17 страница27 сентября 2024, 20:13

Մաս 17

Մամ, իմ մամա՜, ես քեզ գրում եմ անչափ կարոտած ու անչափ ատելով քեզ։ Ես՝ քո աղջիկն ով 18 տարի անց որոշեց կյանքի օրագիր պահել, որ այն ամենն ինչն այսքան տարի կուտակվել էր իր մեջ՝ պատմի օրագրին։
Այնքան կուզեի տեսնել քեզ, իմանալ թե ինչո՞ւ ես ինձ մենակ թողել, մոռացել այսքան երեխաների մեջ, առանց սիրո ու մայրական քնքշության։ Ինչպե՞ս չես հասկացել, որ երբ նորածին եմ եղել, մայրական կաթին եմ կարոտ եղել, այլ ոչ թե խանութից գնված մանկական կերակուրի, կամ էլ անծանոթ կանանց կաթին, ովքեր ինձ պես երեխաներին կերակրում էին, որպեսզի այդ գումարով, որը մանկատունն էր տալիս նրանց, գնային ու պահեին իրե՛նց երեխաներին։
Քեզնից անգամ մի նկար չունեմ, որ գոնե պատկերացնեմ դեմքդ։ Երևի միայն նորածին ժամանակ եմ տեսել քեզ, ու երևի մեկ, կամ երկու անգամ, բայց այս 18 տարիների ընթացքում, դեմքդ ռետինով մաքրվել է իմ հուշերից, իմ մանկական աչքերի հայելուց։
Ախր դու ինչպե՞ս չես հասկացել, որ ինձ քո սերը, քնքշությունն ու համբույրներն էր պետք, այլ ոչ թե գեղեցիկ հագուստներ, որոնց գումարի պատճառով դու ինձ հանձնեցիր այստեղ։ Կամ երևի հացի համար, բայց իմացիր՝ 18 տարի, հացը, որ կերել եմ մանկատանը, կուլ չի գնում, ա՛յ այստեղ՝ կոկորդումս խեղդում է ինձ։ Ավելի լավ էր կողքիդ նստած, ցրտից ատամներս կափկափեի, ստամոքսիս ցավից մեռնեի, քան թե այսքան տարի այստեղ՝ ամեն գիշեր լաց լինեի։ Դու կարող էիր ձմռանն ինձ բաց թևերով դուրս տանել, բայց, երբ գրկեիր ինձ՝ ես կտաքանայի, իսկ այստեղ ես ամեն ձմեռ տաք հագնված դուրս էի գալիս, ու դողում այնքան ուժեղ, որ հիվանդանում ու պառկում էի, ու երազում, որ ամեն վայրկյան դուռը կբացվի, դու ներս կվազես, կգրկես ինձ, ու կասես «աղջիկս», բայց դա այսքան տարի միայն երազանք մնաց՝ անկատար երազանք։

Շատ էին գալիս ինձ որդեգրելու։ Ես վազում էի կանանց մոտ, ու խնդրում, որ նրանք ինձ ասեն. «Ես քո հարազատ մայրն եմ», ոչ թե. «Ես կդառնամ քո մայրը»։ Նրանք չէի՛ն հասկանում, որ ես իմ հարազա՛տ մորն եմ ուզում։ Ուզում եմ իմ ու մորս մեջ նմանություններ գտնել, ուզում եմ, որ ինձ ասեն. «Աչքերդ մորդ աչքերն են», բայց ես չգիտեմ քեզ նմա՞ն եմ, թե՞ ոչ։

Չե՛մ հասկանում, Աստված ինչո՞ւ է քեզ պես անարժաններին զավակ պարգևում, ոչ թե այն կանանց, ովքեր իրոք ունեին ինձ պես փոքրիկի կարիք։ Շատերը երազում են երեխա ունենալ, իսկ դու քո նվերը դեն ես նետել։ Բայց դու կարող էիր ավելի վատ մայր լինել, ու ինձ սպանել՝ հեռացնել կրծքիդ տակից, ու այդպես շա՜տ ցավոտ կլիներ։ Չնայած ավելի լավ կլիներ մի քանի րոպե ցավեր, քան 18 տարի՝ անդադար։ Անդադար ու ավելի ուժեղ, քան ֆիզիկական ցավն է։ Ու հավատա հոգու ցավն ավելի խորն է, այն ավելի շատ սպի է թողնում։ Երբ ցավում է հոգին, ցավում է նաև մարմինը։
Այսքան տարի իմ աչքերը փայլել են, բայց ոչ թե ուրախությունից, այլ այցունքներից։ Կարևորը փայլում էին...
Ու երևի մանկատան տղաներն իմ փայլող աչքերին էին սիրահարվում։ Ես միշտ մտածում էի, որ դու կգաս, քեզ հետ կքննարկեմ, ու կընտրեմ նրանցից մեկին։

Այնքան կուզեի հիմա դուռը բացվեր ու դու ներս գայիր։ Չգիտեմ այդ պահին ինչ կլիներ, բայց ուզում եմ, ուզում եմ տեսնել քեզ, ուզում եմ, որ դու տեսնես քո հասուն աղջկան, որը չի հասկանում սիրո՞ւմ է քեզ, ատո՞ւմ, թե՞ ուղղակի երեխայի պես մոր կարիք է զգում։

Մի քանի տարի անց երևի ես էլ կմայրանամ, եթե իհարկե ինչ-որ մեկը հավանի ինձ պես որբին։ Հաստա՛տ իմացիր, ես երբե՛ք քեզ պես դաժան չեմ վարվի ուրախ կյանք երազող փոքրիկի հետ։ Այլ կգրկեմ, կսփոփեմ նրան, կօգնեմ ամեն հարցում, կտանեմ զբոսանքի, գիշերները կօրորեմ, հեքիաթներ կպատմեմ, երբ ցավի փորիկը՝ կշոյեմ, որ անցնի, երբ մատը փուշ մտնի կհամբուրեմ ու այնպես կհանեմ փուշը, որ չցավի։ Կտաքացնեմ դողացող թաթիկները, որոնք դու երբեք չտաքացրեցիր...

Տեսնես ինձ այստեղ թողնելուց առաց գոնե մեկ անգամ համբուրե՞լ ես։ Ինձ թվում է այո, ինձ թվում է այդքան չար չես եղել։ Ես չե՛մ ուզում իմանալ, որ այդքան անպետք եմ եղել։ Տեսնես գոնե հիշու՞մ ես ծննդյանս օրը, թե՞ անգամ մոռացել ես, որ մանկատանն աղջիկ ունես։

Եթե հիմա կանգնեիր իմ առաջ ես կվազեի, ու կգրկեի քեզ, իսկ հետո... հետո չգիտեմ ինչ կանեի, չեմ էլ ուզում մտածել այդ մասին, միևնույն է չես գալու, միևնույն է երբեք քեզ չեմ տեսնելու։

Վաղը դուրս եմ գալիս մանկատնից։ Անցնելու եմ ազատ կյանքի։ Հուսով եմ փողոցում պատահաբար կտեսնեմ քեզ, կամ էլ ուրիշ պայմաններում կհանդիպենք, ինչպես ֆիլմերում է լինում։ Ես փոքրուց այդ հույսը չեմ կորցրել։ Երևի հիմա ընտանիք ունես, ուրախ ու անհոգ ընտանիք։ Երեխաներդ ոչ մի բանի կարիք չունեն, ինչն ամենակարևորն է՝ նրանք ունեն ծնողներ, ո՛չ թե ինձ պես երազում են մի ակնթարթ տեսնել մայրիկին։ Ինձ թվում է ընտանիքդ, ամուսինդ ու սիրելի երեխաներդ չե՛ն ընդունի ինձ։ Համենայնդեպս ես հավատում եմ, որ կհիշես իմ մասին։

Չէ՜, ես քեզ չեմ ատում, ես քեզ սիրում եմ, ինչպես ամեն երեխա իր արժան, կամ անարժան ծնողին։ Ես քեզ սիրում եմ, չէ՞ որ դու ես ինձ կյանք պարգևել, ցավ ես քաշել ինձ լույս աշխարհ բերելիս։ Ճիշտ է ինձ համար անքուն գիշերներ չե՛ս անցկացնել, բայց ես սիրում եմ քեզ մամ, սիրում ու սպասում եմ քեզ։ Աստվա՛ծ իմ, լավ պահիր մորս, որ գոնե մի օր տեսնեմ նրան, գրկեմ ու առնեմ այսքան տարիների կարոտս...

***

Զարմանո՞ւմ եք, թե ինչու եմ այսպես խոսում։ Կասե՛մ։
Իմացա, որ հարազատ մայրս ողջ է։ Նա չէր մահացել։ Երբ բացվեց հանգուցյալ ծնողներիս կտակը, այնտեղ ևս մի ծրար կար։ Խորթ մայրս էր այն թողել։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ինչպես, բայց մայրս իմացել էր հարազատ ծնողներիս, ավելի ճիշտ մորս մասին։ Չկար անուն, չկար ոչ մի տեղեկությունմ միայն գրված էր, որ հարազատ մայրս ողջ է, ուղղակի նա չի ասել, որպեսզի ես դադարեմ սպասել իմ կորած մայրիկին։ Թող գրողի ծոցը գնա նա։ Ես հակասում եմ ինքս ինձ։ Ուզում եմ տեսնել, բայց...

Խնդրել էր, որ ծրարը բացվի այն ժամանակ, երբ ինքն այլևս չի լինի։ Նա կարող էր երկար ապրել, բայց ցավոք...
Ամեն դեպքում ես իմացա, որ նա ողջ է։ Մի կողմից ուրախ եմ, որ մայր ունեմ, իսկ մյուս կողմից ես ատում եմ նրան, այդ խղճուկ ստերի համար, թե իբր մահացել է։

***

Ես այսօր դուրս եմ գալիս մանկատնից։ Արդեն հասուն, տասնութ տարեկան աղջիկ եմ, ու կյանքս դեռ առջևում է։ Արթուրը կգա ինձ տանելու։ Ես իմ տանն եմ ապրելու՝ ծնողներիս կտակած տանը։ Առանց Արմանին սիրելու ընկերություն եմ անում նրա հետ։ Ճիշտ է դա սխալ է, բայց ինձ համար միևնույն է։ Միևնույն է ես երջանիկ չեմ լինելու, գոնե թող նա՛ երջանիկ լինի։
Արթուրի հետ հարաբերություններս գնալով ավելի են կապվել։ Հիմա մենք ամեն օր միասին ժամանակ կանցկացնենք։ Հուսամ մի օր ես էլ լիարժեք երջանիկ կլինեմ։

***

-Էլլի գնացի՞նք։
-Հա գնանք Ան։
-Դուրս ենք գալիս, չեմ հավատում։
-Ես էլ։ Վերջապես մենք մեր կյանքը կկառուցենք։
-Բայց մի տեսակ մանկատունն էլ կկարոտեմ։
-Դա բնական է, վերջիվերջո ամբողջ կյանքդ այստեղ ես եղել։
-Արթո՞ւրն է գալու քո ետևից։
-Արթուրն ու Արմանը։
-Հա՜։
-Էլլի՜,-հեռվից լսվեց երկու խելագարների ձայները։
-Տղանե՜ր,-ես վազեցի ու գրկեցի նրանց,-Դե ինչ, կարող ենք գնալ։ Ես դուրս եմ գալիս, այո՜։
-Էլլի՜, ուրախ կյանքը սպասու՜մ է քեզ։

Մենք բղավում ենք, մենք երջանիկ ենք, մենք նոր կյանք ենք սկսում...։

17 страница27 сентября 2024, 20:13

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!