1 страница29 апреля 2026, 00:34

ՄԱՍ 1

-Ռու՜բ,ի՞նչ անեմ,-սկսեց Արամը,-Ալլայի հետ ամեն ինչ գնալով լրջանում ա,բայց Ադրինեն կարծես կոկորդիս կանգնած լինի։
   Ռուբոյի հետ նստած էինք 《Մալականի սադ》 կոչվող այգու մեր գարեջուր վայելելու մշտական քարին,որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Դավիթաշենի կամուրջը։Ժամանակին, երբ դեռ առաջին կուրս էինք, այս երկտեղանոց քարը մեր համար փոխարինում էր առանձնասենյակներով բարերին,որտեղ հրավիրում էինք մեր ընկերուհիներին,ակնհայտ սուտ պատճառաբանությամբ՝ 《մի հատ շատ սիրուն տեղ գիտեմ,1000 հատ սրճարան արժի, արի արևածաղիկ կամ ադի-բուդի առնենք ու գնանք》։ Իրականում միակ պատճառը այդտեղ գնալու 《ռոմանս》 երգող ֆինանսներն էին։Գրպաններումս այդ ժամանակ հազվադեպ էր կոպեկների գումարը անցնում հազարից։
    Արդեն 10 տարուց ավելի է անցել։Աշխատում ենք,ապահովված ենք,կարող ենք մեզ թույլ տալ ցանկացած փաբում 《գարեջրվել》,բայց մեկ-մեկ գալիս ենք լեգենդար քարի մոտ։Գալիս մի քանի ժամ նստում ենք,գարեջուր խմում մեր սիրած ապխտած պանրով ու զրուցում։Այսօրվա 《քար փարթի》-ի կազմակերպիչը Արամն էր։Եկանք,հիշեցինք, ծիծաղեցինք ու սկսեց դարդերը պատմել։ Քաղաքի այս գողտրիկ անկյունը ականատեսն էր մեր բոլոր վերելքների և վայրէջքների։ Նա տեսել էր մեզ թե՛ դասախոսի համար 《մաղարիչի》 փող հայթայթելիս,թե՛ դեռևս տանեցիներից թաքուն ծխելիս,թե՛ նոր, մեր հետ մեծ հույսեր կապող աղջիկների հետ համբուրվելիս ու նույնիսկ երեք շիշ գարեջրով հարբելիս։
    -Ժամանակին մտածեիր,-բարկացա ես,-մեռա քեզ բացատրելով,որ եթե լուրջ նպատակներ չունես,ուրեմն պետք չէ աղջկան երկու տարի զբաղացնել։
  -Հա՛,բայց ինքը գիտի,որ մեր մեջ ոչ մի լուրջ բան չի կարա լինի,- արդարացավ Արամը։
  -Իսկ որտեղի՞ց գիտի։Ո՞վ ա ասել,իսկ ես վստահ եմ,որ չգիտի,որտև խելամիտ աղջիկը երկու տարի ամեն տեղ քեզ հետ չի երևա՝ իմանալով,որ լքելու ես նրան։Քո նկարագրածը անբարոյական աղջկա կերպար ա, իսկ Ադրինեն էդպիսին չի, չնայած,որ հենց սկզբից բոլորի մոտ ասում էիր,որ քնում ես հետը ու առաջինը չես եղել,- ի սկզբանե համակրելով Ադային(այդպես էին նրան կոչում նեղ շրջապատում) և քննադատելով Արամի նման վերաբերմունքը՝ ասացի ես,-ու չասես,որ կեսից  չես փոշմանել,որ բերանբացություն ես արել ու
գլխիդ չես տվել,որ պատմածներիդ պատճառով չես կարողացել ազատություն տալ զգացմունքներիդ,որոնք օր օրի սաստկացել են Ադրինեի հանդեպ։ Բոլորին ստիպեցիր նրան ճանաչել որպես քո…լեզուս էլ չի պտտվում ասել ինչ, իսկ հիմա ուզում ես ազատվել նրանից, չնայած որ Ալլան ավելի թանգ չէ քո համար։
  -Քոռ դանակով մի մորթի…,-կում անելով գարեջրի շշից՝ շշնջաց Արամը,-հիմա ունենք էն, ինչ ունենք։Մեղքս գալիս ա առանց որևէ պատճառ բաժանվեմ։Շատ կտանջվի,իսկ բաժանման առիթ ինքը չի տալիս։Ալլայի հետ հանդիպման ժամանակ վախից հեռախոսս անջատած եմ պահում։
-Է հա,նենց ես սրտնեղում կարծես քո եփած ճաշը չի,-կրկին մեղադրեցի ես,-ուզածդ ասա։Ասեմ թե ոնց խեղճին երկրորդ խաբողը դառնա՞ս։ Տեղից գլուխ գովալուդ ու շրջապատիդ 80%-ին անկողնային կյանքդ պատմելով, արդեն խաչ ես քաշել Ադրինեյի ապագայի վրա։ Հայաստանում գիտես չէ՞ ,մարդ ալարում ա աղջիկ հավանի։
-Այսինքն…
-Այսինքն,որ հիշում ես ինչքան պետք ա սրան նրան տեսնես մինչև իրավասու լինես զգացմունքներդ արտահայտել,հավեսդ փախնում ա,-պարզաբանեցի ես,- թաղի 《լավ》-երին,կուրսի տղաներին,ախպեր, հորեղբոր տղա և այլն,և այլն։Իսկ Ադայի մասին եթե հետաքրքրվեն դժվար թե լավ բան լսեն։Իսկ ի՞նչ է արել։ Տրվել է մեկին, ում անմնացորդ նվիրվել ու սիրել է։
-Մեկին չէ,-ինքնագոհ ընդհատեց Արամը,-մինիմում երկուսին։
-Արա՛,բայց դու ինչ կենդանի ես,-չկարողանալով այլևս զսպել զայրույթս՝ բղավեցի ես,-պարտադի՞ր էր ամբողջ աշխարհին պատմել անկողնային կյանքդ։Սուս փուս անելիքդ անեիր,ժամանակդ անցկացնեիր վերջում էլ 《իրար չհասկացանք》 հիմնավոր պատճառաբանությամբ ընկերներիդ  կհայտնեիր բաժանման մասին։  Դրանից հետո էլ էդ խեղճ աղջկա բախտին քար չէիր գցի։
-Լավ, հիմա գլխիս քարոզ կարդալու փոխարեն,արի մի ելք գտնենք։Անպայման նենց բաժանում եմ ուզում,որ նա հնարավորինս հեշտ համակերպվի ու չտանջվի ու ինչը ամենակարևորն է չփորձի վրեժ լուծել։ Գրքերում ու կինոներում միշտ ասում են՝խաբված կնոջից վտանգավոր մեկ էլ չեչեն գրոհայիններն են։
  Իրականում վստահ էի,որ Արամը սիրում է Ադային ու եթե թքած ունենար կողքինների կարծիքների վրա, միանշանակ կյանքը կկապեր հենց նրա հետ։Նույնիսկ մի պահ քննարկում էր գեղեցկուհու հետ արտերկիր մեկնելու տարբերակը։ Մեր իրականության մեջ տղամարդկանց մեծամասնությունը չի փայլում քչախոսությամբ։ Սկզբում այնքան ամեն տեղ ավել պակաս խոսեց,որ այդ ամենից հետո Ադրինեի հետ ամուսնանալը մեղմ ասած անընդունելի կլիներ շրջապատի կողմից, իսկ ինչպես գիտենք Հայաստանում կողքինների կարծիքները սեփական երջանկությունից վեր է։ Մի կերպ ինքն իրեն համոզեց շուրջը նայել, և հենց այդ ժամանակ հայտնվեց Ալլան։Նրան հավանեցին  ծնողները,քույրը,մենք բոլորս,բայց ես ավելի խորն էի տեսնում։Ալլան Ադրինեին մոռանալու ու նրանից կտրվելու միջոց էր,որը աստիճանաբար վերածվել էր հիմնական կողակցի,բայց ոչ սիրած աղջկա։
  -Արա՛մ, գիտես,որ տանել չեմ կարողանում, երբ հեռվից ես գալիս։Ասելիքդ ասա։
  -Համարձակություն չեմ գտնում հետը խոսեմ։Էրեկ նույնիսկ խմեցի չափից շատ,բայց հենց հանդիպեցինք սթափվեցի ու…ու էլի հոյակապ օր անցկացրեցինք։Ախպերս, արդեն բոլոր սահմաններն անցնում եմ։ Կխոսե՞ս հետը,ես կանհետանամ մի որոշ ժամանակով։Կփոխեմ համարս…
  -Գժվելե՞ս,-համարյա բղավեցի ես,-ի՞նչ ասեմ,ասեմ երկու տարի խաբված ու օգտագործվա՞ծ ես եղել, հիմա թող երջանիկ ապրի՞ Ալլայի հետ։Չէ՛,դու լրիվ խփնված ես։
-Չէ՛, ուղակի ասա,որ երկուսիս համար էլ բաժանվելը ամենաճիշտ որոշումն ա։Քեզ միշտ էլ հարազատ ա համարել։Խոսի՛ր հետը, ախպե՛րս։Թեկուզ ասա,որ էդքան տղամարդկություն չունեմ հետը խոսեմ,թող հիասթափվի։
-Իբր սու՞տ ա։
-Հա՛, սու՛տ ա,ոչ թե չեմ կարողանում անկեղծ խոսել, այլ որ տեսնում եմ Ադային չեմ կարողանում բաժանվել։Ուզում եմ մնա մոտս…արա դե չես պատկերացնում ինչ կկատարվի հետը ,երբ ասեմ որ պետք ա բաժանվենք։
-Իսկ քո հե՞տ։
Արամը կրակայրիչի ծայրով բացեց գարեջրի հերթական շիշն ու մի կումով շշի կեսը դատարկելով՝ շշնջաց.
-Իմ հետ էլ…

9e6707d152fdbaa077063098112989f0.jpg

***

    Իրականում հասկանում էի,որ Արամը նույնպես ամեն ինչ հասկանում էր։Եկա տուն,պառկեցի, ականջակալներս դրեցի,Լեպսին միացրեցի,ծխախոտս վառեցի ու…ու դեռ չէի հասցրել վայելել հանգիստս, երբ 《Я счастливый как никто》-ն ընդհատվեց հեռախոսիս դռոցով։
-Ասա՛,-դժկամորեն խոսեցի ես։
-Ախպե՛րս,ես գնում եմ գյուղ,Ալլան էլ ծնողների հետ էժան Սևան,-լսվեց Արամի ձայնը։
-Արա՛,Քոբուլեթին չի էժան Սևան,Սևանն ա անմարդկային թանկ Քոբուլեթի։Ասելիքդ ասա՛։
-Մի բան արա մինչև գամ ախպոր պես։
-Արա՛,  լսի՛ ինչ եմ ասում…
-Ինձ բարի հանգիստ քեզ էլ անմնացորդ նվիրում ու ընկերասիրություն, ախպե՛րս,- չթողնելով բերանիս եկածն ասեմ՝ ընդհատեց նա ու անջատեց հեռախոսը։
Փորձեցի հետ զանգել,բայց լսվեց  կյանքից անտանելի հոգնած ու բոլորի կողմից ատելի կնոջ ձայնը,ով հայտնեց բաժանորդի անհասանելի լինելու մասին։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

1 страница29 апреля 2026, 00:34

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!