1 страница5 октября 2021, 02:44

Առաջին պարտություն

                                                            

Անմարդկային էր այն ամենը, ինչը կատարվում էր իմ շուրջը. Դիակներ՝ կանանց, տղամարդկանց, երեխաների, արյունը, որը կանանցն էր, տղամարդկանցն ու երեխաներինը: Երկնքում՝ վերևում, մութ էր, անծայրածիր էր ավարտը: Հեռվից մոտեցավ բրդոտ սև կատու, նստեց դիմացս ու սկսեց լեզվով լվանալ արյունոտ բերանը: Վերևից դիակներին մոտեցան անգղները: Նրանք տգեղ կռնչյուն արձակելով նստեցին մի տղամարդու և մի երեխայի դիակի վրա. Սկսեցին ագահաբար կտցահարել, պոկել-քաշել հաստ, սև կաշիները: Փակեցի աչքերս: Սարսափելի էր այդ տեսարանը: Բրդոտը սկսվեց քսմսվել ոտքերիս, հաճելիորեն մլավել՝ ցանկություն հայտնելով սիրել , շոյել իրեն: Խոնարհվեցի բրդոտի դիմաց: Բրդոտը արյունտ մռութը քսեց քթիս ու...ժպտաց , մարդու նման ժպտաց, անկեղծ եմ ասում:

- Բարև, աչոնիկ, - հեգնանք կար կատվի ձայնի մեջ: - Ասում ես՝ ինչի որոշեցիր կոտորել էս մարդկա՞նց:

- Ես...կոտորե՞լ եմ,- սարսափեցի անսպասելիությունից: Փաստորեն ես եմ կոտորել նրանց: Մի պահ հավատացի բրդոտին, հետո գլուխս թափահարեցի ՝ չհավատացի նրան ՝ այդպես էլ:

- Հա բա՛...դու ես կոտորել: Ես էլ նստել էի անկյունում ու երազում էի՝ երբ ես վերջացնելու, որ մի կտոր բան ուտեի: Շատ սոված էի: Էդ անտե՜ր տերերս մի բան չէին տալիս: Գիտես՝ լավ արեցիր, որ կոտորեցիր: Հիմա կկարողանամ ազատ ելումուտ անել:

Բրդոտը մի պահ գլուխը թեքեց ու տագնապալից ֆշշոց հանեց: Թվաց՝ անգղների վրա է ֆշշում:

- Տեսնում ես էն փոքրիկ տղային, որի աչքը անգղը կտցահարում է... 

Կեղտոտ ոսկեգույն մազերով, ոտաբոբիկ երեք տարեկան տղան անգիստակից էր, մահացած: Նա ձեռքերը բացել էր անգղի առաջ՝ թույլատրելով վարվել նրա հետ այնպես, ինչպես այդ պահին  անգղը կցանկանար: Անօգնական էր՝ նույնիսկ իր մահվան մեջ: Գլխով արեցի՝ տեսա:

- Ա՛յ էդ կեղտոտն էր ոտքով խփում ինձ: Լարում իրենց տնից: Սոված թողնում: Ապրե՜ս, որ կոտորեցիր սրանց:

Բրդոտը գոհունակորեն ժպտաց, վեր կացավ տեղից ու մանր քայլերով հեռացավ: Մի պահ շրջվեց:

- Լսի՜ր, որ մուկ տեսնես՝ խաբար արա: Կգանք՝ կհասնենք, - աչքով արեց ու պոչը տնկած՝ հեռացավ:

Մի պահ ուժերս սպառվեցին: Ընկա գետնին: Աչքերիցս հոսող արյունը կաթեց ասֆալտին ու...սկսեց մռմռալ: Սի՜րտս: Ականջներումս հնչեց բամաթիվ մանուկների ձայներ՝ աղոթող, մաքուր, պարզ ձայներ: Փակեցի ականջներս՝ ապարդյուն: Նրանցից մեկը հայտնվեց դիմացս: Անգղների կողմից՝ պատառոտված մանչուկը վեր կացավ: Լայն, սարսափելի ժպտաց...հիստերիկ ժպիտ էր: Աչքերը չռեց արյունոտված ասֆալտին: Մոտեցավ: Ծնկեց: Գրկեց ինձ:

- Ներո՜ւմ եմ ...Ներո՜ւմ եմ .... – չէր դադարում կրկնել:

- Ի՞նչ է կատարվում;

- Ներում եմ քեզ ու բոլոր մեղքերդ:

- Բացատրի՜ր, - սկսեցի գոռալ. - Բացատրիր, գրո՛ղի տարած, մեռյալ:

- Գիտե՜ս մեկ-մեկ նստում էի ա՛յ էն ծառի տակ – մատը տարավ ընկուզենու կողմը: Շատ էի սիրում իրան (հայացքը չէր հեռացնում ընկուզենուց, կարծես սիրահարված լիներ նրան): Նա էլ ինձ էր շատ սիրում: Երբ շոգում էի, նստում էի նրա տակ...հովացնո՜ւմ էր: Ես էլ իրեն էի հովացնում՝ ջրելով: Մի անգամ մեծ մարդ եկավ: Շա՜տ մեծ էր (օդում կլորր փոր նկարեց): Եկավ ու ասեց, որ կտրելու է, որ ՛՛Ընկուզենու փայտից լավ սեղան կարող ենք սարքել՛՛: Բայց ես չթողեցի: Հա՛, չթողեցի, որ կտրեր ընկերոջս: Գիտե՞ս՝ ինչ արեցի, - աշխույժ վեր կացավ տեղից ու ջղային դեմք ընդունեց (մի պահ սատանայի նմանվեց, ազնիվ խոսք): Դրա՛ կոկորդը պատառոտեցի...Գե՜լի նման պատառոտեցի:

Մանչուկի բերանից արյուն հոսեց: Դեմքին հայտնվեց դիվային ժպիտ:

- Քեզ էլ կպատառոտեմ – հանգիստ տոնով, կարծես առօրյա խոսակցություն վարեր: Բայց երբ պատառոտեմ չբղավես հանկարծ: Չճանկռես դեմքս ու հողը չշփես աչքերիս մեջ:

Մոտեցավ ինձ՝ դանդաղ, սպառնալից տոնով կրկնելով ՛՛չճանկռես ու չբղավես՛՛; Փակեցի աչքերս: Հանձնվեցի...Մահվան...Այսքան արա՞գ...Միթե այսքա՜ն թուլամորթ եմ:

- Չէ թուլամորթ չես , - մտքիս պատասխանեց մանչուկը, – ուղղակի լույսդ է պակասել:

Մանչուկը սկսեց ծիծաղել ու հեգնանքով կրկնել ՛՛ լույսդ՛՛ բառը: Վախենում էի բացել աչքերս, վախենում էի տեսնել նրա դիվային ժպիտը, մեռյալ գունատ դեմքն ու արյունոտ բերանը: Հանկարծ զգացի սառնություն: Փշաքաղվելու չափ՝ ծանոթ էր ինձ այդ սառնությունը: Դա...Դա իմ սառնությունն էր ՆՐԱ հանդեպ: Նրա՞: Չեմ հավատում: ՆԱ այստե՞ղ է: Բացի՛ր աչքերդ, ՆԱ այստեղ է ...Դե՛ բացիր: Բացեցի:

- Բարև, սիրո՜ւնս, - ՆԱ նայում էր ուղիղ աչքերիս մեջ, թեթև ժպտալով՝ բռնեց դեմքս ու ուզում էր համբուրել ինձ, բայց չստացվեց. Շրթունքներս անցան ՆՐԱ շրթունքների միջով: Թափանցիկ էր դարձել, բայց ինչպե՜ս էի զգում Նրա ներակյությունը: Նա մի պահ գլուխը իջեցրեց, հետո թեթև տխրություն նկատեցի նրա բաց պուտավոր դեմքին, դեղնակարմիր մազերի հողը թափվեց ազդրերիս վրա, բայց...այդպե՜ս էլ չզգացի այն: Ու ոչինչ չզգացի, բացի նրա ներկայությունից:

- Ափսո՜ս, - կարծես հասկանալով իրավիճակը՝ համակերպվեց: - Ափսոս, որ չեմ կարող զգալ քեզ, բայց գիտեմ ՝ դու ես զգում ինձ: Ու հիմա սերս էլ չես զգա, բայց սառնությունդ կզգաս ինձնից, որովհետև այն ժամանակ ագահաբար կլանել էի այն, ինչը կարող էր կապված լինել ՄԵԶ հետ:

Նա ժպտաց՝ հուսադրող, այնքա՜ն լուսավոր ժպիտով, որ մի պահ հավատացի, թե ողջ է:

- Սիրո՜ւնս, խոսիր հետս...Դե՜ խոսիր հետս...Խնդրո՜ւմ եմ...Չէ՜ չեմ ուզում գնալ, ուզում եմ խոսել հետդ:

Նրան ինչ որ բան ետ էր քաշում: Ամբողջ ընթացքում չկարողացա մի բառ արտաբերել... Ինչո՞ւ...Ինքս էլ չգիտեի: Բարձրացա ու փորձեցի հասնել նրան, իսկ Նա անդադար բղավում էր:

- Լսի՜ր, ուշադիր լսիր: Ես քո հույսն եմ, քո միակ ու հավատարիմ լույսը, քո ամենօրյա պաշտպանն ու հավիտենական մխիթարանքը: Ամեն անգամ, երբ հասկանաս, որ քո աշխարհում տեղդ չես գտնում՝ կանչիր ինձ: Կանչիր ինձ ու ես կգամ իմ աշխարհից՝ քո աշխարհ: Կգամ ու կշոյեմ ազդրերդ, դու կզգաս հաճույքի համն ու գլուխդ կհենես ուսիս: Կպատմես հավերժության մասին, իսկ ես կլսեմ...Շա՜տ, ագահաբա՜ր կլսեմ: Միայն թե ՝ կանչի՜ր ինձ...Կանչի՜ր ինձ ու կգամ անպայման:

Մի ակնթարթում հօդս ցնդեց ամեն բան: Ես կորցրի ՆՐԱՆ: Ու արթնացա վերջապես...

Հետագա գլխում մգեցված նախադասությունները, անվանումները ավելացումներ են գրքամոլների կողմից:

Երկրորդ գլուխ

«Մանչուկ» անունով պատերազմը... (bookmenia__)

Երբ արդեն արթնացա, պատուհանիցս սահում էր կարմիր մայրամուտը : Ուշադիր զննեցի շուրջբոլորս. Սպիտակ պատերը, դեղերի, սպիրտի և արյան խառնակություն: Շրջեցի գլուխս՝ կողքիս ինձ միացված կարդիոմոնիտորն էր ՝ իր սրտերակի ձայնով: Գլուխս բռնեցի՝ ականջներիս ցավից, գլխացավից: Տարօրինակ զգացում ինձ պատեց, կարծես խառնիխուռն իրադարձություններից, աղմուկից ՝ականջներս սովոր չլինեին այն լռությանը, որը տվյալ պահին պատել էր սենյակս՝ լափելով միջանցքի չնչին ոտնաձայններն ու բժշկուհիների, հիվանդների շշուկները: Ուզում էի բարձրանալ, բայց չստացվեց: Մարմինս անզգայացել ու չէր լսում նյարդային համակարգիս, ոտքերս թմրել էին՝ հուշելով , որ երկար եմ իրենց անշարժության մեջ պահել: Հանկարծակի մի զգացում պատեց, երբ հասկանացա, որ միայնակ չեմ կարողանալու վեր կենալ և օգնության կարիք կունենամ. Զգում էի, որ ինչ-որ մեկը կանգնած է դռան ետևում և ծանրութեթև է անում ՝ թակե՞լ դուռը, մտնե՞լ սենյակ...Թակեց վերջապես:

- Մտե՛ք, - ձայնիս տեմբրը մոռացել էի: Ու առհասարակ, ինձ հայելի էր հարկավոր՝ դեմքս հիշելու համար: Ահավո՜ր է. Նույնիսկ դեմքս չէի հիշում:

Հիվանդասենյակ մտավ երեսունին մոտ, կարմրահեր, բաց շագանակագույն աչքերով տղամարդ: Աստվա՜ծ է վկա՝ չեմ հիշում նրան:

- Ինչպե՞ս ես, - չափազանցված անհանգստությամբ էր խոսում: Կարծես նրա այցը՝ առաջադրանքի նման մի բան լիներ: Վատ էներգիա էի զգում:

- Մենք ծանո՞թ ենք, - տարօրինակ կերպով շնչառությունս ծանրացավ. Կարծես՝ ճնշեր իր ներկայությամբ:

- Ա՜խ, սիրունս: Չես պատկերացնի, թե քանի ամիս է ինչ ուշքի չէիր գալիս: Նորից քնել էիր: Բայց էնքա՜ն ուրախ եմ, որ վերջապես արթնացար, - դեմքին նշմարվեց երեսուներկու առողջ ատամնաշարը, բայց ժպիտը...շա՜տ սատանայական էր:

- Վերջապես հասար ինձ, տխմա՜րի մեկը, - կռահեցի, թե ով էր դիմակի տակ:

Կարմրահերն էլ հասկացավ, որ թաքնվելն անօգուտ է: Քմծիծաղեց, ու ձեռքը տանելով դեմքին պատռեց կաշին: Նրա իրական դեմքը կարմիր էր, սև աչքերով, գլխին մեծ կոտոշներն էր, իսկ էլֆանման ականջներից կախված էր երկու ոսկյա օղ:

- Երբեք չեմ թերագնահատել կարողություններդ, աղջիկսսս, -ծաղրական, օձի նման ֆշշացնելով՝ սկսեց իր խոսքը Կարմրահերը:

- Հավատա էս մարմնում ապրող իրական հոգիդ՝ ապրում է իմ մռայլ,, մութ աշխարհում: Ես քեզ չհասցրեցի կարոտել, որովհետև ամբողջ երկու ամիս ինձ հետ ես եղել: Ես քեզ ցույց եմ տվել կյանքի դաժան, վատ, չար, ճնշող կողմերը, բայց հետաքրքիրն այն է, որ միջանցքում, քո սենյակին մոտենալիս, զգացի որ իմ էներգիայից ոչինչ չի մնացել:

- Որովհետև ինքնամաքրվել եմ ՝ կոմայի ընթացքում, - հեգնեցի Կարմրահերին:

- Հա՜: Իրոք որ: Լավ բան չասեցիր ի դեպ:

Կարմրահերը քթի տակ մռմռացնելով Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի հայտնի «Դիմակահանդեսի» պարտիտուրան՝ զննելով հիվանդասենյակը: Կարծես ինչ- որ բան էր ուզում գտնել, որը թաքցրել էի: Բայց, բանն այն էր, որ թաքցրած ոչինչ չունեի՝ բացի ատելությունից, զզվանքից:

- Ասում ես ՝ ո՞ւր է կորել ներսիդ մթությունը, - լրջացավ:

- Այն երբեք էլ չի եղել:

- Սուտ ես խոսում, աչոնիկ: Ի դեպ, կոմայի ընթացքում էլ էիր շա՜տ-շա՜տ ստեր փչում, բայց բանի տեղ չէի դնում, ասում էի ՝ լավ , մեղավոր հոգի է, հետո ՝ երբ մեռնի, այդ ժամանակ էլ կպատժեմ ստերի համար: Բայց հիմա ՝ ստերդ ավելի են նյարդայնացնում ինձ:

- Ի՞նչ ես ուզում, որ պատմեմ:

- Իսկ ի՞նչ առաջարկներ ունես... , - դուրս ցցված այտոսկրերը վեր բարձրացան: Դեմքի ժպիտը՝ սազական չէր իրեն:

- Բացի հոգիս հանձնելու արարողակարգից ՝ ոչինչ այլևս չունեմ առաջարկելու:

- Դե՜, - փնչացրեց Կարմրահերը, - Այդքան շուտ մի հանձնվիր:

- Դու գիտես, որ նախկինում ես Բելլումն էի:

- Պատերազմի աստվածո՜ւհի, - հեգնանքով ավելացրեց: - Բա՜ ոնց եղավ, որ ինձ չկարողացար հաղթել:

- Ի՜նչ գիտես , որ չեմ հաղթել:

- Եթե հաղթեիր՝ հիմա էստեղ պառկած չէիր լինի ու էս կարդիոմոնիտորն էլ ինձ չէր հայտնի այն, ինչի մասին ավելի լավ գիտեմ:

Կարմրահերը մի պահ մտածեց, ապա ասաց.

- Պատմիր ինձ քո մեղքերի մասին:

- Ի՞նչ:

- Դու ունես ժամանակի մեջ տեղափոխվելու՝ կարողություն ասեմ, թե թերություն, դա արդեն ինքդ որոշիր ու է՛լ ավելի կստես, եթե պնդես, որ այդ ընթացքում մեղքեր չես գործել:

- Փոխարենը...

- ...Փոխարենը կստանաս ապրելու հնարավորություն, որովհետև իրականում քո հետևից էի եկել, բայց եթե ուզում ես ապրել՝ քեզ մնում է պատմել ...Ինչքան հնարավոր է շա՜տ պատմել:

Կարմրահերը չսպասեց պատասխանիս: Նա հարմար տեղավորվեց կողքիս, նույնիսկ մի ձեռքով գրկեց ինձ, մյուսով՝ օդից բռնեց սիգարն ու սկսեց ծխել:

- Սկսի՛ր, աղջիկս:

Ինձ մնում էր միայն հնարել...Հա՜ հնարել մեղքերս: Ցավոք, մեղքեր չէի գործել: 

                                                                               Առաջին ՍՈՒՏ

Պարտություն ՝ ինքս իմ հանդեպ (shogheer__- ի և bookmenia__-ի տարբերակով)

Մի անգամ, երբ ինչ որ մի ժամանակահատվածում սկսվեց պատերազմ՝ աչքերս սկսեցին արցունքոտվել: Հիշում եմ ՝ այդ ժամանակ նստած էի ոսկեգույն գահիս ու վայելում էի կարմիր ոսկեվազը: Երբ աչքերս արցունքոտվում էին ՝ հասկանում էի , որ ինչ որ տեղ պատերազմ է ու առանց երկմտելու շտապում էի այդտեղ:

Գնացի, տեսա, զգացի...Գիտես՝ ինչ զգացի: Մա՜հ: Ցավոք, պատերազմն ավարտվել էր: Մեծից-փոքր, բոլորը մեռած էին, կոտորված, մոռթված: Նախճիրը չէր հասել միայն այն արջուկին, որը պառկած էր պատանու կողքը. Ճիշտ է փոշոտված էր, կեղտոտ, ինչ-որ հատվածում նաև պոռթված էր, բայց արջուկը ողջ էր: Զգում էի նրա մանկական էներգիան: Ծնկեցի, չդիմացա ցավին:

- Դա՞ էր քո մեղքը, որ չհասցրեցիր փրկել նրանց, - հարցրեց Կարմրահերը՝ հիասթափված իմ պատմությունից:

- Չէ՜ այստեղ մեղքը իմ ալարկոտությունն էր, ծուլությունը, որովեհտև մի պահ հանգիստ էի տվել ինձ: Անջատել էի զգայարաններս ու քնել...Երկու ամիս քնել էի:

- Երևի հայրս էր կազմակերպել նախճիրը: Երկու ամիս կորել էր, գիտե՜ս, - Կարմրահերը սկսեց լկտիաբար ծիծաղել:

Չդիմացա: Վեր կացա, կանգնեցի Կարմրահերի դիմաց ու ասեցի:

- Դու սատանա ես ու անգամ մեղքերս խոստովանելիս ՝ բացի հեգնանքից ու զվարճանքից ոչինչ չես կարող զգալ: Իսկ գիտես ՝ ինչ եմ զգացել այն ժամանակ...

- Դե՜ ողբերգություն ժանրից դեր մի խաղա, աչոնիկ, - Կարմրահերը լրջացավ սկսեց սպառնանքի տոնով խոսել: - Եթե ուզենամ մի վայրկյանում էդ գոռացող լեզուդ, հիստերիադ քոքից կկտրեմ:

- Գնա շահամոլների , ստախոսների ու դիմակավորների լեզուները քոքից կտրիր:

- Չէ դրանք բանի պետք չեն, ինձ ՔՈ նմանի քոքն է պետք:

- Սխալվում ես ու գիտես՝ ինչի, որովհետև այսօր աշխարհի ուղեծիրը պտտվում է միայն մի բանի շուրջ, որի անունն է շահ։ Պատերազմներ, անվերջ պայթյուններ, արյուն, խեղված ճակատագրեր, խուլ մահեր...

ՈՒ այս ամենից շատը տուժում են բոլոր թույլերը, բոլոր նրանք, ովքեր չգիտեն թե ինչ է շահը, բոլոր նրանք, ովքեր չգիտեն դեռ թե ինչ է կյանքը, չգիտեն թե իրենք ինչում են մեղավոր, որ պետք է մնան անտեր, որբացած, սոված, վիրավոր և կոտրած թևերով...

Հազարավոր զույգ աչքեր, որոնք իրենց պարզության մեջ ջինջ ու զվարթ գույների փոխարեն տեսել են արդեն տառապանք ու մահ, զրկանք ու տանջանք, ցավ ու անորոշություն՝ հանում ուրիշների շահի, հանուն 《հզորների》 շահի։

Շա՜հ, շա՜հ ու էլի՛ շահ։ Ու գիտես ինչ, եթե բացեմ իրենց մանկության լուսանկարները՝ կհասկանամ, որ համեմատելու գրեթե ոչինչ չկա, քանի որ այդտեղ մանկություն էլ չի եղել՝ միայն պայքար՝ փխրո՜ւն, ճերմա՜կ: (Shogheer__) 

Հասկանո՜ւմ ես:

Կարմրահերը վառեց հաջորդ սիգարը ու ...ու սկսեց բարձր ծիծաղել, այնքա՜ն բարձր, որ պատերից ծիծաղի զրնգոցը հարվածում էր ականջներիս: Փակեցի ականջներս, աչքերս: Կարմրահերը ակնթարթորեն հայտնվեց դիմացս ու բացեց աչքերս, հետո ականջներս:

- Պետք չէ ինձ այսչա՜փ անարգել:

Նա նստեցրեց ինձ մահճակալին ու մեղմ շշնջաց:

- Հաջորդ մեղքդ...Պատմի՛ր: (մինչև հաջորդ ենթավերնագիրը bookmebia-յի միտքն է)

- Գիտես՝ անցյալում գործած վատ արարքներս չեն տանջում, այլ խղճի խայթը...Մանչո՜ւկը, - դուրս թռավ բերանիցս, սկսեցի լաց լինել: - Մանչուկը հետապնդում է ինձ: Ամենավատն այն է, որ Բրդոտը ևս պոկ չի գալիս ինձնից:

- Էդ Բրդոտի մեջ քրոջս անիծված հոգին է: Բրդոտը անիծված կենդանի է, բայց ինձ դուրս է գալիս նրա ցինիզմը:

- Գիտեի...Զգում էի...Է՛դ անեծքը...Զգում էի:

Կարմրահերը մոտեցավ պատուհանին, քաշեց վարագույրը և մութը անկթարթային խեղդեց հիվանդասենյակի լուսավորությունը;

- Խանգարում էր , - հեգնեց Կարմրահերը ու նստեց պատուհանագոգին:

- Ամեն ինչ կտայի, որպեսզի հասկանայի, թե ի՜նչ էր կատարվել էդ Մանչուկի հետ, ո՜ նց էր սպանվել, ո՜ւմ կողմից, ի՜նչ զենքով կամ միգուցե խեղդել էին:

- Դու չես իմանա դրա մասին, քանի ինքդ չես ցանկանա:

- Չէ, չեմ ուզում վերդառանալ այնտեղ: Մինչև հիմա աչքիս առջև է էդ նախճիրը...

- Ա՜խ, - ՛՛նախճիր՛՛ բառը կարծես հանգստացրեց Կարմրահերին, -պահանջում եմ մանրամասն նկարագիր, թե չէ հոգիդ իմն է լինելու:

- Այդ ժամանակ սարսափելի վիճակում էի, մարմինս թաղվել էր հողի մեջ, անզգայացել էի, մահվանը շատ մոտ էի: Երբ արթնացել էի, գիտեի՝ որտեղից սկսել նահանջի մասին երգելը, բայց նահանջը մարմանավորեց նախճիրը...Հա՜...Նախճիրը:

- Դու գոռացիր ՛՛Վճռորոշ պատերազմ, որը նախճիրի վերածվեց՛՛: Հիշում եմ:

- Մանչուկը վերածնվեց դրանից հետո: Կենդանի մեռյալի էր նման: Մոտեցավ ինձ ու նկատեցի, որ ձեռքումս ատրճանակ հայտնվեց: Մանչուկը չարքի էր նմանվել՝պիտի ոչնչացնեի իրեն: Կրակեցի: Չմեռավ, բայց Վերածնվեց Նրան:

- ՛՛Սիրելի՜ս, այդ ես եմ: Մի՛ կրակիր՛՛, - սկսեց ծիծաղել ու երկրորդ անգամ կրակեցի: Ամեն բան լռեց՝ նույնիսկ շնչառությունս: Կամաց- կամաց բոլոր մեռյալները կենդանացան, թե' մեծ, թե' փոքր, բոլորը մոտենում էին ինձ: Փակեցի աչքերս, սկսեցի աղոթել:

- ՛՛Մենք ներում ենք քեզ՛՛, - արտաբերեց Մանչուկը ու ընկավ գետնին: Նույնն արտաբերեցին նաև մնացած մեռյալները ու ընկան գետնին:

- Եթե ներել են քեզ, նշանակում է՝ դու էիր սպանել նրանց:

- Ես գիտակցում էի, որ ծուղակում եմ հայտնվել, որ այդ Բրդոտը ինչ֊որ կապ ուներ նախճիրի հետ:

- Ուղղակի խոստովանիր, որ դու ես արել, - իմիջիայլոց ասաց Կարմրահերը և իջավ պատուհանագոգից: Մոտեցավ ու երկու ձեռքերով բռնեց դեմքս՝ զգացի մեռյալ սառնությունը:

- Ոչ, ես չեմ սպանել:

- Իսկ հիշում ես, թե ու՞ր էիր այդ ժամանակ:

- Ոչ: Բայց հիշում եմ, էդ Բրդոտին:

- Հետևո՞ւմ էր:

- Այո:

- Պարզ է, - Կարմրահերը բաց թողեց դեմքս,խորը շունչ քաշեց, ճտտացրեց վիզը, մատները ու ավելացրեց, - նրանք քեզ չեն ներել:

- Ինչո՞ւ:

- Եթե ներեին, դու կոմայի մեջ չէիր ընկնի: Նրանք անդրաշխարհից անիծում են քեզ: Ես ամեն օր , մեծ հաճույքով լսում եմ այդ անեծքները:

Կարմրահերը սկսեց ծիծաղել:

- Նրանք հիմա էլ են քեզ անիծում...

Ինչ որ բան ճնշեց ինձ, սիրտս ցավեցնելու աստիճան՝ սեղմեց: Կարդիոմոնիտորից սիրտս բղավում էր: Հիվանդասենյակը վերածվեց մղձավանջի: Թաղվեցի: Բժիշկը չհասցրեց փրկել ինձ: Ընկա մղձավանջի թակարդը (Bookmenia__):

Երկրորդ Սուտ

(Օրինական Սպանություն)

(artyom sevoyan-ի և _._bookstagram_._-ի տարբերակով)

"Ես վախենում եմ". Սա էր առաջին գիտակցական միտքս, երբ ընկա մղձավանջի թակարդը:

- Կարմրահե՜ր, այստե՞ղ ես: Ոչ՛, այդտեղ չէր: Մութ էր, անգամ ձայնս էր խեղդվում մթության մեջ , հասկացա , որ խելագարվում եմ,կամ էլ ավելի վատ՝ մահանում կամաց-կամաց' մթության ուժից, անելանելությունից, չարից. Շուրջբոլորս չարություն էր՝ այնքա՜ն լավ էի դա զգում:(_._bookstagram_._)

- Է՜յ, Բելլի, - ծանոթ ձայն էր: Նրա ձայնն էր: Հազարնե՜րի միջից կտարբերեի Նրա ձայնը:

- Դե՜մի* , - բղավեցի Նրան, - սա քո տեղը չէ, դու այնքա՜ն մաքուր, անբիծ հոգի ունես, ա՜խր ինչ գործ ունես այստեղ: Մութը կկլանի քեզ: Գնա՛, լսո՞ւմ ես, գնա' այստեղից:

Պատասխան չլսեցի ու այլևս ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել. Միգուցե երազներս էին աչքիս առջև։ Զգացի, որ կրկին վախենում եմ, որ ծնկել եմ խավարին, հասկացա որ, վախն ամենավատ բաներից է կյանքում,այն կրծում է հոգիդ,ու քեզ ուժասպառ անում։ (_._Bookstagram_._)

- Բե՜լ , - կրկին Դեմիի ձայնն էր, - հիշո՞ւմ ես՝ ոնց ինձ սպանեցիր վիրահատական սեղանին: Լսվեց ծիծաղի ձայնը: Փակեցի ականջներս՝ բղավելով.

- Չէ՛, ես չեմ սպանել քեզ: Դու...Դու ինքդ մահացար, չդիմացար ճնշմանը: Կարմրահե՜րը...Նա սպանեց քեզ: Նա է սպանել քեզ։

- Լավ չէ, երբ մեղքդ ուրիշի վզովն ես փաթաթում, կեղտոտ ստախոսի մեկը:

- Չէ: Ես սիրում էի քեզ...Ու հիմա էլ եմ սիրում: Ամեն գնով փորձում էի փրկել քեզ:

- Կեղտո՜տ, - սպառնալից տոնով արտաբերեց Դեմին ու...Հայտնվեցի անցյալում:

Ճնշում: Ահռելի ծանր ճնշում, որը չէր թողնում կենտրոնանայի աշխատանքիս վրա: Վիրահատում էի Դեմիի...Սիրտը: Հիշում եմ՝ մտածում էի չձախողվելու մասին, վախենում էի, որ իմ սխալից Դեմին կարող էր և չզարթնել: Ամբողջ պրոֆեսիոնալիզմս լարել էի, անգամ ճանճի տզզոցը ՝ անթույլատրելի կլիներ:

Դեմիի կրծքավանդակը առջևս էր՝ իր ամբողջ էությամբ, սիրտը բաբախում էր՝ հանգիստ, կարծես ամենևին հիվանդ չլիներ: Երբեմն կորցնում էի ինքնատիրապետումս, երբ օգնականներիցս մեկը ուղղում էր դիմակը կամ փորձում էր բամբակը հասցնել՝ ճակատիցս սահող քրտինքին:

- Շեղում եք ինձ՝ փոխանակ օգնեք, - նրանք զգաստանում էին, բայց և հասկանում՝ տվյալ վիրահատության կարևորությունը:

Սրտաբանի մասնագետ դառնալիս՝ գիտեի, որ ամենակարևորը առողջ նյարդեր ունենալն է, բայց Դեմիի հարցում, բոլոր նյարդերս տեղի էին տվել:

- Միայն թե չսխալվեմ: Դու պիտի ապրես, - մտածեցի, երբ օգնականներիցս մեկը խախտեց լռությունը:

- Ը՜ըը...Բժի՜շկ , - ո՜վ համարձակվեց շեղել ինձ՝ չնայեցի նրան:

- Դուք սա պիտի տեսնեք , -արձագանքեց մյուս օգնականը:

Շարունակում էի չկտրվել գործից, բայց միաժամանակ մտածում էի, թե որ մեկին եմ աշխատանքից ազատելու. «Երևի էս երկրորդ շեղողին »:

- Էս որտեղի՜ց է հայտնվել, - Երրորդ շեղողն էլ հայտնվեց ՝ Աստված սուրբ երրորդություն է սիրում, վա՜տ չի:

- Դուք պատրաստվեք, որ փասափուսաներդ հավաքեք, - այնպես բղավեցի, որ ինձ թվաց՝ Դեմին ո՛ւր որ է կզարթնի:

- Բայց կատուն, բժիշկ...- վախեցած ասաց Երկրորդ օգնականը:

- Ի՜նչ կատու...Ցնդե՜լ եք, - դադարեցրի աշխատանքս՝ նայելով Երկրորդի վախեցած աչքերին:

Նա ցուցամատը տնկեց ետևումս կանգնած սև կատվի վրա: Շրջվեցի: Սև կատուն հանգիստ նստեց սառը գետնին ու սկսեց լվանալ թաթերը՝ երբեմն մլավելով:

- Չի կարող պատահել, ո՜վ է սրան էստեղ թողել, - մոտեցա դռանը, ուզում էի դուրս գալ ու պահակին մի երկու «լավ» բառ ասել, բայց վիրահատարի դուռը փակ էր:

- Դուռն ո՞վ է փակել, -շփոթված նայեցի երեք օգնականներիս դեմքին: Նրանք կարծես կախարդված լինեին, կարծես սև կատուն վերահսկեր իրենց:

- Լսո՞ւմ եք ինձ, - չէ՛ չէին լսում:

Բռունցքներով հարվածեցի դռանը, ետ հրեցի՝ անիմաստ էր: Կարդիոմոնիտորը ազդարարեց սրտի մահվան մասին:

- Չէ, պետք չէ շեղվել: Աշխատում ենք, չենք նայում կատվին, - թվում էր ՝ ինքս ինձ հետ էի խոսում: Օգնականներս տեղից չշարժվեցին:

- Սովորական կատու է, որը բախտի բերմամբ հայտնվել է այստեղ, - փորձում էի շեղել նրանց՝ չստացվեց:

Կատուն նստեց կողքս:

- Չկպնես ինձ, ես չեմ շեղվելու:

Նա սկսեց սպառնալից ֆսսացնել՝ նայելով ինձ:

- Հասկանո՜ւմ եմ, որ ուշադրության կարիք ունես, բայց հիմա դրա ժամանակը չէ: Խնդրո՜ւմ եմ մի խանգարիր, - աղերսանք կար ձայնիս մեջ: Կարդիոմոնիտորը դեռևս աղաղակում էր մահվան մոտեցող լուրը:

- Դու չես մեռնի: Չեմ թողնի:

Կատուն հասկանալով, որ իրեն ուշադրություն չեմ դարձնում՝ թռավ Դեմիի կրծաքավանդին, ու նայելով ինձ ՝ ավելի սպառնալից ֆսսացրեց:

- Փը՛շտ, - ճանկռեց ձեռքս:

- Տարե՛ք սրան այստեղից, շտա՛պ, - դիմեցի օգնականներիս՝ նայելով նրանց աչքերին: Նրանց աչքերի գույնը տարօրինակ կերպով փոխվեց՝ ակնագույները սևացել էին: Նրանք սկսեցին բարձր ծիծաղել: Կարդիոմոնիտորը ազդարարեց Դեմիի մահվան լուրը: Կատուն դադարեցրեց ֆսսացնելն ու դուրս թռավ նրա վրայից:

- Չէ, Դեմի, -սպիրտով մաքրեցի կատվի մազերը, փորձեցի ինչ –որ բան անել ետ բերելու համար: Ամեն բան անտեղի էր: Նա մահացավ:

Մի պահ վախեցա: Ետ գնալով հենվեցի պատին, սկսեցի լաց լինել: Կատուն մոտեցավ դռանը: Անտեսանելի ուժը՝ բացեց դուռն ու կատուն դուրս փախավ:

Որոշեցի գնալ կատվի ետևից, բայց նկատեցի որ օգնականներս ու Դեմին նայում են ինձ: Դուռը կողպվեց: Դեմին վեր կացավ: Մոտեցավ ինձ:

- Դու էլ ես մեռած, - այդ ամենը արտաբերելով՝ նա փլվեց քարե շենքի նման՝ երբ կցամասներն այլևս ի վիճակի չեն պահելու կառույցը: Դեմիանի ձայնը թույլ էր, մահացած՝ ինչպես ինքը:

Երրորդ Սուտ

Երբ մանկատան Մանչուկը վերածնվեց 

(ըստ՝ lusi.reads-ի տարբերակի)

Մարմինս, ենթագիտակցությունս տեղափոխվեցին մանկատուն: Մանկատան քաղցր հացի ու թեյի անուշահոտ բույրը պատել էր ամբողջ խաղասրահը: Միանգամից հայտնվեցի խաղասրահի կենտրոնում: Խաղացող մանչուկներն ուշադրություն չդարձրեցին: Մի կին սրահ մտավ: Նրա ետևից այն գանգրահետ, շեկ Մանչուկը, ով մոռթվել էր: Մանկատան աշխատակցուհին ներկայացրեց Մանչուկին:

- Ուշադրությունն այստեղ, խնդրում եմ:

Երեխաները հարմար տեղավորվեցին Մանչուկի դիմաց:

- Այսօրվանից մեր հետ է ապրելու..., - աշխատակցուհին մի պահ շփոթվեց, նայեց Մանչուկին, ապա շշնջաց - Ի՞նչ է անունդ :

Մանչուկը սառը հայացքով նայեց ինձ (կարծես թե միայն նա էր ինձ նկատել) ու հայացքը չհեռացնելով՝ շշնջաց.

- Օրեստ**: Ինձ ասում են՝ Օրեստ:

- Բայց դա ի՜նչ անուն է, - աշխատակցուհին պատասխան չստացավ: - Լա՛վ, թող այդպես լինի: Նա մաքրեց կոկրդը և շարունակեց.
- ... Օրեստը: Մենք դեռևս չգիտենք ՝ իրականում ի՜նչ է նրա անունը, բայց կարող եք դեռևս նրան այդպես դիմել:

Նա թեթև հրեց Օրեստին ՝ հասկացնելու, որ ծանոթանա երեխաների հետ: Օրեստը տեղից չշարժվեց: Աշխատակցուհին դուրս եկավ սենյակից և փոքրիկները օգտվելով առիթից շրջապատեցին նրան:

- Հեռու գնացեք ինձնից, - կոպտեց Օրեստը և բոլորին հրելով նստեց մի անկյունում:

Երեխաները շարունակեցին իրենց խաղը: Մոտեցա Օրեստին:

- Միայն դու ես ինձ տեսնում: Ես քեզ հիշում եմ , գիտե՞ս:

- Ի՞նչ ես ուզում ինձնից, - արտաբերեց Օրեստը ՝ գլուխը բռնելով:

- Ուզում եմ իմանալ՝ ինչպես ես կարողանում տեղափոխվել:

- Ես մեռած եմ: Ես չպիտի այստեղ հայտնվեի:

- Բոլորի մեջ փնտրում էի քեզ: Ու գտա: Ինքդ եկար ինձ մոտ:

- Դու ու Դելին իմ ծնողներն էիք, բայց Բրդոտը, Կարմրահերը ամեն ինչ խառնեցին իրար: Մենք ապրում էինք հսկա, գունավոր պալատում, որտեղ դուք տերերն էիք, իսկ ես ՝ժառանգը: Կարմրահերը անիծեց մեզ: Ու մենք հիմա թափառում ենք ժամանակի մեջ: Մենք երեքս էլ մեռած ենք:

Օրեստը դուրս եկավ սենյակից, իսկ ես հասկանալով ճշմարտությունը նստեցի գետնին: Փաստորեն, այն ինչ տեղի էր ունեցել մեզ ՝ իմ մեղավորությունն էր:

Ճշմարտություն

- Բելլո՛ւմ , - պալատ մտավ Դեմին՝ ամուսինս, - Սկսվե՛ց:

Այս ասելով ՝ Դեմին անօգնական գետնին փռվեց: Պալատականները փորձեցին բարձրացնել Դեմիի ծանր, մկանուտ մարմինը:

- Ի՞նչ է պատահել , Դեմի, - մոտեցա Դեմիին՝ շղթայելով մերկ ուսերը:

- Նրանք գալիս են, որ շրջափակեն պալատը:

- Հայրի՜կ, մայրի՜կ... - սենյակ մտավ Օրեստը, հրահանգեցի, որ թաքցնեն նրան:

- Մենք թույլ չենք, Դեմի, - ասացի, երբ Օրեստին դուրս տարան, -մենք պիտի պաշտպանենք Օրեստին, պալատը: Ինչի՞ ես այսպես թուլացել, - զարմանալի էր Դեմիի վարվելակերպը:

- Չեմ ուզում ձեզ կորցնել: Դուք իմ հարստությունն եք, - բռնեց ձեռքերս, սկսեց համբուրել, ապա ավելացրեց, - նրանք գրոհում են, որ սպանեն քեզ, մտածում են՝ վհուկ ես ու անդրաշխարհի հետ կապեր ունես:

Միայն ես գիտեի այդ ճշմարտության մասին, սակայն Դեմին չգիտեր, որ Կարմրահերի (սատանայի) հետ փոխադարձ համաձայնության էի եկել. Մահվանից հետո հոգիս իրեն կտամ, եթե մինչև մեր մահը իմ ընտանքին ոչինչ և ոչ ոք չսպառնա: Համաձայնվեցինք: Ստորագրեցի: Դարձա Բելլումը ՝ պատերազմի աստվածուհին, որ բոլորը վախենան ու չհամարձակվեն գրոհ իրականցնել; Իսկ հիմա ամեն բան հակառակն էր տեղի ունենում:

- Դեմի, ի՞նչ պատահեց քեզ, - բղավեցի, երբ Դեմին սկսեց արյուն փռթկալ:

- Գինին թունավորված է, չխմես, - դժվարությամբ արտաբերեց Դեմին ու մահացավ ձեռքերիս մեջ: Լսեցի աղաղակներ, ամբոխը ներքևում ինձ էր սպասում ՝ թրերով, միգուցե ՝ մանղալներով, չգիտեմ: Դռան ետևից տարօրինակ ձայն լսվեց, որը նաև շատ ծանոթ էր:

- Բելլի, գեղեցկուհի՜ս, կարելի՞ է մտնել, - Կարմրահերն էր: Սատանան, ինչպես վամպիրը՝ առանց հրավերի չէին կարող ներս մտնել:

- Մտի՛ր, -ամբողջ ուժերս նրա դեմ էի օգտագործելու: Թո՛ղ մտնի, որ կործանեմ:

- Դու չկատարեցիր խոստումդ, Բելլի: Դու պիտի հոգիդ ինձ տայիր, մինչդեռ շրջանցեցիր մահվանը:

- Ես չեմ մահացել, ինչպես տեսնում ես: Բայց դու սպանեցիր Դեմիին:

- Համարիր դա զոհաբերության նման մի բան, - Կարմրահերը ուղղեց սաղավարտը:

- Ի՜նչպես թե:

- Դու ես նրան սպանել: Դու որոշեցիր գուշակել ապագադ՝ տեսնելու մահվանդ օրը, ժամը, տեղը ու հասկանալով, որ այն չկա, ուղղակի չկա՝ որոշեցիր շրջանցել մահվանը, իբրև թե ՝ խաբեցիր ինձ, որ երկար ապրես: Դու ու ամուսինդ պիտի այսօր մեռնեիք՝ թունավորումից, կռահելով այդ՝ դու թափեցիր գինու ամբողջ պարունակությունը, բայց չգիտեիր, որ իմ դեմ խաղացողը՝ իր դեմ է խաղալու:

- Եվ դու սպանեցիր Դեմիին:

- Այո, այնպես ինչպես գինին կսպաներ իրեն:

- Ինչո՞ւ ինձ չսպանեցիր:

- Որովեհտև դու ցույց տվեցիր, որ դեռ ուզում ես ապրել և ասեմ ինչ ՝ դու իրոք ապրելու ես, բայց՝ այլկերպ:

- Ինչպե՞ս:

- Այսօրվանից դու ու զավակդ թափառելու եք ժամանակիւ մեջ ու մորթվելու եք ամեն տեղ: Մի տեղ կսպանվեք, մյուս տեղում՝ կվերածնվեք,-Կարմրահերը զվարճացավ: Ձեռքում հայտնվեց գինու շիշ և երկու մետաղյա թաս:

- Խմե՜նք, սիրելիս, նշենք վերածնունդդ:

Ամեն բան անէացավ: Այդպես էլ չկարողացա արթնանալ մղձավանջից, քանի որ այն վաղուց իրականության էր վերածվել:

ՎԵՐՋ

Ծանոթագրություն.


*Դեմի – փոխակերպված ՛՛Դեմիուս՛՛ անվանումից, որը անտիկ փիլիսոփայությունում տիեզերքի կողմից ընկալվող՝ ցանկացած զգայական իրի ստեղծողն է: 

**Օրեստ – անտիկ և հայ դիցաբանությունում ' անիծված ծնողների՝ անիծված երեխայի անուն է: 

1 страница5 октября 2021, 02:44