6 страница6 сентября 2019, 18:03

ՄԱՍ 6

76f5f3c23e44779157a48d315ea69d90.jpg

   Հենց այդ գիշերվանից սկսվեց ինքս իմ հետ մենամարտելու երկար ու ձիգ գործընթացը։ Այդ օրերին համոզվեցի,որ աշխարհի ամենասարսափելի զգացողություններից մեկը սեփական եսից գլուխ չհանելն ու զգացմունքներդ վերլուծելու անկարողությունն է։ Տարօրինակ զգացողությունների հսկայական փունջ էր՝ կատաղություն, հիասթափություն ամենամոտ ընկերոջից(ինչը երևի ամենասարսափելին էր) ,վախ սեփական զգացմունքներին ազատություն տալուց,պայքար նոր ծնվող երազանքների դեմ,պայքար ինքս իմ հետ…Ադային նորից տեսնելու անհագ ցանկություն, շրջապատի կողմից մերժվելու ու չընկալվելու չափազանց հավանական վտանգ։
   Այս ամենից զատ՝փորձում էի ինձ համոզել,որ ոչ մի բարոյական իրավունք չունեմ բացելու այն կապոցը,որն Ադրինեն խնդրել էր փոխանցեմ Արամին։
    Իսկական քաոս էր տիրում գլխումս։Երկուշաբթի էր։ Այն հազվադեպ օրերից էր, երբ նկարահանման չէի, բայց պետք է հանդիպեի մի սկսնակ երգչի իր տեսահոլովակում նկարահանվելու մանրամասները քննարկելու համար։Վերջինիս խնդրանքով առավոտյան վաղ պայմանավորվեցինք։
  Երկուշաբթի սովորաբար խցանումներն ավելի մեծ են լինում, երկար տևում, ուստի սովորականից շուտ էի դուրս գալիս տանից, եթե որևէ տեղ էի ունենում գնալու. ուշանալ չսիրելը երբեմն իրոք բարդացնում էր կյանքս։ Դեռ հանդիպմանը մեկ ժամ կար,իսկ ես արդեն Կասկադում քայլում էի։ Սիրում էի քաղաքի առավոտյան արթնացումը։ Մատուցողները աթոռները գրկած դուրս էին բերում սրճարանի բացօթյա հատված, մեքենաներն սկսում էին շատանալ, քաղաքն ու սրճարաններն իրենց առօրյա տեսքն էին ստանում։ Նստարաններից մեկը սեփականաշնորհել էի, թեև հազիվ երեք-չորսն էին զբաղված։ ..Թամանյանի թիկունքին բծեր կար։ Տեսնես նկատե՞լ էին  արձանների պահպանությամբ զբաղվողները.. նման մտքերով փորձում էի ազատել ինձ Ադրինեի անօգնական հայացքից,որը այդպես էլ չէր մաքրվում ուղեղիցս։
  Ադրինեն քայլում էր իմ կողքով, առջևով, իմ ետևից երբեմն: Քիչ առաջ տաքսի կանգնեցնողն էլ էր նա: Խանութից հենց իմ դիմաց դուրս եկած անծանոթն էլ էր նա:  Հեռախոսով արագ ինչ-որ բան բացատրողն էլ էր նա: Քաղաքը լի էր Ադրինեով: Ամեն անցնողի մեջ կար, թեպետ նրա նման ոչ մեկի չհանդիպեցի այդպես էլ: Հազիվ Ադային նրանց մեջ տեղավորել էի փորձում, բայց նմանեցնել ոչ մի կերպ չէր ստացվում: Մենք հաճախ մարդկանց տեղավորում ենք քաղաքների մեջ, որ բոլորից ու հատկապես մեզանից թաքուն սիրենք նրանց։ 《Ես անտարբեր չեմ նրա նկատմամբ》։ Ու ինչո՞ւ ենք մենք այս ճոխ լեզվում հենց այս արտահայտությունն ընտրել զգացածն արտահայտելու համար։ Որովհետև ամեն բան տարբեր է դառնում ու առաջին հերթին՝ նա։ Մենք տարբերության հսկա, հաստ պատեր ենք շարում նրա ու մյուսների միջև։ Տարբեր կերպ ենք հոգում նրա մասին, նրա անունը տարբեր հնչերանգով ենք արտաբերում, ու տարբերվում է մեր հայացքը նրան նայելիս։ Տարբեր են մեր քայլերի պատճառները, տարբեր են այն խոսքերը, որ միայն նրա համար են նախատեսված։ Տարբեր է ձվածեղն անգամ, որ նրա համար ենք պատրաստում։ Գուցե տաք է ավելի, գուցե լավ չտապակած, բայց հաստատ տարբեր է։ Եվ նա է տարբեր։ Աշխարհի մի քանի միլիարդ մարդու մեջ նա միակ տարբերն է։ Ձայնով, մեզ հասկանալու իմաստությամբ,  իր այդքան ուրիշ լինելով նա տարբերվում է մյուսներից։ Ու տարբեր է դարձնում աշխարհն ու կյանքը,ուղղակի մի օր հասկանում ենք՝նա կա, ու մեր սիրտն էլ անտարբեր չէ։

***

  Հետաքրքրասիրությունս հաղթեց բարոյականությանս… բացեցի ձեռքիս ափից մի փոքր մեծ քառակուսի կապոցը,որը պետք է փոխանցեի Արամին։
   Մի քանի մանր մունր հուշանվերներ էին՝ ժամացույց, բջջային հեռախոսի պատյան իրենց համատեղ լուսանկարով և ոսկյա մատանի,որի ներսի մասում դաջված էր իրենց անվան առաջին տառերը։
   《Էդ հիմարը բոլոր հնարավոր տարբերակներով Ադրինեին համոզել էր,որ միասին են լինելու...》։
Մտքերս շեղեց բջջայինիս զանգը.Արամ կոչվածն էր։  Որպես ընկեր իհարկե բազմիցս ապացուցել էր իր նվիրվածությունն ու հավատարմությունը,բայց անկախ ինձանից աչքիցս ընկել էր։
-Հա՛…
-Բարի օր,-չափազանց ճնշված ու ցածր ձայնով լսվեց նրա ձայնը,-ի՞նչ կա։
-Ոչ մի հետաքրքիր բան…քեզ հետաքրքրող բան չկա։ Ո՞նց ես,ու՞ր ես։
Չնայած զայրույթիս և հիասթափությանս՝ լսելով ընկերոջս ձայնը՝ հասկացա,որ նրա կարիքը ես միշտ ենթագիտակցաբար զգում եմ։
-Երևան եմ էկել։Ինձ պատմելու բան չունե՞ս։
-Ասելու չէ,բայց փոխանցելու բան  ունեմ,-հեգնեցի ես,- էսօր գրաֆիկս խիտ ա,վաղը կզանգեմ՝ կհանդիպենք։ Աչքիս ոսկու շուկա գնանք։
-Ինչի՞-զարմացավ Արամը։
-Դե քո նվիրած մատանին ծախելու։Թե՞ հիմա էլ Ալլային կնվիրես,մեկա վրան դաջված անվան տառերը համընկնում են։
Մի քանի վայրկյան լռություն տիրեց,լսվում էր միայն Արամի ծանր շնչառությունը։
-Ես ոչ ոքի էլ չեմ նվիրի…Ռուբ ինքս ինձանից զզվում եմ։ Վաղը զանգիդ կսպասեմ, ախպե՛րս։
《Մի՞թե փոշմանել է,մի՞թե հասկացել է,որ անձնական երջանկությունը ավելի կարևոր է, քան կողքինների կարծիքները,որը ձևավորվել է սեփական ուղեղի հարթության հետևանքով》։
Տարօրինակ էր…չէի ուզում,որ Արամը իր սխալը գիտակցած լիներ։Ադրինեն այնքան ուժեղ չէր,որ կարողանար չտալ  երկրորդ հնարավորությունը։ Իսկ ես…ես պետք է ուրախ լինեի,որ ընկերս վերջապես սթափվել է,բայց փոխարենը Ադային կորցնելու վախ էի զգում։Գրո՛ղը տանի, ընդամենը մեկ օր ազատություն տվեցի զգացմունքներիս և…և սիրեցի՞։ Այնքան սիրեցի որ ուրախանալու փոխարեն տխրու՞մ եմ՝ հասկանալով, որ Արամը ուզում է հետ վերադարձնել Ադրինեին։
   《Չէ՛, ես այդքան ստոր չեմ կարող լինել ընկերոջս հանդեպ։Բայց ստորությու՞ն է դա։Եթե զգացել եմ,որ այսքան ժամանակ ինքս ինձ եմ խաբել համոզելով,որ Ադրինեին ուղղակի համակրում եմ և կապկպել եմ մտքերս,որպեսզի հանկարծ չտարվի Ադայով։Չէ՛, ես ստոր չեմ։Ստոր կլինեի, եթե  որևէ բան ձեռնարկեի, երբ նրանք դեռ միասին էին։Իսկ հիմա…իսկ հիմա ես գիտեմ,որ միակ մարդը, ում կողքին ես Ռուբոն եմ, այլ ոչ թե Ալեքսը,ում կողքին ոչինչ չունեմ ապացուցելու ու երբեք չեմ նայում ժամացույցիս, դա Ադրինեն է։Այս ամենը ապացուցվեց վերջին հանդիպմանը։Նույնիսկ կինոդահլիճում մենք այնքան լավ էինք լուռ նստել,որ կասկած չմնաց…պետք է ամեն հնարավոր բան անեմ,որպեսզի նա կրկին ուզենա ապրել》։
  Այդ պահին ամենասարսափելի բանն այն էր,որ ինքս էլ վստահ չէի, թե ինչպես եմ ապրելու այն մտքի հետ,որ Ադան եղել է ընկերոջս հետ։Կկարողանա՞մ արդյոք այնքան ուժեղ լինել,որ չտեսնեմ նրանց գրկախառնված մարմիններն ու չլսեմ նրանց ձայները…վստահ չէի։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

6 страница6 сентября 2019, 18:03

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!