🔆 1 🔆
Երեխայի լացի ձայնից արթնացած ալֆան խոժոռվեց ու արագ նստեց։ Ձայնը կողքի սենյակից էր,լաց լինողը՝ իր որդին։
Կողք նայեց, բայց ամուսինը չկար, հավանաբար երեխայի մոտ էր։
Վեր կացավ ու արագ կողքի սենյակ գնաց։
֊Չե՞ս կարողանում կտրել նրա ձայնը,֊սպասվածից բարձր ստացվեց։ Երեխային օրորող օմեգան հանկարծակիի եկավ ու նայեց ամուսնուն։
֊Վոնհո խնդրում եմ,֊շշնջաց,֊նա ձայնիցդ ավելի կվախենա ու...
֊Չիմին,֊ձայնը կոպիտ էր,֊դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Հասկանո՞ւմ ես, ես վաղն աշխատանքի եմ, ինձ քնել է պետք...
֊Ինձ նույնպես Վոնհոյա,֊ձայնն ու տեսքն այնքան հոգնած էին, որ ալֆան մի փոքր մեղմացավ, բայց մնաց ինքն իր համոզմունքին,֊ես էլ եմ հոգնած։
֊Օհ, հոգնած,֊հեգնեց ու մոտեցավ ամուսնուն, ում հայացքը դատարկվեց, ձեռքն էլ օրորոցի վրայից ընկավ,֊դու ամբողջ օրը տանն ես Չիմ, ոչինչ չես անում, նույնիսկ տան գործերը չես անում, տունը միշտ թափթփված է, նորմալ ուտելու բան չկա, տեսքիդ մասին՝ չխոսեմ։
Վոնհոյի ամեն խոսքի հետ, Չիմինի ներսում ինչ֊որ բան էր կոտրվում, ամեն բառը նետի պես սիրտն էր մխրճվում՝ ստիպելով արնահոսել։
Ոչինչ չասաց, քմծիծաղեց ու մեկ տարեկան տղային իր գիրկն առավ՝ փորձելով ձեռքերի վրա քնեցնել։
֊Այնպես արա, որ նրա ձայնը շատ բարձր չլինի։
Դուռը ալֆայի հետևից փակվեց, սենյակում էլ լռություն տիրեց ։
Մինգին այլևս լաց չէր լինում, գլուխը դրել էր հոր կրծքին ու կարծես նրա հոգեվիճակը հասկանալով, լուռ խաղում էր գիշերանոցի օձիքի հետ։
Օմեգան նստեց հատակին, հենց Մինգիի խաղալիքների մեջ ու հենվեց պատին։
Այլևս ուժ չուներ, նույնիսկ մտածելու, նույնիսկ շնչելու։
Միակը, որ մի փոքր հույս ու ուժ էր տալիս, Մինգին էր, նրա ժպիտն ու նոր բացվող լեզվով արտասանած՝ <<հայրիկ>>֊ը։
Փոքրիկ օմեգան քնեց՝ գրկելով մեծի պարանոցը։ Բայց վերջինս չէր շտապում որդուն օրորոցի մեջ տեղավորել ու իր սենյակ գնալ։
Ամուսնուն նայել չէր կարող, նրա կողքին պառկելն այլևս հաճույք ու ուրախություն չէր պարգևում։
Արցունքները իրար հերթ չտալով ցած գլորվեցին, կաթացին Մինգիի մեջքին։
Արագ սրբեց ու փորձեց իրեն հավաքել, բայց չկարողացավ։ Ցավն ու ճնշվածությունը թույլ չէին տալիս։
Ախր երջանիկ էին, ի՞նչ պատահեց։ Ի՞նչ եղավ իր ալֆայի հետ, ով այդպիսինը չէր։
Ինչքան երջանիկ էին, երբ ուղղակի հանդիպում էին, ինչքան երջանիկ էին, երբ խորանի առաջ մեկը մյուսին խոստումներ էին տալիս։ Ինչքան երջանիկ էին, երբ ամուսնությունից երկու տարի անց պարզեցին, որ Չիմինը հղի է, որ փոքրիկ Լի է լույս աշխարհ գալու։
Օմեգան այդ օրերին չէր դադարում պատկերացնել, թե ինչքան գեղեցիկ ընտանիք են լինելու։
Բայց Մինգիի ծնունդն ամեն բան փոխեց։ Վոնհոն աստիճանաբար սառեց, սկսեց ուշ տուն վերադառնալ՝ ամեն ինչ գցելով աշխատանքի վրա։ Բայց Չիմինը գիտեր, պատճառն աշխատանքը չէր։ Շատ լավ զգացվում էր ալկոհոլի հոտը, ուրիշ ալֆաների, նույնիսկ օմեգաների բույրերը։
Իսկ ինքը, ամեն օր տանը, հրաժարվել էր սիրելի աշխատանքից, հրաժարվել էր ընկերներից, ընտանիքից, հարազատներից, հանուն ամուսնու, հանուն Մինգիի։ Ամբողջ օրը տնային գործերն էր անում, բայց մի՞թե տունը կարգին կմնա, երբ տանը մեկամյա չարաճճի կա։ Իհարկե ոչ, իսկ ալֆան դա չէր հասկանում, չէր մտնում օմեգայի դրության մեջ, չէր օգնում, նույնիսկ,եթե ազատ ժամանակ ուներ։
Մինգիի հետ ժամանակ անցկացնելը ալֆայի համար կարծես տաբու լիներ, մի րոպե անգամ չէր կարողանում որդու հետ մենակ մնալ։ Ամեն անգամ բարկանում էր, երբ օմեգան խնդրում էր մի քանի րոպեով պահել փոքրիկին, որ գոնե լոգանք ընդունի։
Խաղաղ ու սիրով լի ընտանիքը օրեցոր վերածվում էր դրա հակապատկերին։ Կռիվները, մեղադրանքները ամեն օր նոր ուժով թափվում էին օմեգայի գլխին, ծանր բեռը, որ դրված էր նրա փոքրիկ ուսերին, այլևս տանելի չէր։
Ամեն անգամ հայելու առաջ կանգնելիս, խորը շունչ էր քաշում, որ լաց չլինի։ Առաջվա սլացիկ մարմինը չկար, այտերը լցվել էին, աչքերի շուրջը տարածվող սև շրջանակները օր օրի ավելանում էին, վարսերը գունաթափվել էին, արծաթագույն մազերի տակից իր բնականներն էին աճել, առաջվա փափկությունը չունեին...
Շատ տարբերություններ կարելի էր տեսնել, բայց օմեգային ամենաշատն անհանգստացնում էր աչքերում եղած դատարկությունը, որը փոխարինելու էր եկել առաջվա փայլին։
֊Ի՞նչ անեմ,֊շշնջաց ու նայեց քնած որդուն,֊ի՞նչ անեմ Մինի,֊աչքերը ցավում էին, գլուխը պտտվում էր, բայց անզոր էր, չգիտեր՝ ինչպես վարվել, ինչպես դուրս գալ այս իրավիճակից։
Հանկարծ հեռախոսին հաղորդագրություն եկավ, թեթև հայացք գցեց վրան ու զարմացավ։
<<Բարև փոքրիկ, գիտեմ, որ քնած ես, ուղղակի ուզում էի զգուշացնել, որ վաղը կեսօրին հյուր եմ գալու;)>>։
Չիմինը բերանը ձեռքով փակեց ու ավելի ուժեղ լաց եղավ։
Միայն ոչ նա...
