Յունգի հյոնը գեղեցիկ պեպեններ ունի, որոնք ատում է
Չվե պապիկը կարճ հիշողություն ունի։ Մեծացել է։ Յուրաքանչյուր օր նրա համար նոր է' սկսած մի քանի տարի առաջվա դեպքից հետո։ Կնոջը կորցնելուց հետո։
Փոքրիկ քաղաք, տան առջևի նստարան, Չվե պապիկ, ով շուրջն է նայում ու նայում։ Նայում ու նայում։ Բարևներ ստանում, համեղ ուտեստներ ստանում հարևաններից ու ստանում դպրոցից եկող մանր երեխաների ոգևորված զրույցները, որոնց ծնողներն են սովորեցրել.《Չվե պապիկը ոչինչ չի հիշում։ Կարող եք ամեն անգամ մոտենալ ու բարևել, լա՞վ》։
Ջիմինը դա գիտի, վաղուց։ Հիմա էլ դպրոցական քրոջն է սովորեցրել. Չվե պապիկը ոչինչ չի հիշում, խոսիր նրա հետ։
Բարի պապիկը միշտ զարմանքով է նայում իրեն շրջապատող երեխաներին ու նույնպիսի զարմանքով ու ագահորեն լսում նրանց պատմություններն ու հարցերը.
- Պապիկ, իսկ ինձ այսօր գովել են դպրոցում։
- Պապիկ, մաթեմատիկան այնքան բարդ է։
- Պապիկ, իսկ դու բասկետբոլ սիրու՞մ ես։
Պապիկ... Պապիկ... Պապիկ։ Նա, կարծես, բոլորի պապիկն է։
Ջիմինը հեռվից նայում է այդ ամենին ու ժպտում։ Ավելի պինդ է սեղմում քրոջ ձեռքը, բայց չի հասցնում։ Փոքրիկ թաթիկը դուրս է թռչում նրա ափից,《Չվե պապի՜կ》ճիչով սլանում դեպի պապիկը։ Ջիմինն ավելի պայծառ է ժպտում.
- Էսօր մեզ սովորեցրել են թղթով թիթեռ պատրաստել։ Մեր ուսուցչուհին ասաց, որ Ճապոնիայում դա արվեստ է։ Ը... ինչպե՞ս էր կոչվում, - ու մտածմունքից հոնքերն է կիտում' մինչ Ջիմինը մոտենում է։ Ու փոքրիկ մատիկը թմբլիկ շուրթին է դնում։ 70%-անոց նմանություն եղբոր հետ։
- Օրիգամի...
Լսվում է պապիկի խուլ, զարմացած ձայնը, իսկ փոքրիկը ուրախանում է.
- Հա՜, ճիշտ է։ Օրիգամի։
- Բարև Ձեզ, - խոնարհվում է ավագ Փաքն ու նստում պապիկի կողքին, - ինչպե՞ս եք։
Պապիկը նայում է էլի զարմացած.
- Կարծես թե լա՞վ։
Իսկ Ջիմինը գիտի շարունակությունը։ Ջիմինն ամեն անգամ տխրում է.
- Իսկ դու ո՞վ ես։
- Փաք Ջիմինը, Չվե պապիկ։ Հարևան տանն ենք ապրում, - ձեռքով այդ կողմ ցույց տալով։ Պապիկի աչքերը փայլում են ասես, թեկուզ և ասում են' երբ մարդիկ մեծանում են, աչքերի փայլն այլևս չի երևում։
- Օ՜, Ջիմինի, ինչքան ես մեծացել, այգու՜։
Ամեն օր նույն սցենարը։
Ու կրկին քույրն է նայում տխրությամբ' մտածելով, որ չի ուզի ծերության ժամին էդպիսին լինել։ Ինչքան վատ է ամեն ինչ մոռանալը։
Իսկ ինչի՞ց է էդպես, - հարցնում է մի օր եղբորը' տան ճանապարհին, երբեմն հետ շրջվելով դեպի պապիկը։
Ջիմինը չգիտի, Ջիմինը չի կարող բացատրել կենսաբանության տեսանկյունից, Ջիմինը միայն մի բան գիտի, որ դա ցավոտ է, ու պատասխանում է միայն, որ այդպես լինում է։
***
Տասնյոթամյա Ջիմինը միայն մի երազանք ունի։ Չէ, դա չի հանգում էս փոքրիկ քաղաքից դեպի մեծը գնալուն ու բազում երազանքներն իրականացնելուն։
Պարզապես։
Ժամանակը մի քիչ երկարացնելու ցանկություն կա։
Մինչև հավերժություն։
Տասնյոթամյա Ջիմինը ցանկություն ունի մի քիչ երկար ժամանակ իր կողքին պահել տասնիննամյա Յունգիին։
Գնդակն ընկնում է օղակի մեջ, իսկ Ջիմինը հետևում է տղերքի խաղին Թեհյոնի հետ։
Ու դասարանի ու ավարտական դասարանի աղջիկների, որ կիսանայում են, կիսազբաղված են զրույցով.
- Տեսնես' ի՞նչ են անելու ավարտելուց հետո, - հարցնում է իր դասարանի աղջիկներից մեկը' նստած նստարանին, իրենց կողքին' ուշադիր հայացքը Յունգի-հյոնից չթաքցնելով։ Ջիմինը վաղուց է նկատել, Ջիմինն ի՞նչ կարող է անել։
- Նամջունն ուզում է քաղաքում մնալ, - Թեհյոնն է պատասխանում, - Հոբի-հյոնի կիրքը պարերի մեջ է, ո՞վ չգիտի։
Արևը լուսավորում է բոլորի դեմքը, իսկ նստարանը ստվերում է դրված, ծառերի տակ։ Երևի դպրոցի ամենահարմարավետ վայրն է։
Տղերքը քրտնել են բասկետբոլի դաշտում, աղջիկներն ամեն րոպե տուն փախչել են ուզում, իսկ Ջիմինը միայն հետևել։
Իսկ Թեհյոնը շարունակում է.
- Ուհյոն հյոնը բիզնեսով է ուզում զբաղվել, - ու լռում է։
Ու բոլորն էլ լռում են, իսկ աղջիկների զրույցը շարունակվում է։
Յունգի հյոնն էլի երեք միավորանոց է օղակը գցում.
- Յունգի հյոնն էլ է քաղաքին ձգտում, - լսվում է Ջիմինի ձայնն, իսկ Ջիմինը հայացքը թաքցնել չի կարողանում հյոնի այտերին տարածվող համաստեղությունից, որոնք ավելի են նկատելի դարձել շոգից կարմրելու պատճառով։
Ուղղակի կա մի բայց։
Յունգի հյոնը զզվում է էդ համաստեղությունից։
Թեհյոնը շրջվում է դեպի լավագույն ընկերը' նկատելով նրա հայացքը։ Թեհյոնը վաղուց է նկատել էդ հայացքը։ Թեհյոնը...
Թեհյոնը լավ ընկեր է։
Երևի վատը Ջիմինն է, որ ոչինչ չի ասել.
- Դժվար կլինի, - բարձրաձայնում է նա, ու Ջիմինը զսպում է գլխի դրական շարժը։ Որովհետև ու՞մ համար։ Ի՞ր, թե... Միայն《ինչի՞》է հարցնում, իսկ հայացքը խաղադաշտից էդպես էլ չի հեռացնում, - նրա համար։ Յունգի հյոնի համար։ Նա անգամ էստեղ է դժվար ընտելանում, էնտեղ, քաղաքում, մարդիկ ավելի հետաքրքրասեր են։
Ջիմինը գիտի։
Բայց դժվար կլինի ոչ միայն Յունգիի համար։
Ջիմինը մի ցանկություն էլ ունի. Թույլ չտալ Յունգի հյոնին կոտրվել։
Յունգի հյոնը գեղեցիկ պեպեններ ունի, որոնց շատերն են հետաքրքրությամբ նայում։ Իսկ ինքը զզվում է, որովհետև ատում է ավելորդ ուշադրությունը։
Ջիմինի էդ պեպենները հիշեցնում են Աննային' Կանաչ կտուրներից, ու Յունգիին դրանք սազում են։ Ցանկություն է առաջանում ամեն օր հիշեցնել նրան դրա մասին, բայց առաջինից հետո Ջիմինն այլևս ռիսկ էլ չի անում։
Որովհետև առաջին անգամ Ջիմինն ընդամենը տասնհինգ տարեկան էր, իսկ Յունգին' տասնյոթ։ Ջիմինն ուղղակի երեխա էր' սեփական չսիրված գծերով, թերություններով, բայց որոնք շատերին ուղղակի լավիկն էին թվում։ Ջիմինն ուղղակի երեխա էր փափուկ թուշիկներով, որոնց Յունգին հաճախ էր ուշադրություն դարձնում։ Ու բանն այն էր, որ ոչ միայն Յունգին։ Իսկ ինքը հրաշալի պեպեններով էր, որոնց մասին Ջիմինը չփորձեց կատակել, այլ լայն ժպիտով ու փայլուն աչքերով հիշեց.
- Հյոն, գեղեցիկ պեպեններ ունես։ Քեզ տեսնելով' Աննային եմ հիշում Կանաչ կտուրներից։
Յունգին կոմպլիմենտը չգնահատեց։ Հոնքերը կիտեց։ Հազիվ էր երևի մոռացել դրանց գոյության մասին։ Մեկ《էլ չփորձվես》, ու Ջիմինը ինչքան ժամանակ է լեզուն ատամների տակ է պահում.
- Ջիմինի-օպպա՜, - հանկարծ լսվում է ծանոթ ոգևորված ձայնը, երբ զանգի հետ տղերքն էլ են ավատրում խաղը ու մոտենում նստարաններին, ու Ջիմինը շրջվում է դեպի քույրը' պայծառ ժպտալով նույնպիսի ժպիտին։ Եվ իրոք, ջրի երկու կաթիլ։ Ուղղակի մեծ ու փոքր։
- Սումին-ա, ի՞նչ կա, - առաջ է գնում ու երկու դասարանների հիացած հայացքների ներքո ծնկի իջնում քրոջ առջև։
- Բան չէ, դասերն ավատել ենք։ Ուզում եմ Ջիյոնի հետ տուն գնալ։ Խոստացել եմ, որ նրան կծանոթացնեմ Չվե պապիկի հետ, - Ջիմինի ժպիտը նրբանում է, ու հետևում է անգամ Յունգին։
- Սումինա՜, - լսվում է Հոսոկի ոգևորված ճիչն ու փախցնում է աղջնակին եղբոր առջևից' գիրկն առնելով ու կանգնելով, - ո՞նց ես, պոնչիկ։
Իսկապես։ Այտերը նույնպես եղբորինն են.
- Հոբի-օպպա, բաց թո՜ղ, ես արդեն մեծ ե՜մ։
Մյուսներն ուղղակի հիացած են, Հոսոկի սիրտը խոցված է, իսկ Յունգին ուղղակի քմծիծաղում է.
- Ախ, սիրտս, - նրան իջեցնելով, - դու ինձ վիրավորեցիր։
Սումինը ծիծաղում է, իսկ Ջիմինը ժպտում.
- Իսկ ու՞ր է Ջիյոնը, - հարցնում է։ Իսկ քույրը մի քանի մետր մեջքի ետևում գտնվող տղային է մատնացույց անում։
Յունգին տեղից վեր է կենում, որպեսզի գնա դպրոցի շենքը, ու Սումինի ուշադրությունն է գրավում.
- Ուա՜, - կտրելով նրա ճանապարհը։ Ու ապշած է ոչ միայն Յունգին, այլև Ջիմինը, - ինչ գեղեցիկ պեպեններ ունես։ Գիտե՞ս Աննային կանաչ կտուրերից, - ահա, ևս մեկ նմանություն քրոջ և եղբոր միջև։ Ու ամեն բառի հետ անհանգստությունից Ջիմինի աչքերն են խոշորանում, - նա էլ ուներ...
Ու չի հասցնում շարունակել, որովհետև Ջիմինն արագ կանգնում է ու փակում ձեռքով նրա բերանը.
- Կներես, հյոն, նա... ես... - բառերը կուլ են գնում, իսկ Յունգի հյոնի դեմքը միևնույնն է, ոչինչ չի արտահայտում, - Յա՛, Սումինա՛, ներողություն խնդրիր, - ու ձեռքն է բերանից վերցնում։
- Ոչինչ, - լսվում է Սումինի ներողության փոխարեն Յունգիի հանգիստ ձայնը, իսկ շուրթերին թեք ժպիտ է առաջանում։ Հայացքը աղջնակից բարձրանում է դեպի անհանգիստ Ջիմինը, խորհրդավոր հայացք գցում, որում, ամեն դեպքում, նկատվում էր դժգոհությունը, հետո էլի նայում աղջնակին, - չէ, Աննային չգիտեմ։
- Ես քեզ կպատմե՛մ, - ոգևորված, ու հանկարծ հիշելով, - մի օր։ Ուղղակի հիմա Ջիյոնն սպասում է։
- Գնա, - Ջիմինը' ուշքի գալով ու հրելով աղջնակին, - պապիկին կբարևես։
- Հաջողությու՜ն, - խոնարհում, ու հեռանում է վազելով։ Ջիմինն ուղեկցում է նրան հայացքով' չմոռանալով, որ ետևում կանգնած է Յունգին։
Ու թվում է հիմա մի բան կասի, մի ձև կկոպտի, կցավեցնի, կասի' անհետացիր, կկոտրի։ Բայց չէ, ինքն է անցնում կրտսերի կողքով' շարժվելով դեպի դպրոցը։
Ջիմինն անգամ հանգստության հոգոց չի հանում, որովհետև ի՞նչ հանգիստ։ Յունգի հյոնն այնքան գեղեցիկ է, ու Ջիմինը զայրանում է, որ նա դա չի նկատում։ Ապացուցել է ուզում, գրկել է ուզում ու անվերջ կրկնել։
Ու սրտից պոկվում են բառեր, որոնք հյոնը, միևնույնն է, չի գնահատի.
- Հյո՛ն, - բարձրաձայն, - դու գեղեցիկ ես, - լսելի շշուկով։
Մեջքով քարացած հյոնը չի գնահատում։ Սպասելի էր։ Կախում է գլուխն ու ուղղվում կրկին' ոչինչ չասելով։
Յունգի հյոնը գեղեցիկ պեպեններ ունի, որոնք ատում է։
***
Պապիկ Չվեն կարճ հիշողություն ունի ու ամեն օրը նրա համար նոր է։ Որոնք փորձում է գոնե փոքր ինչ պայծառեցնել Ջիմինը։
Փոքրիկ քաղաք։ Տան առջևի նստարան։ Ջիմին.
- Ինչպե՞ս եք։
- Օ, - ձեռքերի մեջ ինչ-որ բան պտտելով ու ժպտալով, - հրաշալի։ Պարզապես հրաշալի, - Ջիմինն էլ կուզեր այդպես պատասխանել, - մի աղջնակ ինձ թիթեռ է նվիրել, այգու՜, - ու ցույց է տալիս։ Ջիմինը համոզված է, որ քրոջ ձեռքի գործն է, դրա համար էլ նուրբ ժպտում է։
- Գեղեցիկ է։
- Եվ ավելի է գեղեցկանում, երբ հենց այնպես են նվիրում։ Ու ավելի գեղեցիկ, երբ սեփական ձեռքերով է պատրաստված։
Համաձայն է։
Ջիմինը հենվում է տան պատին, նայում վեր, ուր երկինքն է կուլ գնում մթի մեջ։ Ուր արևն էլ կուլ գնում։
Ու արևը տխուր է գնում' զղջալով, որ ոչինչ չի կարող անել այս պապիկի համար.
- Պեպեններն էլ են գեղեցիկ։
- Օ, ճիշտ է, - պատասխանում է պապիկը դողացող ձայնով, ու Ջիմինը համոզված է, որ նա վստահ է իր խոսքերում, - այգու՜, հիշում եմ, - նույնպես վեր նայելով, - մի ընկեր ունեի։ Մին Յույոկը, - ու Ջիմինը կտրուկ շրջվում է դեպի նա' խոշորացնելով աչքերը, - այգու՜, ես էդպիսի պեպեններ կյանքում տեսած չէի։ Տանել չէր կարողանում, - ծիծաղելով, - ոչ մի կերպ չէին կարողանում հակառակը համոզել։ Միայն Սեբյոլը կարողացավ։ Այգու՜, ափսոս չամուսնացան։
Ջիմինը քարանում է, որովհետև Յույոկի մասին էլի է լսել։ Որովհետև մեծերը միշտ իրար ճանաչում են։ Որովհետև պարզ է դառնում մի բան. Իր Սեբյոլ տատիկը, որ այնքան նուրբ է ժպտում պապիկի նկարին, սիրում է թոռներին ու ամեն օր կրկնում, թե ինչքան գեղեցիկ են նրանք, տարիներ առաջ համոզել է դրանում նաև Յույոկին։ Մին Յույոկին, որի պեպենները դժբախտաբար, թե բարեբախտաբար թոռանն են փոխանցվել։ Իր առաջին սիրուն։
Մի օր մի Սեբյոլ էլ կհայտնվի, որ նրան կապացուցի, որ պեպենները գեղեցիկ են։ Որ Յունգին գեղեցիկ է։ Որ դրանք նման են համաստեղությունների, իսկ աչքերը երկու մոլորակի։
Մի Սեբյոլ կհայտնվի, ոչ թե Ջիմին։ Ջիմինն ուղղակի կնայի իրեն վերջապես ընդունած Յունգի հյոնին նուրբ ժպիտով, ու կհիշի, որ տարիներ առաջ, ֆիզկուլտից հետո սրտի խորհրդով խոստովանել է' հյոն, դու գեղեցիկ ես։ Ու էդ նույն սիրտը կճզմվի նույն վայրկյանին։
Որովհետև մի Սեբյոլ կհայտնվի, ոչ թե Փաք Ջիմին։
Հ. Գ. Ստարտը տված ա։ Հուսամ կհավանեք💛
