շատ շատ մեր դասարանի Միյոնը, - ով, իդեպ, դիլխոր հենվել է հատակը մաքրող փայտի ծայրին ու հայացքը կենտրոնացրել է ինչ-որ ուղղությամբ: Երևի մտքերում է, բոլորը նկատեցին:
- Ահա, - Ջեհյոնը, ով պառկել էր նստարանին՝ ձեռքը դրած ճակատին, աչքերն էլ փակ: Ասես ցնդել էր օդում, - Միյոնը կարող է ամեն հարցի պատասխանել, - Ջիմինը մոտենում է, նայում վերևից՝ կախելով գլուխը նրա գլխավերևում, - բացի մի քանիսից:
- Լա՞վ չես զգում, - ուղղակի Ջեհյոնն ընդհանրապես մի քանի բառ է էսօր ասել, ամբողջ օրվա մեջ սա առաջին ամբողջական նախադասությունն էր:
Ջեհյոնը ձեռքը մի կողմ է տանում ու վեր նայում, Ջիմինին.
- Չէ:
- Բա գնա բուժկետ, - Հոսոկը, - ու՞մ ես սպասում:
- Բուժկետը չի օգնի, սոնբե, - ու ուղիղ է նստում: Բոլորը նայում են իրար, ծանր լռում, անհանգստանում, իսկ Ջեհյոնն այդ ամենն զգում է մաշկի վրա, - չէ, անբուժելի հիվանդ չեմ:
Հետո Ջիմինի ուղեղում ինչ-որ պտուտակներ են աշխատում: Ու աշխատում են շատ արագ: Մի հայացք Միյոնին, ով շատ դանդաղ է փայտը քսում հատակին: Շատ շատ դանդաղ: Հետո նայում է Ջեհյոնին, ու ամեն բան ասես տեղն է ընկնում:
Երբեմն մարդկանց զգացմունքները, առանց իրենց խոսելու, բացահայտ են: Ակնհայտ են: Ֆրեյդը ճիշտ էր, մարդիկ չեն կարողանում գաղտնիքներ պահել. Ջիմինը երբեմն ատում է ինքն իրեն մարդկանց զգացմունքները կարդալ կարողանալու համար: Դա նրան շատ-շատ խանգարում է.
- Դժվար թե Միյոնը պատասխանի էդ հարցին, - ու Ջեհյոնն ուշադիր նայում է Ջիմինին՝ ասես պատրաստ հակաճառելու: Դրա համար Ջիմինն արագացնում է, մինչ Հոսոկը խոսում է Թեհյոնի հետ, իսկ Նամջունն ու Յունգին հետևում, ասես հետաքրքրությամբ, - ասես օդերով լինի, - ու Միյոնի կողմն է ցույց տալիս, - երևի դժվարանում է մաքրել: Գնամ օգնեմ:
Ու մինչ մեկ քայլ կաներ, Ջեհյոնը նրա ձեռքից վերցնում է մեկ այլ հատակ սրբող փայտ, որը Ջիմին նոր էր ձեռքն առել, ու տեղից վեր կենում.
- Ես կօգնեմ:
Ու գնում է:
Իսկ Ջիմինը ժպտում է:
Երբեմն էլ մարդկանց զգացմունքները կարդալը շատ հետաքրքիր է ու ջերմացնող:
Հոսոկը նայում է ապշած: Այսինքն՝ բոլորն են նայում, բայց Հոսոկը ապշած.
- Էս ի՞նչ էր, - ու հայացքները մի քիչ ճնշում են:
Ջիմինն ընդամենը ուսերն է թոթվում, Նամջունը ժպտում ու որերորդ անգամ կյանքի մեջ խառնում կրտսերի վարսերը:
Յունգին նայում է լուրջ, ասես մտքերում ինչ-որ բաներ կան, որ բարձրաձայնելու ցանկություն ունեն: Բայց ինքը թույլ չի տալիս:
Կամ էլ ուղղակի, նայում է առանց հետին մտքի: Առանց զգացմունքի:
Ջիմինը դրանից ճնշվում է ավելի:
Երևի երբեմն հաճելի չի կարդալ մարդկանց զգացմունքները և մոռանալ սեփականի մասին:
*Արիստոտել - հույն փիլիսոփա
**Բենիտո Մուսոլինի - Իտալական ֆաշիզմի հեղինակ, առաջնորդ
*** Հա, հա, ես չեմ կարա պատմական փաստեր չբերեմ, չորս տարի հո զուր չեմ ձգել պատմականում:դ
