ՄԱՍ 8

-
Ռուբեն ջան,բա՛րև,-ընդառաջ գալով ինձ՝ ձեռքը մեկնեց Գնելը,-շնորհակալ եմ,որ եկար։
-Բա՛րև Ձեզ։
Կուլտուրայից դրդված՝ մի քանի հարց տալուց հետո քաղաքի հեռուստաընկերություններից մեկի գլխավոր պրոդյուսերը անցավ գործի։
-Ուրեմն այսպես,վստահ եմ տեղյակ ես,որ ԱՄՆ-ում լայն տարածում ունեն մեր սերիալները և մշտապես տեղի հսկայական հայ համայնքի միջոցներով նկարահանվում են ֆիլմեր։Դե դրանց որակի մասին խոսելն իհարկե ավելորդ է,բայց որ պահանջված են, դա անհերքելի փաստ է։
Արդեն սկսում էի հասկանալ այդ տարօրինակ հրավերի պատճառները։
-Անիմաստ չձգձգեմ,Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքի ռեժիսորներից մեկը իմ լավ ընկերն է ու ցանկանում է խոսել քեզ հետ...ավելի ճիշտ ուզում է համագործակցության առաջարկ անել։
Դարակից հանելով մի թղթի կտոր՝ Գնելը դրեց այն սեղանին և հրեց դեպի ինձ։
-Կապնվի՛ր հետը, բաց չթողնես այս հնարավորությունը, Ռուբեն ջան։
-Բայց ինձ ո՞վ կթողնի ես մեկնեմ ԱՄՆ, պարո՛ն Դավթյան...
-Դրանք այն հարցերն են,որոնց մասին դու չէ որ պիտի մտածես։
***

Առաջարկը իհարկե չափազանց գրավիչ էր։Պետք է համագործակցեի տեղի հայկական հեռուստաալիքի հետ և մշտապես նկարահանվեի բազմասերիանոց ֆիլմերում, իդեպ հատուկ կետ կար, որում նշված էր.《ոչ երկրորդական դերերում》։
《Իսկ մի՞թե սա իդեալական տարբերակ չէ Ադրինեի հետ մեկնելու ու բոլորի աչքից հեռու սեփական կյանքը դասավորելու համար։Լոսի հայերը արդեն ունեն ուրիշի կյանքով չապրելու կուլտուրան, ու դժվար թե որևէ մեկին հետաքրքրի կնոջս անցյալը, իսկ ընկերներ ես այնտեղ չունեի, ում առաջ պետք է հաշվետու լինեի, թե ինչու եմ ամուսնանում մտերիմ ընկերոջս նախկին տիկնիկի հետ》։
Ամառվա երեկոների գույնն ամենասիրելիներից էր: Արևը դեռ մայր չէր մտել, իմ սիրած ժամն էր, երբ թեթև, ծիրանագույն շողերը տարածվում են քաղաքով մեկ: Ավարտել էինք օրվա նկարահանումն, ու դուրս էի եկել մի փոքր զբոսնելու մինչ ընկերներիցս որևէ մեկը կզանգեր և կծանոթացներ երեկոն անցկացնելու այդ օրվա գրաֆիկի հետ։
Իրականում լավ էի գիտակցում,որ Ադրինեի հետ կյանքս կապելը շատ խնդրահարույց ու ոչ միանշանակ ընդունվող որոշում էր,բայց և վստահ էի՝երջանիկ կլինեմ նրա հետ։
Նաև հասկանում էի,որ եկել է նրա հետ խոսելու պահը, ժամանակը սուղ էր։Գործնական առաջարկի պատասխանը պետք է տայի երկու օրից ոչ ուշ։ Ադրինեն կարծես թե ուշքի էր եկել,նույնիսկ որոշել էր վայելել կյանքը։
《Փաստորեն այսպես է լինում,որ աղջիկները վերածվում են անառակների։Համենայն դեպս Ադրինեի վիճակը հիմա այնպիսին է,որ եթե չհայտնվի մեկը, ով նորից կստիպի հավատալ, ապա նա հաստատ մի կողմ կդնի բոլոր բարոյական արժեքներն ու...》։
-Պրիվետ չախկալ։
-Բա՛րև Ալեքս,-լսվեց Ադայի արդեն զրնգուն ձայնը։
-Ի՞նչ ես անում,որտե՞ղ ես։
-Տանն եմ,ինչի՞։
-Սուրճ եմ ուզում,-իհարկե տարօրինակ էր Ադրինեի երջանիկ ձայնը,բայց այնուամենայնիվ, ուրախ էի, որ ուշքի գալու համար քիչ ժամանակ պահանջվեց։
-Արի՛ հյուրասիրի,-ծիծաղեց նա։
-Այսինքն...մի խոսքով խոսելու բան կա, Ադա՛, ու շատ շտապ։
-Այսինքն,մերոնք ինձ մենակ են թողել ու գնացել են յոթը պորտ էն կողմ մի բարեկամի հարսանիքի։Արի՛ ինքդ եփի, ու ես էլ երևի չեմ հրաժարվի քո դրած սուրճից։Հետո էլ կխոսենք։
Առաջարկը մի կողմից չափազանց գրավիչ էր,բայց մյուս կողմից էլ...հեշտ հասանելի նվաճումները արժեզրկվում են։
Նա թաքուն էր իմը: Աշխարհից, մարդկանցից ու հենց իրենից թաքուն: Վերջերս ես էլ էի միացել նրանց,արդեն ինձանից էլ էր թաքուն Ադրինեն իմը: Մարդիկ իմ ձայնով երբեք չէին լսում նրա անվան վերջում այնքան թաքուն թաքնված 《ս》-ն։
- Կարելի է՞:
- Հա՛, իհարկե, նե՛րս արի:
- Կներես, որ վերջին պահին զանգեցի, ուղղակի պիտի տեսնեի քեզ:
- Մի կերպ կներեմ,- ասաց Ադրինեն, իսկ ժպիտից հյուրասիրություն էր ծորում,- հիմա սուրճ կխմե՞ս:
- Իսկ էսքան ժամանակ մեկը քո սուրճից հրաժարվե՞լ է.. մանավանդ ես..
- Մի քիչ անհանգստացա, որ ասեցիր՝ էսքան շտապ է հանդիպելը: Հո բան չի՞ եղել:
- Չէ՛.. Բայց իրոք չէի կարողանա մինչև վաղը սպասել: Առանց էն էլ լավ սպասել եմ:Ադա՛, սուրճը հետո կխմենք, հա՞: Մի խոսքով մինչև գալս մի հազար անգամ երևի պատկերացրել եմ ոնց եմ սկսելու, բայց քանի որ առաջին անգամ եմ էսպիսի բան անում, երևի միանգամից ասեմ: Ու հետո էդպես ավելի շատ ժամանակ կունենանք ասածիս մասին խոսելու:
- Ու որոշեցիր էս տարբերա՞կն ընտրել:
- Ի՞նչ տարբերակ:
- Դե որպես նախաբան ինձ էս ամենը պատմելը: Ոնց որ մեր շենքի հոսանքը լինես, տատանումների մեջ ես, Ռու՛բ, ասա տեսնեմ ինչ կա:
- Ադրինե՛, ես քեզ սիրում եմ:
...
- Իսկ քո պատկերացրած տարբերակներում ես ի՞նչ էի պատասխանում:
Շփոթվեցի նման պատասխանից: Արդեն ասացի, որ երբեք, դե գոնե հասուն տարիքում, երբեք ոչ ոքի զգացմունքներս չէի պատմել: Պատմելու բան էլ լիներ. ախր ես մի կարգին չէի էլ սիրել: Բայց դե աղջիկները նման պահերին ինչ-որ շատ աղջկական, թիթիզ-միթիզ բաներ պիտի որ խոսեն, չէ՞:Որոշեցի ուղղակի նրան վստահել մտքերս:
- Դե մի տարբերակում դու մի քիչ լռում ես, շփոթվում, ոնց որ ես հիմա: Մյուսում ասում ես, որ էս ամենն անսպասելի էր կամ որ քեզ ժամանակ է պետք: Իսկ ամենաանհավանական տարբերակում ասում ես, որ դու էլ իմ հանդեպ զգացմունքներ ունես:
- Ճիշտ ես:
- Ո՞նց թե,- ու հարցի ընթացքում փորձեցի հասկանալ կայծակը խփեց, թե՞ էլի հոսանքի տատանում էր:
- Ասում եմ ճիշտ ես, էդ ամենաանհավանական տարբերակն էր:
Չէ՛, փաստորեն հոսանքի տատանումն էր սովորական ու հասարակ տատանում, ո՛չ կայծակ կա, ո՛չ էլ կայծ:
- Գիտես, սա էլ վատ չի: Էս տարբերակում դու հետո սուրճ ես բերում, մենք մոռանում ենք ստեղծված անհարմար դրությունը, հաջորդ օրվանից նորից սովորականի պես շփվում ենք, ես աստիճանաբար գրավում եմ սիրտդ, մի քանի տարուց ամուսնանում ենք ու ծիծաղելով հիշում էս օրը:
- Վա՜յ, Ռուբո՛: Լավ, մոռացանք, բան չի եղել: Գնամ սուրճ բերեմ:
- Ա՛յ տես, առաջին քայլն արեցինք էս տարբերակի:
Նրա հետ միշտ ամեն բան այնքան հեշտ էր: Անգամ էս անհարմարությունը նա հարմարավետ դարձրեց մի բարի ժպիտով: Ու եթե կյանքում որևէ մեկին պիտի սիրեի, ուրեմն նրա պես մեկին, ում հետ կմոռանայի ամեն բան մի բաժակ սուրճի շուրջ:Որոշեցի մի քիչ դադար տալ, ապա բացել բոլոր խաղաքարտերը ու պատմել Ամերիկյան առաջարկի մասին։
Շարունակելի
